«Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է». «Սասնա Ծռերի» հայտարարությունը

19-04-2019
687 դիտում
«Դավիթ Սանասարյանի հետապնդումը ռևանշի նոր փուլի սկիզբն է». «Սասնա Ծռերի» հայտարարությունը

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանը կախյալության մեջ պահող կրեմլակենտրոն նորգաղութային համակարգի ռևանշի որակապես նոր փուլի սկիզբն է:

Եվ Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար։
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները:

Դրա հետևանքով Հայոց պետականության քաղցկեղի վերածված համակարգը ոչ միայն հեշտությամբ հաղթահարեց հեղափոխության ալիքը, այլև շահեց նոր կառավարության անվերապահ վստահությունը և այսօր արդեն հաստատուն քայլերով փորձում է դառնալ դրության տերն ու ամբողջությամբ վերահաստատել իր դիրքերը:
Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանը և նրա ազնիվ թիմակիցներն առնվազն կհեռացվեն ասպարեզից, իսկ երկիրը նորից կհայտնվի բռնության, անարդարության ու կոռուպցիայի ճահճում:

Մինչ այդ՝ կարող է խաբուսիկ կայունության փուլ լինել,սակայն դրա միակ նպատակը լինելու է անցյալը վերադարձնելու նախապատրաստումը:
Քանի դեռ ուշ չէ, անհրաժեշտ է արմատական ու կտրուկ քայլեր կատարել համակարգային փոփոխություններն ապահովելու ուղղությամբ:

Առաջին հերթին անհրաժեշտ է.

1) իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ ռեժիմի գործունեությանը,

2) կազմակերպել ամբողջական և համապարփակ անցումային արդարադատություն, որի դիմաց առնվազն պետք է կանգնեն իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իրենց հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության պարագլուխները,

3) իրականացնել քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա՝ պետականությունը քաղցկեղի նման խժռողներին ու քայքայողներին բացահայտելու, կառավարման լծակներից հեռացնելու, պատասխանատվության ենթարկելու և բազմամիլիարդանոց թալանը հետ բերելու համար,

4)կատարել պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ դատարանների և իրավապահ մարմինների, կազմի և, հարկ եղած դեպքերում՝ կառուցվածքի ու գործառույթների արմատական փոփոխություններ:
Էական նշանակություն ունի անվտանգության մարմինների համակարգի վերակազմակերպումը:

Այսօրվա ԱԱԾ-ն մեր երկիրն իր ճիրաններում պահող հակապետական համակարգի միջնաբերդն ու հիմնական գործիքն է, ուստի այն պետք է վերակազմակերպվի և նրա գործառույթներն ու կառույցները մինչև անվտանգության մարմինների նոր, ազգային համակարգի ձևավորումը պետք է համապատասխանաբար բաշխվեն Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և այլ մարմինների վրա:

Միևնույն ժամանակ՝ զբաղեցրած պաշտոններից պետք է հեռացնել ԱԱԾ-ի տնօրենին, տնօրենի տեղակալներին և ԱԱԾ-ի բարձրագույն ու գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց:

Այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները պետք է կատարվեն անհապաղ՝ մեկ ընդհանուր փաթեթով:

Վերը նշվածը 2018 թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության մանդատի նվազագույն պահանջն է: Այդ պահանջը չկատարելու պարագայում հեղափոխությունը կձախողվի, իսկ երկիրը կհայտնվի աղետի շեմին»: