Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին․ Փաստինֆո

19-04-2019
629 դիտում
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին․ Փաստինֆո

Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։

Նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում՝ հաղորդում է «Փաստինֆո»-ն։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։

Սանասարյանը հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի՝ իրեն վերագրված մեղադրանքը՝ նշելով, որ եզրակացությունը դատական կարգով վիճարկելու է։ Ավելին, ըստ նրա՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդհանրապես չպետք է վարույթ ընդուներ Արամ Սիմոնյանի դիմումը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 17-ին։

Սանասարյանը ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործով մեղադրվում է նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։