Կուսանաց կույսը և սրբին դուռը

03-04-2019
Կուսանաց կույսը և սրբին դուռը

Օրեր առաջ Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկել էր անվանափոխել մի քանի փողոցների և պողոտաների անվանումներ ու ավելացնել սուրբ մասնիկը: Առաջին ընթերցման հոգեվերլուծական դատողությունները թույլ տվեցին ենթադրել, որ տիկինն ընդամենն ապրիլմեկյան կատակ է արել: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է:

Դերերը հստակեցնելու համար ասեմ, որ ինձ համար Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին ինքնություն կերտող կերպարներ են: Նրանք ընկած են քաղաքացու՝ իմ պատկերացման հիմքերում: Եվ երբ ասում ենք հայկական պետականություն, ապա ասոցիատիվ հիշողության մեջ նրանք են նշմարվում մեր կամքից անկախ: Արդ, խնդիրը ոչ թե անձերի, այլ տիկնոջ հուզացունց առաջարկության մեջ է:

Հասկացեք, «սուրբ» բառը ևս կապ չունի, չնայած համոզված եմ, որ առաջարկի հեղինակը, եթե անգամ առանձնանա Մանյա Այր քարայրում, տարիներ շարունակ զբաղվի բուսակերությամբ, նրան այցելի Լուսավորչի տեսիլքը և պատմի Սենկևիչի վեպի բոլոր հերոսների մասին, ապա նորեն չի կարողանա համընդհանուր ընկալելի սահմանել սուրբ եզրույթը, ավելին՝ իր հնչեցրած զգայացունց պատասխանի բազմաթիվ հղացքներ նա նույնպես չի կարողանա մեկնել, եթե նույնիսկ նրան ինչ-որ հրաշքով օգնի Օգոստոս Երանելին:

Այո՛, նորանկախ պետության կենսագործունեության համար խստիվ անհրաժեշտ է, որ մենք ունենանք սրբերով սկսվող փողոցներ: Դա կարտացոլի մեր մշակույթը, պատմությունը, զարկ կտա տուրիզմին: Սիրելի ընթերցող, մինչ ինձ կմեղադրես պրիմիտիվության մեջ, ստիպված եմ հիասթափեցնել: Սույն եզրահանգումներն իմը չեն, այլ՝ նախաձեռնության հեղինակինը:

Երբ ես խոսում եմ լուրջ ընդդիմության մասին, ի հառաջս յուր, նկատի ունեմ նաև նման մառազմները: Ի՞նչ է ստացվում: Քաղաքային իշխանությունն աշխատում է հրաշալի: Ընդդիմությունն այլ օրակարգ, առաջարկ, քննադատություն չունի, քան փողոցների անուններին սուրբ ածականն ավելացնելը: Եթե այդպես է, ապա ես ունեմ մի շարք առաջարկներ: Ընդդիմությունը, ի դեմս քննարկվող անդամի, կարող է առաջարկել, որ՝

Քաղաքապետարանը կոչվի՝ հավաք ծերունական և կուսանաց անապատ.

Օպերայի թատրոնը՝ գեհենի արգասիքներ (քրիստոնեության վաղ փուլում թատրոնն արգելվեց).

Էջմիածնի մայրուղին՝ Փառքի ճանապարհ.

Տուրուբերան նահանգը՝ Մեղքի ճահիճ.

Գազարի մարգերը՝ կուսանաց ոստան:

Շարունակելի…

Ու ընդհանրապես, հաշվի առնելով տիկնոջ տրամաբանությունն առ այն, որ մենք քրիստոնյա ազգ ենք, պետք է արգելվի էլեկտրականություն օգտագործելը: Այո՛, ընկերնե՛ր, դուք ճիշտ հասկացաք: Հարկ է արգելել էլեկտրականությունը: Չէ որ գրված է. Աստված լույսը բաժանեց խավարից: Խավարին մենք պետք է հոգնություն թոթափենք: Ո՞ւմ տեղն ենք դնում մեզ, երբ լույս ենք միացնում խավարի ժամին:

Ի գիտություն

Հայերը 10 միլիոն են: Այդպես է ասում պաշտոնական թիվը: Ոչ բոլոր հայերն են քրիստոնյա: Կան աթեիստ, հեթանոս, մուսուլման և այլ՝ որևէ ուղղության չհետևող հայեր: Ուստի դատողություն անել ու խոսել հայերի անունից առնվազն անգիտության գրավական է: Որակումներ տալը՝ անհանդուրժողականության ցուցիչ:

Հ. Գ. Ժամանակին Պետրոս 1-ինը հրաման էր արձակել, համաձայն որի բոյարներին արգելվում էր թղթից կարդալ, որպեսզի ակնհայտ դառնա նրանց անգիտության աստիճանը:

Հ. Գ. 2 Ընդդիմությո՛ւն, օրակարգ բեր դաշտ: Խնդիրներ բարձրաձայնիր: Թող որ մենք ապրենք կենսունակ երկրում, իսկ փողոցների ածականները սկսվեն ոչ միայն սուրբ, այլ նաև՝ եռամեծար սուրբ ածականներով:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am