«Չեմ կարծում, որ տրանսգենդերի ելույթից մարդ է մահացել, ինչպես, օրինակ՝ մարտի 1-ի հատուկ նիստի ելույթների հետևանքով»․ Ստյոպա Սաֆարյան

09-04-2019
2501 դիտում
«Չեմ կարծում, որ տրանսգենդերի ելույթից մարդ է մահացել, ինչպես, օրինակ՝ մարտի 1-ի հատուկ նիստի ելույթների հետևանքով»․ Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

- Պարո՛ն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի բակում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և քահանայի մասնակցությամբ միջադեպը, երբ հոգևորականը հայտարարեց, որ Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն, պետք է դառնա քրիստոնեական Հայաստան, 4 տարով պետք է ազատազրկել նույնասեռականներին։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում տրանսգենդերների դեմ ուղղված բողոքի ակցիան, արդյոք դա ուղղորդված կամ հրահրվա՞ծ էր քաղաքական տարբեր շրջանակների կողմից, թե՞ ոչ։

- Եկեք հաշվի առնենք, որ ներկայիս իշխանության վարկանիշը և հանրային աջակցությունը շարունակում են չափազանց բարձր մնալ։ Որևէ ընդդիմախոսի, այդ թվում նաև՝ նախկին իշխանությունների կողմից թերևս փրկօղակ են դառնում պահպանողական բնույթի խնդիրները։ Մնացած հարցերում նրանք, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանին քննադատելու որևէ հիմք, որ հանրությանը կհամախմբի իրենց կողքը, չկա։ Այս առումով, թերևս, մասամբ այս ամենը քարոզչություն է ուղղակի, քաղաքական մանիպուլյացիա։ Ուղղակի ուզում են ներկայիս իշխանություններին առնվազն մեկ քննադատելու դրվագ գտնել։ Դա պահպանողական հասարակության հարցերն են՝ ինքնության, ոչ ավանդական սեռական, կրոնական փոքրամասնությունների հետ կապված։ Իսկ մնացած առումներով, իհարկե, հասարակության մեջ կա շերտ, որը բավականին պահպանողական աշխարհայացք ունի, և այդ մարդկանց, իհարկե, կարող է գրգռել նման մի բան, որը երբեք տեղի չէր ունեցել։

Ինչ վերաբերում է հնչած հայտարարություններին, դա նոնսենս է։ Քահանան չի որոշելու, թե Հայաստանն ինչպիսի պետություն է լինելու, ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանել է, թե ինչպիսի պետություն է մեր պետությունը։ Հայաստանն աշխարհիկ պետություն է, և Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ եկեղեցին տարանջատված է պետությունից։ Այս առումով ավելորդ ախորժակ հոգևոր դասից թող որևէ մեկը չփայփայի։ Ի դեպ, քանի որ նախկին իշխանություններն են բավականին թմբկահարում ազատության և իրավունքի խնդիրները, նաև խոսում սահմանափակումների մասին, ապա իրենք հենց այս պահին թող շրջվեն ու բացատրություն տան Ազգային ժողովի մոտ հավաքված այն մանիպուլյացիայի զոհ հատվածին, որոնք պահպանողական շերտի ներկայացուցիչներ են, որովհետև հենց իրենք են բոլորին արտոնել հավասար իրավունքներ, օրենքի առջև հավասարության, գաղափարներ տարածելու իրավունքով, հավաքների իրավունքով։ Հետևաբար, եթե անգամ իրենք գտնում են, որ մեկ տրանսգենդերի ելույթն Ազգային ժողովի ամբիոնից խնդիր է, ապա հենց իրենց օրոք են ընդունվել բոլոր հիմնարար փաստաթղթերը, կոնվենցիաները, որոնցով ՀՀ բոլոր քաղաքացիներին տրվել են հավասար իրավունքներ, և դա լավ է։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին, այստեղ միայն ցավել, զարմանալ, ապշել կարելի է, որովհետև այդ ամբիոնից այնքան ստախոսներ են խոսել, այնքան հանցագործներ են խոսել, այդ ամբիոնից շատ խոսողներ այսօր հետախուզման մեջ են՝ սկսած նախկին նախարարներից, վերջացրած մյուսներով։ Այնպես որ, թող դրա դարդը քաշեն։ Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ տրանսգենդերի ելույթից մարդ է մահացել, ինչպես, օրինակ՝ մարտի 1-ի հատուկ նիստի ելույթների հետևանքով։ Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանն է կրում իրավական պատասխանատվությունը, թող մարդիկ հրաշալի հիշեն, որ ամբիոններից իրենք մաս են կազմել այդ որոշումների ընդունման։ Այդ ամբիոնից այնքան հանցագործությունների մասին է բարձրաձայնվել, որ անպատասխան են մնացել։ Սա շատ ավելի զարհուրելի է, քան թեկուզև պահպանողական կարծրատիպերին ձեռնոց նետող տրանսգենդեր կնոջ ելույթը։

- Հասարակության ագրեսիվ արձագանքն այս խնդրին ցույց է տալիս, որ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չէ՞ այս թեմաներով քննարկում ծավալելու։

- Եկեք հասարակությանը չմեղադրենք, հասարակության հետ աշխատանք չի կատարվել, հասարակությունն ինքը պահպանողական, ավանդապահ հասարակություն է, խորհրդային շրջանից սկսած այդպիսի անձինք հետապնդվել, քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Մենք դեռևս ապրում ենք այդ հասարակության իներցիայի մեջ, և այդ հասարակությունը մեկ օրում չի բացվելու։ Ես, անկեղծ ասած, չասեմ ըմբռնումով, բայց քաղաքագիտական տեսանկյունից ինձ համար միանգամայն հասկանալի է այս ռեակցիան։

Հասարակությունը միշտ իմացել է, որ այդպիսի մարդիկ կան, իր համար ստատուս քվոն այն է եղել, որ այդ մարդիկ ուղղակի մարգինալացված, գետտոյացված ապրել են իրենց կյանքով։ Երբ այդ խավն իր ազատության մասին բարձրաձայնում է, և դրանով խախտվում է նախկին ստատուս քվոն, այս ռեակցիաները բնական են, դրանք բոլոր հասարակություններում եղել են։ Ես մեր հասարակությանը չեմ անվանելու հետադիմական, նախնադարյան, միջնադարյան։ Այո՛, մենք քաղաքական մշակույթի լայն առումով, ոչ միայն այս առիթով, հետ ենք։ Որ առաջ լինեինք, այսօր առաջադեմ երկրներից մեկը կլինեինք։ Բայց մեզ մոտ սկսած ամենատարրական մշակույթից հետ ենք, և բնական է, որ այս երևույթները լինելու են։

- Մենք տեսնում ենք, որ բռնության բազմաթիվ կոչեր են հնչում, և այս թեմայով աղմուկ բարձրացավ, բայց, օրինակ՝ նույն աղմուկ բարձրացնողներին չենք հիշում, որ նախորդ իշխանությունների ժամանակ խոսեին կոռուպցիայից, ընտրակաշառքներից, ճնշումներից։

- Հիմա բոլորի լեզուն բացվել է, շնորհավորում եմ իրենց ազատագրման կապակցությամբ՝ քահանայից սկսած։ Նրանք երբևիցե չէին պատկերացնի, որ ծպտուն կարող են հանել։ Նրանք կարգալույծ կարվեին, կհեռացվեին աշխատանքից, եթե այնպիսի բան անեին, որն իշխանության սրտով չէ։ Հիմա շնորհավորենք բոլոր այդ մարդկանց, շնորհավորենք Նիկոլ Փաշինյանին, որ նաև նրանց է ազատագրել ստրկությունից, հպատակությունից, անէությունից, անսկզբունքայնությունից։ Ազատագրում է տեղի ունեցել, հասարակությունը շնչում է։ Կարևոր է, որ այս ամենում բռնության տարրեր չլինեն, բռնության կոչեր չլինեն, բայց այս պրոցեսը պետք է գնար։ Այդ մարդիկ գոյություն են ունեցել, ուղղակի հիմա նրանք իրենց ինքնության մասին բարձրաձայնում են։

Մարդիկ բողոքում են, որ տրանսգենդերը խոսել է ԱԺ ամբիոնից, բայց մեր երկրի Սահմանադրությունը բոլորին է տալիս խոսելու, կարծիք արտահայտելու իրավունք՝ քահանայից մինչև տրանսգենդեր։ Հասարակությունը շնչում է, կուտակված խնդիրները շատ են, փոփոխությունները դեռ շատ ցավոտ են լինելու։ Դեռ շատ մարդիկ ենք տեսնելու փողոցում, որովհետև հին ստատուս քվոներ են փոխվում բոլոր դաշտերում՝ բիզնեսում, ընդհանուր քաղաքական կյանքում, հասարակական կյանքում։

Մանե Հարությունյան

MediaLab.am