«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. անձամբ ես ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը». Արա Պապյան

30-03-2019
1972 դիտում
«Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. անձամբ ես ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ վերաձևակերպել է «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը: «Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է նա: Ի՞նչ է նշանակում նախարարի այս հայտարարությունը, արդյոք Հայաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը:

- Նախ ուզում եմ ասել, որ տարուց ավելի է, ինչ մեր զինվորական թևը պարբերաբար նշում էր, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում և պետք է տեղի ունենան մեր ռազմավարության մեջ: Այն է, որ չպետք է միայն պաշտպանական մարտերի պատրաստվենք, այլ նաև դա պետք է տեղափոխենք թշնամու տարածք: Եվ դա գալիս է 2016-ի դասերից: Դա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչո՛ւ է հիմա Ադրբեջանը սկսել իր պաշտպանական գծի ամբողջ երկայնքով շինարարական բուռն աշխատանքներ իրականացնել, ինչի պատճառով էլ քիչ է կրակում:

Սա էլ այդ հարցի պատասխանն է, երբ հարցնում են՝ ինչո՞ւ է քիչ կրակում: Որովհետև շինարարության մեջ է: Ինձ թվում է՝ այս հայտարարությամբ Դավիթ Տոնոյանն ամփոփեց վերջին տարիների խմորումները, որոնք տեղի էին ունենում բանակի ներսում, ապրիլյան պատերազմի երեք տարին է արդեն լրանում: Բայց այստեղ ես վերապահում ունեմ, պետք է համբերենք և տեսնենք՝ արդյոք իրենց տեսակետին հավատարիմ կմնա՞ն, թե՞ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի նման կվարվեն:

Հիշո՞ւմ եք՝ Վանեցյանն ասաց՝ ոչ մի թիզ հող, հետո անցավ մեկ շաբաթ, հայտարարեց, որ պետության դիրքորոշումը արտգործնախարարը և վարչապետն են ներկայացնում: Ես անձամբ ճիշտ եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը:

- Այսինքն՝ դա ճիշտ ժամանակին արված հայտարարությո՞ւն է:

- Անգամ մի քիչ ուշացած է, բայց լավ է ուշ, քան երբեք: Երբ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը՝ հանձին իրենց նախագահ Ալիևի, խոսում է «Էրիվանի ազատագրման» մասին, մեր լռությունը ադրբեջանցիների կողմից ընկալվում է որպես թուլության նշան: Այստեղ պետք է նաև ժողովուրդների հոգեբանությունը հաշվի առնել: Մենք նաև տեսնում ենք, որ այս հայտարարությանը քայլեր են հետևում կամ զուգահեռ քայլեր կան:

Այն զինատեսակները, որոնք գնվում են, այն զինվորական ռազմավարությունը, որը մշակվում է, նաև զորավարժությունները՝ դրանք իրենց մեջ ներառում են հարձակվողական գործողություններ: Տոնոյանի այս հայտարարության մեջ կարևորն այն էր, որ նա խոսում է նոր զորամիավորումների ստեղծման մասին՝ հենց հարձակվողական բնույթի գործողություններ կատարելու ունակ: Ինձ թվում է՝ այդ զորամիավորումները պետք է լինեն ավելի պրոֆեսիոնալ, դրանցում ավելի շատ պայմանագրային զինծառայողներ պետք է ներգրավվեն:

Այսպիսի մի խնդիր կա՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Եթե դու միայն պաշտպանվում ես, միշտ կորցնողի դիրքում ես, լավագույն դեպքում կարող ես չեզոքացնել իր հարձակումը: Բայց եթե դու ինչ-որ տեղ հակահարձակման դիմես, ապա դրանով կկլանես ու կշեղես հսկայական ռազմական ուժ մյուս ուղղությունների վրա: Կարծում եմ՝ ճիշտ է այս քաղաքականությունը:

- Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում, որևէ արդյունք պե՞տք է ակնկալել:

- Ես անձամբ որևէ արդյունք չէի սպասում այս հանդիպումից: Չեմ էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կամ համանախագահները որևէ առաջընթաց էին սպասում: Սա երկու կողմերի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր: Առաջին նպատակային հանդիպումն էր, որովհետև նախորդ երեքը տարբեր հանդիպումների շրջանակներում իմիջիայլոց տեղի ունեցած շփումներ էին:

Դատելով այն հայտարարությունից, որը տարածվեց համանախագահների ու երկրի ղեկավարների անունից, որտեղ հանդիպումը դրական ու կառուցողական էր բնութագրված, բնական է, այդպես էլ պետք է գնահատվեր: Դիվանագիտությունն այն է, որ մշտապես շեշտը դրվում է լավի վրա: Ամեն դեպքում, պետք է այսպես գնահատել՝ այո՛, այդ հանդիպումը չէր կարող արդյունք տալ և չտվեց, բայց բացասական հետևանքի բացակայությունն էլ արդեն արդյունք է:

Այսինքն՝ կարող ենք ասել, որ սրանով կանխվում են բացասական զարգացումները: Այնպես որ, որպես առաջին ճանաչողական հանդիպում, ընդհանուր առմամբ լավ էր:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am