«Սա սպառնալիք է իմ հասցեին, քանի որ արդեն ներխուժել են իմ անձնական տարածք». Ստյոպա Սաֆարյան

18-04-2019
2547 դիտում
«Սա սպառնալիք է իմ հասցեին, քանի որ արդեն ներխուժել են իմ անձնական տարածք». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է դիմել ազգային անվտանգության ծառայություն՝ իր դեմ գործողությունների փաստով: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղաքագետն իր տան շքամուտքում հայտնաբերել էր երեք լեզվով, այդ թվում՝ թուրքերեն գրությամբ գունավոր թղթեր, որոնց վրա ինքն է պատկերված՝ վիրավորական ու ծաղրական պատկերներով: «Մեդիալաբի» հետ զրույցում Ստյոպա Սաֆարյան ասաց, որ իր համար արդեն պարզ է այդ արարքը կատարողների շրջանակը:

«Այսօր վաղ առավոտյան, երբ բնակարանից դուրս եկա, շքամուտքում պահարանի վրա տրցակ տեսա, ֆոտոթղթեր՝ ինքնակպչուն երեսով: Դրանցից մի քանիսը փակցրել էին դռանը, երեք լեզվով կոլաժներ էին՝ իմ նկարներով: Ցենզուրայից դուրս նկարներ ու գրառումներ կային: Դա ծաղրանկար էլ չէ, չգիտեմ՝ ինչպես որակել, վիրավորական պատկերներ են: Հիմնական թիրախն այն էր, որ ես պաշտպանում եմ այս իշխանություններին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա պատմեց, որ երբ դուրս է եկել շքամուտքից, հասկացել է, որ այդ արարքի հեղինակները, ոտնաձայներ լսելով, հեռացել էին տարածքից, չէին էլ հասցրել այդ տրցակն իրենց հետ տանել:

«Մի երկու-երեք մետր հեռավորության վրա երևում էր, որ վազելով գնացել են: Գազի հաշվիչի, դռան վրա փակցրել էին այդ թղթերը, մնացածը չէին հասցրել փակցնել»,- նշեց նա:

Սաֆարյանն ասաց, որ սա կարող է նաև իր հասցեին սպառնալիք որակվել այն իմաստով, որ արդեն ներխուժել են իր անձնական տարածք, այսինքն՝ եկել են բնակարանի մոտ:

«Ակնհայտորեն դա չի կարող որակվել որպես քաղաքական գործունեության տեսակ, եթե մի պահ թեկուզ վերանանք այդ զրպարտություններից ու վիրավորանքից: Նրանք մտել են արդեն ընդհանուր օգտագործման իմ անձնական տարածք»,- հավելեց նա:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ կա տեսանյութ, որը դեռևս չի դիտել, մասնագետների հետ պետք է դիտեն: Կա մեծ հավանականություն, որ այդ տեսանյութում կլինի շենքի բակի անցուդարձը: Նա ասաց, որ այս պաստառները տպագրված են բարձր որակի տպագրությամբ, փորձաքննությամբ հնարավոր կլինի պարզել, թե որտեղ են արվել:

«Հանցագործության մասին հաղորդումը կազմված է, ուղղակի մենք ուզում ենք հասկանալ՝ տեսանյութը կարո՛ղ ենք կցել հետը, ի՛նչ կա տեսանյութում, և ի՛նչ ձևով դա կարող է օգտագործվել: Ես փաստերի վրա հենվող հնարավոր ենթադրություններ ունեմ, ինքս իմ փոքրիկ հետաքննությունն եմ արել: Հիմնական հիստերիան ու թիրախավորումը գնացել է այն բանից հետո, երբ ես մեկնաբանել եմ Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Կապն ուղղակի անհերքելի է, որովհետև դրանից հետո երկրորդ նախագահին սատարող ոհմակը բառացիորեն լցվել էր ֆեյսբուքյան այն խմբերի մեկնաբանությունների տարածք, որտեղ տեղադրվել էին իմ հարցազրույցները»,- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացում մի քանի հարցազրույցներ է տվել մեծ լսարան ունեցող մի քանի լրատվամիջոցների՝ մեկնաբանելով վարչապետի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը: Եվ, նրա խոսքով, Ռոբետ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն սրտնեղել են, որ ինքը դրական գնահատականներ է տվել Նիկոլ Փաշինյանի ելույթին:

«Եթե ես գնահատական տված լինեի նախորդ իշխանությունների՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթներին և նրանց փսիխոզային դրսևորումները տեսնեի, կմտածեի, որ հավանաբար ինչ-որ կերպ վիրավորել եմ իրենց զգացմունքները: Բայց հավատացնում եմ ձեզ, որ այդ մեկնաբանություններն ու հարցազրույցները բացառապես վերաբերել են Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ և՛ կառուցվածքային, և՛ նաև բովանդակային մասին: Եվ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ իմ գնահատականները կարող են ինչ-որ պլանների վրա ազդել: Ես տեսնում էի, որ ֆեյսբուքյան տիրույթում երկրորդ նախագահին վերաբերող տարատեսակ էջերում գովազդի ձևով տեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանի՝ Ստրասբուրգում ունեցած ելույթները: Եվ շատ սրտնեղել էին, որ իրենց պլանավորած կամպանիան, որ պետք է զրոյացներ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում, չի ստացվել»,- ասաց Սաֆարյանը:

Նա հավելեց, որ այսօր իրեն ուղարկել են գնահատականներ, որոնք կապված են իր հարցազրույցների հետ, ակնհայտ է դառնում, որ անգամ վերնագրերը հոգեխանգարմունք են առաջադրել այդ շրջանակների մոտ:

«Ընդ որում, այս վերջին 10 օրերի ընթացքում փորձ արվեց իմ մասին կեղծ լուրեր հորինել, ընտանիքիս ու իմ մասին: Ես առանց աղմուկի դրանք ուղարկել էի ոստիկանություն: Վերջին օրերին այդ ֆեյսբուքյան էջերից որևէ ակտիվություն չէր նկատվում: Դա համընկավ այն շրջանի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին կոչ արեց պայքարել ֆեյքերի դեմ: Ընդ որում, բովանդակային առումով այդ էջերի գրառումները կապ ունեին իմ բնակարանի մոտ տարածված թղթերի բովանդակության հետ: Եվ դրանք կապ ունեին նաև Քոչարյանի քարոզչությանը լծված 7or.am կայքի որոշ հրապարակումների հետ: Այսինքն՝ ինձ համար շրջանակը պարզ է, թե այդ շրջանակից ո՛վ է դա արել, ԱԱԾ-ն կպարզի»,- նշեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am