«Հեղափոխության շրջանակներում հնարավոր են կտրուկ քայլեր, բայց դա մեծ վնաս կարող է պատճառել». Տնտեսագետ

11-04-2019
«Հեղափոխության շրջանակներում հնարավոր են կտրուկ քայլեր, բայց դա մեծ վնաս կարող է պատճառել». Տնտեսագետ

Հայաստանում խաղի կանոնները հավասար են բոլորի համար, և դա այն հիմնական կետերից մեկն է, որը կառավարության քաղաքականության գերակայությունների թվում է: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենին կալանավորելու գործին:

Նախարարի խոսքով՝ երկարաժամկետ հատվածի համար այս գործընթացը դրական է, բայց կարճաժամկետ հատվածում կարող են որոշակի խնդիրներ լինել:

«Երկարաժամկետ առումով դա չի կարող լինել բացասական ազդակ ներդրողների համար հետևյալ հիմնավորմամբ՝ Հայաստանում չի կարող լինել օրենքի խախտում և մնալ առանց պատասխանատվության: Եվ հենց դա ինքնին այն ազդակն է, որը կառավարությունը հաղորդում է հանրությանը, որ բոլորը պարտավոր են իմանալ ու պահպանել օրենքի պահանջները: Եվ ես կարծում եմ, որ դա կառավարության ամենաբարձր գերակայություններից մեկն է, որ օրենքի պահանջները պահպանվեն»,- «Մեդիալաբին» ասաց Տիգրան Խաչատրյանը:

Կարճաժամկետ հատվածի համար, ըստ նախարարի, սա առաջացնում է որոշակի խուճապ: «Մարդիկ փորձում են հասկանալ, թե դա ինչո՛վ է պայմանավորված և ի՛նչ հետևանքներ կարող է ունենալ: Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր չունեն որևէ մտահոգություն իրենց անցյալի գործունեության վերաբերյալ, չունեն նաև խուճապի մատնվելու կամ անհանգստանալու պատճառ»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ «Սպայկա» ընկերության ղեկավարությունը խուսափել է ավելի քան 7 մլրդ հարկեր ու տուրքեր վճարելուց: Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առջադրվել, նա կալանավորվել է: Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանման զբաղվող խոշոր «Սպայկա» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ դադարեցնում է մթերումները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին ասել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի «Սպայկան»՝ որպես տնտեսավարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի: «Բայց որպես գործունեությունը չխաթարելու նախապայման ընդունելը, որ նաև քրեաիրավական գնահատական չպիտի տանք ղեկավարության վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի»,- ասել է Անանյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծիքով՝ նման գործողությունների դեպքում պետք է զգուշավորություն հանդես բերել, քանի որ ոլորտը կարող է մեծ վնաս կրել:

«Սպայկա» կազմակերպությունը մի տիրույթ է, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ապահովվել ու իրականացնել ապրանքների մթերումն ու արտահանումը, այս հարցում մեծ հաջողություններ ունեցավ: Հայաստանի նման տրանսպորտային խոցելիություն ունեցող երկրի համար սա ես համարում եմ նկատելի առաջընթաց: Հասկանում ենք, որ օրենքով աշխատելու հարցում պետք է իրավիճակը վերջնական պարզվի, իմանան՝ ո՛րն է օրենքի մեջ, ո՛րը՝ ոչ: Բայց որպես հասարակ քաղաքացի՝ ես կարող եմ ասել, որ «Սպայկայի» նման կազմակերպությանը նման իրավիճակի մեջ նետելը առնվազն շատ սխալ է»,- «Մեդիալաբին» ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխության շրջանակներում հնարավոր են կտրուկ քայլեր, այնպես, ինչպես հիմա արվում է «Սպայկայի» նկատմամբ: Բայց, ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ դա ընդհանրապես գործունեության տվյալ ուղղություններին ու ոլորտներին մեծ վնաս կարող է պատճառել:

«Կարող էին պարտավորությունների կտրվածքով տույժ-տուգանքներ, տարբեր զգուշացումներ լինել, բայց Հայաստանում փռշտացողին կալանավորում են: Ո՞նց կարելի է այդպես վարվել, միանգամից վերցնել ու աշխատող կազմակերպությունների վրա հարձակում գործել՝ դա անթույլատրելի է»,- նշեց նա:

Ըստ տնտեսագետի՝ շատ հնարավոր է, որ գործող օրենքով որոշակի բացթողումներ եղել են, բայց կառավարությունը պետք է գործարարի գործընկերը լինի:

«Նման պարագայում, եթե պետությունն ունի տնտեսավարող սուբյեկտի հետ գործընկերային հարաբերություններ, կարելի է շտկել, ուղղորդել, զգուշացնել, բայց հիմա, ես ինչքան տեսնում եմ, չեղած տեղից գործ է ստեղծվում: Նման իրավիճակը 100 տոկոսով լավ բանի չի բերելու»,- հավելում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am