Հայաստանին անհրաժեշտ են լինելու դիվանագիտական նոր ձևակերպումներ

03-04-2019
275 դիտում
Հայաստանին անհրաժեշտ են լինելու դիվանագիտական նոր ձևակերպումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև բանակցությունները որոշակի հստակություն մտցրեցին բանակցային գործընթացում սկսվող նոր շրջափուլում։ Դրա հետ մեկտեղ, սակայն, անորոշ մնացին մի շարք հարցեր՝ կապված, մասնավորապես, 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2016թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգումտեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք էին բերվել հրադադարի ռեժիմն ամրապնդելուն ուղղված մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություններ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացմանը։

Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, անմիջապես ապրիլյան պատերազմից հետո՝ լարվածության հետագա սրումները կանխելու նպատակով։ Ու թեև այդ պայմանավորվածություններից հետո ԵԱՀԿ ՄԽ բոլոր հայտարարություններում այդ պայմանավորվածությունները հիշատակվում էին, ու կարևորվում էր դրանք կյանքի կոչելը, այնուամենայնիվ, Ադրբեջանը չէր կատարում իր ստանձնած պարտավորությունները, իսկ հրադադարի ռեժիմի խախտումները պարբերաբար շարունակվում էին։

Այսպես, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ներկայացրած վիճակագրության, ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի հունիս-դեկտեմբեր ամիսներին, Արցախի Պաշտպանության բանակում գրանցվել է 8 մարտական զոհ, 2017-ի ընթացքում՝ 23 մարտական զոհ, 2018-ին՝ 7 մարտական զոհ։ Ընդ որում, 2018-ի վերջին եռամսյակում մարտական զոհեր ընդհանրապես չեն գրանցվել։

Այս վիճակագրությունը, ըստ այդմ, ցույց է տալիս, որ հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստելու իմաստով վերոնշյալ պայմանավորվածություններն արդյունավետ չեն եղել և փաստացի չեն զսպել Ադրբեջանին։

Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների փոխարեն, մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հղում են արել անցած տարվա սեպտեմբերին Դուշանբեում կայացած հանդիպմանը, որի ընթացքում կողմերը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Ուշագրավ է, որ հենց այդ պայմանավորվածությունից հետո՝ 2018-ի վերջին եռամսյակում և, ընդհուպ մինչև այժմ, Արցախի ՊԲ-ում չեն գրանցվել մարտական զոհեր, ինչից կարելի է եզրակացնել, որ հրադադարի պահպանման առումով Դուշանբեի պայմանավորվածությունները առավել արդյունավետ են եղել, քան նախկին՝ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Չնայած այս հանգամանքին, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները ապրիլյան պատերազմից հետո համարվում էին հայկական կողմի դիվանագիտական ձեռքբերում, քանի որ դրանցով Ադրբեջանը պարտավորվել էր հրադադարի վերահսկման մեխանիզմներ ներդնել, ինչը պետք է զսպեր Բաքվին հետագա սադրանքներից։ Ավելին, օգտագործելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և Ադրբեջանի կողմից դրանք փաստացի մերժելու փաստը՝ Հայաստանն ուժեղացնում էր իր դիրքերը բանակցային գործընթացում և բանակցությունների տրամաբանությունը պահում այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության շրջանակում։

Այլ կերպ ասած, բանակցային գործընթացում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մի կողմից Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները օգտագործվում էին որպես դիվանագիտական դիվիդենտ, մյուս կողմից՝ պայմանավորվածությունների չկատարման հետևանքով գրանցվում էին մարտական զոհեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ի հանդիպումից հետո տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում չկա որևէ խոսք Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, փոխարենը հիշատակվում է Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա բանակցային փուլում, ըստ այդմ, այս առումով ստեղծված է բոլորովին նոր իրավիճակ, երբ Հայաստանը, կարծես, կորցրել է նախկինում ձեռք բերված դիվիդենտները, բայց կարողացել է ընդհանուր հայտարարի գալ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ։ Թե ինչքա՞ն երկար կտևի այս իրավիճակը՝ դժվար է ասել՝ հաշվի առնելով արկածախնդրությունների դիմելու Ադրբեջանի նախկին փորձերը։ Անհրաժեշտ է, սակայն, նկատի ունենալ, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների դեպքում Հայաստանին անհրաժեշտ է լինելու նոր դիվանագիտական ձևակերպումների հասնել, որոնցով կարձանագրվի Ադրբեջանի ագրեսիան, և կսահմանվեն զսպիչ գործողություններ։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»