Նիկոլ Փաշինյան. Չհղկված մուննաթը

10-04-2019
Նիկոլ Փաշինյան. Չհղկված մուննաթը

Վարչապետը մուննաթ եկավ ՀՀ քաղաքացու վրա: Դա արեց չափազանց կոպիտ և հընթացս: Մեծ հաշվով, գուցե տեղին էր: Մենք գիտենք, թե ովքեր են մաքսավորները: Բայց այդ տղան մի քանի րոպեում տեսախցիկների շնորհիվ հավասարեցվեց հողին: Այդ տղան որևէ կերպ չպարզաբանեց, թե դրոշն ի՛նչ գործ ուներ գետնին: Գուցե նույնիսկ տեղյակ չէր, որովհետև դրոշը փող չէ, որ մնա գետնին ընկած: Եվ գուցե նույնիսկ չի լսել, որ դրոշը պետությունն է, իսկ պետությունը չի կարող գետնին ընկած լինել: Քաղաքացին տնտեսության նման բան է՝ դեռ պետք է աճի:

Վարչապետը մեթոդի խնդիր ունի, նրա մուննաթի մեթոդը պիտի բացառի ողբերգությունը, նրա մուննաթի մեթոդը պիտի հաշվի նստի մարդու հայր լինելու կանխավարկածի հետ: Էդ մուննաթի զոհը տուն է գնալու, ու երեխաները բացատրություն չեն ունենալու, թե ինչո՛ւ իրենց հայրը խայտառակվեց ամբողջ երկրի առաջ, նույնիսկ եթե վարչապետը ճիշտ էր: Դա ի՞նչ շփում էր մարդու հետ, որն իր սենյակում մի կողմ նետված դրոշի վրա անգամ իշխանություն չունի: Չէ՞ր երևում նրա տեսքից: Վարչապետը պիտի իմանար, որ իր ներկայությամբ ավելի հեշտ է շփոթվել, քան ճիշտ լինել:

Ավելին, եթե նույնիսկ դու՝ վարչապետդ, ճիշտ ես, չի նշանակում, որ իրավացի ես: Դու ամենուր կարող ես գնալ, մատ թափ տալ ՀՀ քաղաքացիների վրա, որոնք գուցե դեռ անցյալի փնթի ձեռագիրը չեն թոթափել իրենց մեջ, կարող ես հոխորտալ, և երբեք չդադարես ճիշտ լինել, բայց էդ մարդիկ հայրեր են, մայրեր: Իհարկե, դու ճիշտ ես, իհարկե պետք է պատասխան տալ դրոշի համար, բայց մարդուն ոչնչացրու իր կանխավարկածներով, որոնց վրա ինքը թքած ունի: Քո զոհը թքած չուներ:

Դրոշի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է պետության հանդեպ, բայց ո՞վ ասաց, որ դա նախ Դավիթ Անանյանի վերաբերմունքը չէ դրոշի հանդեպ: Հեղափոխությունը դեռ իր արժեքները չի սփռել ամենքի վրա, նշանակում է ամենքին պետք է վերաբերվել խնամքով:

Եթե պետական դրոշը նետված է մի անկյունում, փորձեք հասկանալ՝ գուցե վերադա՞սն է էդ սենյակը հարմար գտել դրոշ պարտակելու համար: Ես գիտեմ, որ մաքսատներում հրեշտակներ չեն աշխատում, բայց խոսքի աննախադեպ ազատության պայմաններում չլսել, թե ինչ պարզաբանում ունի շարքային մաքսավորը մի անկյունում դրոշի նետված լինելու մասին… Գրողը տանի, ախր, խնդիրը նույնիսկ նրա բացատրությունը չէ, որ չի հնչել:

Նա դիմումը կգրի, կգնա, գուցե ավելի լավ տեղ աշխատանք գտնի: Գուցե, ընդհակառակը, ոչինչ էլ չգտնի: Բայց հոխորտալ մարդու վրա, որը նույնիսկ իր մեղքը չի գիտակցում, մի տեսակ ոնց որ պատերազմ հայտարարես սիրուն և հանդուրժողականությանը:

Տեսախցիկների առաջ ՀՀ վարչապետը ցույց տվեց մի անսասան պատնեշ իր և միայն իր ներկայությունից պապանձված ՀՀ քաղաքացու միջև: Էդ մարդը, որին բոլորը տեսան, դեռ ուշքի է գալու, հասկանալու է, որ ունի իրավունքներ և կարող է դատարանում վաղը վիճարկել ուղղակի Աշխատանքային օրենսգիրքը մի կողմ դրած վարչապետի հրամանը:

Քուչի տղո՞ւ է նման էդ մաքսավորը, բայց դու իր վարչապետն ես, ոչ թե բանտային վերահսկիչը: Պետք է գոնե էդ տղայից տարբերվես քո բարձրությամբ, որովհետև երբ տուն գնաս փոքրիկիդ գրկելու, պիտի հիշես, որ քիչ առաջ ինչ-որ մեկին անարժան դարձրեցիր նույնն անելու:

Նույնիսկ Հանրապետականն է արդարացել քո երկաթյա փաստարկների առաջ: Եվ հետո, մեծ հաշվով, դու ընտրում ես նրանց, որոնց առաջ մուննաթ գալու «իրավունք» ունես՝ նախարարներին, փոխնախարարներին, քո խմբակցության պատգամավորներին, նրանց ընտանիքները դառնում են քո հանդեպ երախտագիտության խոսափողները:

Այո՛, նրանք էլ պաշտպանված չեն, բայց նրանց վրա դրված պատասխանատվության մեջ մի տեղ խոր քնած է քո մուննաթի իրավունքը, որը կպոռթկա, հենց նրանք թերանան:

Էդ մուննաթի իրավունքը նաև էն հաճույքների և զբոսանքների գինն է, որոնք անձամբ ես «տվել» նրանց ձեռքը:

Եվ ամենակարևորը՝ սա այն Հայաստանը չէ, որտեղ նույնիսկ իր գործի մեջ թերացողին պետք է դուրս շպրտել աշխատանքից ի տես բոլորի, սա այն Հայաստանն է, որտեղ պետք է մարդուն հնարավորություն տաս հեռանալու արժանապատվորեն: Որպեսզի ուժ ունենա վերադառնալու կյանք:

Մհեր Արշակյան

MediaLab.am