Կոնստանտին Օրբելյան. «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումը»

31-03-2019
15337 դիտում
Կոնստանտին Օրբելյան. «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումը»

Գուցե Նազենի Ղարիբյանն իսկապես սխալվել է՝ գուցե պետք էր ցրել ամբողջ թատրոնը: Ինչպե՞ս կարող է ինքնապահպանման բնազդը սպառնալ պետությանը: Ինչո՞ւ այդ բնազդը պետությանը չէր սպառնում այն ժամանակ, երբ թատրոնից հեռացվում էր Տիգրան Լևոնյանը կամ Օհան Դուրյանը: Ես չեմ վիճարկում վերջին երկուսին թատրոնից հեռացնելու ճիշտն ու սխալը: Երկուսն էլ խիստ գրական հայերենի ներկայացուցիչներ էին: Ուղղակի դուրս շպրտվեցին:

Կոնստանտին Օրբելյանին ոչ ոք չի հեռացնում թատրոնից, ընդհակառակը, ասում են՝ ստեղծագործիր, եղբայր, դու քո տաղանդի տերն եղիր, տաղանդովդ «բարձրացրու հայ ազգը», ինչպես ասում էր Արամ Սաթյանը:

Ես երբեք չեմ հասկացել՝ տաղանդավոր արվեստագետն ի՞նչ գործ ունի վարչարարության հետ: Առավելևս չեմ հասկանում՝ ինչպե՞ս է տաղանդավոր մարդը սեփական ականջներով կարողանում լսել մեծարանքը: Ինչպե՞ս է նա կարողանում գալ, նստել, ժպտալ, ծափահարել, համաձայնել այն ամենայն լավի հետ, որ ասում են իր մասին: Այստեղ խնդիր կա:

Տաղանդավոր մարդը գետինը կմտներ:

Որովհետև դու հո քեզ գիտե՞ս, դու գիտես, որ քո արժանիքները իրականում վերծանելի չեն: Ինչպե՞ս կարող է տաղանդավոր մարդը թաքնվել կոլեկտիվի հետևում: Ես չեմ ասում կոլեկտիվն իրավունք չունի այն ամենի, ինչն անում է: Բայց Կոնստանտին Օրբելյանը պետք է կանխեր ամենը, ինչ տեղի էր ունենում օպերայի թատրոնի դահլիճում:

Իշխանությունը չի՞ ընդունում քեզ, եղբայր, թքի՛ր ու հեռացի՛ր: Քո իրավացիությունը անապատում անգամ ծաղիկներ կաճեցնի:

 Իշխանության հետ կռիվ մի տուր ոչ թե այն պատճառով, որ ինքը ճիշտ է, այլ որ քո տաղանդը միշտ իշխանության ճշտից անդին է: Հեռանալ չի նշանակում հանձնվել: Հեռանալ՝ նշանակում է տաղանդդ հավաքել բուռդ և ծառայեցնել արվեստին, որպեսզի որևէ վարչական պատասխանատվություն «помеха» չդառնա արվեստի համար:

Օպերայի թատրոնում տեղի ունեցածը նախ վիրավորական էր հենց այնտեղ ելույթ ունեցողների համար: Որովհետև ինքնապաշտպանությունը պակաս ստեղծագործական չէ այնտեղ, որտեղ հարձակումը հենց տաղանդի վրա է: Չկար նման ինքնապաշտպանություն:

Փոխարենը մեծ բանաստեղծի թոռը առաջարկում է կոլեկտիվին դիմել գործադուլի՝ «մինչև էս սխալը չուղղվի»:

Գյումրեցի մի արվեստագետ Օրբելյանին օպերայի թատրոն բերելը համարեց «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումը»: Այսօր կա՞ մեկը, որը դա վիճարկում է: Ո՛չ:

Բայց հավանաբար նույնիսկ կոլեկտիվում շատերը չեն փորձի վիճարկել, որ թատրոնի տնօրենը չի կարող լինել նաև գլխավոր դիրիժոր: Իսկ թատրոնը գլխավոր դիրիժոր չունի:

Մի անգամ Օրբելյանը բառացիորեն ասաց. «Երբ թատրոնի տնօրենը և գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, թատրոնին դիրիժոր պետք չէ, իսկ երբ մեր դիրիժորներն աշխատում են նվագախմբի հետ, նրանք բոլորը գլխավոր են»:

Հետաքրքիր մտածողություն է, խոսք չկա, բայց այդ դեպքում ինչո՞ւ բոլորը չդառնան տնօրեն և գեղարվեստական ղեկավար:

Արվեստասեր մարդիկ են մաեստրոյին պաշտպանողները, բայց բոլորիս աչքիս առաջ ծավալվող ողբը կեղծված է. նրանք ասում են՝ չենք թողնի, որ մաեստրոն հեռանա: Բայց մաեստրոյին հեռացնող չկա, պետությունը օպերայի կառավարման այլ պատկերացում ունի, ինքը չի ուզում առաջնորդվել «ՀՀԿ-ի ամենաճիշտ որոշումով», վարչարարությունը իշխանություն է փողի վրա, այս իշխանությունը գիտեր, թե ինչպե՛ս է իրականացվել էդ վարչարարությունը ՀՀԿ-ի օրոք:

Ինքն ուզում է Օրբելյանի հեղինակությունը փրկել, սևով սպիտակի վրա ասում է՝ բարեգո՞րծ ես եղել օպերայի համար, քեզ պահիր քո փողերը, ես պետություն եմ և գիտեմ, թե ինչպես կղեկավարեմ մեր օպերայի ազգային թատրոնը:

Պետությունն ասում է՝ մինչև հիմա համատեղե՞լ եք էդ պաշտոնները, էլ այդպես չի լինելու, արվեստագետին պետք է փրկել փողը տնօրինելուց, ի՞նչ կապ ունի, ասենք, նրա ռուսախոսությունը:

Ի վերջո, գրողը տանի՝ էդ ինչքա՞ն ծափահարեցին արվեստասերները մի միջավայրում, որտեղ ոչ տեքստ կար, ոչ էլ նոտա:

Մհեր Արշակյան

MediaLab.am