Իննսունականների մայրերը

07-04-2019
1652 դիտում
Իննսունականների մայրերը

Տոները միշտ էլ պայմանական են, բացի մի քանիսից։ Մայրերի օրն էլ այդ պայմանական տոներից մեկն է։

Պայմանական են շատ նաև շքանշանները, մեդալները, բացի մի քանիսից։

Բայց այս պայմանականությունների մեջ, չգիտեմ ինչու, դեռ շատ վաղուց որոշել էի, որ մի օր, երբ իշխանության կլինեն մարդիկ, որոնց ճանաչում եմ, և ովքեր ճանաչում են ինձ, պիտի հուշեմ, որ մայրերի մի խումբ ունենք, որոնց հատուկ կարգով պետությունը պետք է շնորհակալ լինի, պարգևատրի՝ դրամական նաև, հայտնի իր երախտագիտությունը, փառաբանի նրանց քաջությունն ու ուժը։

92, 93, 94, նաև 95 թվականներին, երբ կյանքն անտանելի էր կենցաղի առումով, ես ու սերնդակիցներս առանձնապես կենցաղի հոգս չունեինք։ Մի քիչ տաք ջուր, մի կտոր ուտելու բան, մի տաքացվող խոհանոց ու մենք՝ ինչ, տնից դուրս էինք գալիս առավոտյան, մի մեծ պայուսակով, գնում քաղաքում կորչում ու վերադառնում ուշ, երբ կյանքը մի քանի ժամից կավարտվեր տներում, վառարանի մոտ տնեցիների հետ մի քիչ շփում, մոմի տակ մի քանի մանր-մունր գործ, մի քանի էջ գիրք ու սուզվում մեր սառը անկողինների մեջ՝ մեկական տաք ջրով շիշ գլորելով սառած սավանի երկայնքով վար ու վեր։

Երբ լսում էի նրանց, ովքեր այդ տարիներին երեխա էին ունեցել, կամ երեխան մեկ-երկու տարեկան էր, ինձ թվում էր՝ այդ կանայք Մարտական խաչի արժանի են, հաստատ։

Երբ 97-ին ինքս ունեցա երեխա ու արդեն անհամեմատ բարվոք պայմաններում նորածին էի մեծացնում, հիշում էի հաճախ, ոնց էին խմբագրություններում կանայք պատմում, թե երեխան սառում էր, երեխան կեր չուներ, երեխան հիվանդ է՝ հիվանդանոցում լույսն անջատվեց, դեղ չկար։

Հիմա ինչ ձանձրալի մանրամասներով էլ պատմեմ, թե ինչ է ներառում իր մեջ նորածին պահելը, եթե մանավանդ դա անում ես գրագետ ու շատ հետևողական՝ հիգիենայի, ճիշտ կերակրման, անհրաժեշտ մաքուր օդի, անհրաժեշտ հետազոտությունների առումով, քառորդ չափով անգամ հնարավոր չէ պատկերացնել, թե ոնց էին կանայք այդ տարիներին նորածին մեծացնում։

Իմ ավագ գործընկերներից մեկը պատմում էր, որ ինքն ու մայրը երեխայի տակաշորերը փոխելու համար բարուրը բացելիս երկուսով ինտենսիվ փչում էին նորածնի մարմնի վրա, որ մարմինն այդ ընթացքում չսառչի։

Ճապոնական «Ֆուջիկա» մակնիշի նավթավառներ 92-ին դեռ չկային, 92-ին, առհասարակ մարդիկ պատրաստ չէին։ Հետո էլ՝ բոլորը չունեին նավթավառ կամ վառարան, շատերն ապրեցին բաց պարույրով էլեկտրական հին սալիկներով։

Գործընկերուհիս տարիներ հետո էր պատմում, երբ արդեն ամեն ինչ կարգին էր համեմատաբար, բայց ինքը հուզվում էր պատմելիս։ Մեծ տագնապ կար, որ չես կարող ապրեցնել երեխայիդ։ Երբ իննսունյոթին արդեն ախտահանելու համար եռացնում էինք սպասքը, սպիտակեղենը լվանում առանձին մանկական լվացքի մեքենայում, ջուրը եռացնում ու գոլացնում, որ անհասկանալի մաքրության ջրով խառնուրդ չանենք նորածնին լողացնելիս, մաքուր օդը վաղ առավոտյան ու երեկոյան պարտադիր քաղաքի ոչ բանուկ մասերում, որ օդը աղտոտված չլինի, այդ Մարտական խաչի գաղափարը գնալով ամրապնդվում էր իմ մեջ՝ բացարձակ առանց չափազանցության ու սենտիմենտի։

Սառը տներում, չջեռուցվող սենյակում, առանց վառարանի կամ վառարանով, որը ծխով լցնում էր տունը ու երեխան, այդ ահավոր զգայուն նորածինը, որի վրա դողալ է պետք բոլոր առումներով՝ ծուխ է շնչում, կաթը չի բավականացնում, որովհետև մայրը թերսնված է, այլ կերեր դեռ չկային՝ ֆրանսիական, գերմանական, վառ պիտակներով ու նկարներով, գյուղից կաթ բերողներից կաթ էր պետք գնել, ջուրը օրերով կարող էր չլինել՝ ջուր էր պետք քարշ տալով բարձրացնել բազմահարկ շենքերի վերջին հարկերը, բնականաբար՝ առանց վերելակի, որովհետև լույս չկար, ու վերելակները միայն մի ժամ էին աշխատում օրվա մեջ ու հիմնականում նրա համար, որ մարդիկ մնային մեջը ու ձեռքով, ոտքով դռներին խփելով կանչեին բնակիչներին, բնակիչները՝ վերելակի մասնագետին, որ դուրս գան մի ժամով լույս տեսած վերելակից։

Այդ պայմաններում, երբ աշուն ու ձմեռ էր՝ տակաշորերը չէին չորանում, եթե մի կերպ հավաքած սառը կամ կես ժամում տաքացրած ջրով լվացվում էին։ Չորացնելը անհրաժեշտ էր՝ կիսաթաց բարուրել չէր լինի։ Հարևանները հասնում էին, բայց դա չավարտվող՝ քսանչորսժամյա անընդհատ աշխատանք էր՝ լարված ու տագնապով լիքը։ Իսկ եթե երեխան հիվանդանում էր չտեսնված պայմաններից՝ դա արդեն դաժանություն էր կրկնակի ու եռակի։

Չջեռուցվող հիվանդանոցներ, դեղորայքի բացակայություն, տրանսպորտի բացակայություն, գումար շատ դժվար էր վաստակել, եթե բիզնեսմեն չէիր դարձել։ Մայրերն անում էին։ Նրանցից ոմանք նորածին պահելու հետ թխվածք էլ էին թխում ու վաճառքի ուղարկում, որ ապրեցնելու փողն էլ գա։

Իննսունականներին երեխա մեծացրած մայրերը անպայման պիտի ինչ-որ ձևով հիշատակվեն, պարգևատրվեն, անպայման։ Դա պատերազմին մասնակցելու քաջությանը հավասար քաջություն էր։

Նրանք քսանչորսժամյա արտակարգ իրավիճակներում ու տագնապներով ապրելուց հետո, գիշերը, երբ լրիվ ուժասպառ մտնում էին իրենց սառած անկողինները՝ մեկ էլ նորածնի առաջին ճռռոցից վեր էին թռչում, ցուրտ ու մութ սենյակում գտնում փաթաթված թեյնիկի միջի արդեն գոլ ջուրը, վերմակախառն գրկում նորածնին, որ չսառչի, իսկ իրենք՝ հոգնած, սպառված, մրսելով քայլում էին մութ ու չջեռուցվող սենյակներում էլի տաք մի բան գտնում էին ասելու, էլի սիրում էին ու մարդ էին մեծացնում։

Այդ նորածիններից շատերը հիմա պետության պատասխանատու պաշտոններում են արդեն, ոմանք արտագաղթել են, ցավոք, այդպիսի մաքառման գլխավոր դերակատար լինելուց հետո, որոշներն էլի դժվար են ապրում, ոմանք՝ լավ։

Այսօրվա քսանհինգ, քսանվեց, քսանյոթ տարեկանները կան մայրերի այդ մասի շնորհիվ։ Իննսունականների մայրերը հատուկ կարգավիճակ ունենալու իրավունք ունեն։ Իրենց առանձնացնել ու իրենցից շնորհակալ լինելը ճիշտ կլիներ, կարծում եմ։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am