Ինչպե՞ս է ծախսվելու Քաղաքացու օրվա 124 մլն դրամը. փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը բացում է փակագծերը

20-04-2019
2049 դիտում
Ինչպե՞ս է ծախսվելու Քաղաքացու օրվա 124 մլն դրամը. փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը բացում է փակագծերը

Ապրիլի 27-ին Հայաստանում նշվելու է Քաղաքացու օրը։ Սա առաջին տոնն է, որն ընդգրկելու է ոչ միայն մայրաքաղաք Երևանը, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերը։ Տոնական միջոցառումների կազմակերպման համար ապրիլի 18-ին կառավարության որոշմամբ պետական բյուջեից 124 մլն դրամ գումար է տրամադրվել։

Պետբյուջեից հատկացվելիք 124 մլն դրամը վերջին օրերին տարաբնույթ քննարկումների եւ քննադատությունների առիթ էր տվել։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը նաև զբաղվում է հայաստանյան տոնական միջոցառումների խորհրդատվությամբ, «Մեդիալաբին» ասում է՝ փորձելու են այնպես անել, որ մայրաքաղաքում, մարզերում միջոցառումները լինեն ու անմոռանալի հիշողություններ պարգևեն բնակչությանը։

Երևանի փոխքաղաքապետը նշում է, որ այդ գումարը հատկացվում է ոչ միայն մեկ վայրում՝ Երևանում միջոցառումների համար, այլ նաև 10 մարզերում և ծախսվելու է 150-200 միջոցառումների կազմակերպման վրա։ Մարզերը ներկայացրել են նախահաշիվ միջոցառումների կազմակերպման համար, և, ըստ դրա, գոյացել է նման գումար։

«Ամենակարևորն այն է, որ տոնը չի կենտրոնանում մայրաքաղաքում և ապակենտրոն է, այս առումով սա առաջին մեծ փորձն է միջոցառումը բաժանել Հայաստանի տարածքով ու հավասարաչափ։ Այսինքն՝ Երևանին հավասարաչափ կարևորություն տալ նաև մարզերին։ Այս առումով մենք պետք է համարենք, որ դա ոչ թե մեկ միջոցառման համար տրված գումար է, այլ ամբողջ Հայաստանում սփռված միջոցառման։ Մենք փորձել ենք բոլոր մարզերի միջոցառումները լինեն բարձրակարգ տեխնիկական միջոցներով և լավագույն խմբերի մասնակցությամբ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը։

Մայրաքաղաքում ու բոլոր մարզերում անցկացվելիք միջոցառումները նույնատիպ են լինելու, մեկնարկելու են նույն ժամերին, սակայն տարբեր է լինելու նրանց մշակութային բովանդակությունը։

Տոնը մեկնարկելու է ապրիլի 27-ի առավոտյան` ծառատունկով,   այնուհետև քաղաքական գործիչների, մարզերի ղեկավարների, քաղաքի ղեկավարների ու քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ այգիներում, բաց հարթակներում տեղի կունենան բաց քննարկումներ՝ «քաղաքացիական գիտակցության բարձրացման թեմաներով»։

«Բաց ֆորմատ է լինելու, առանց փողկապի ու անկաշկանդ զրույց է լինելու»,- նկարագրում է Վիրաբյանը։

Այնուհետև տվյալ մարզի, քաղաքի կոլորիտը ներկայացնող միջոցառումներ կանցկացվեն մարզկենտրոնների տարբեր հատվածներում. դրանք կարող են արտահայտվել մարզին հատուկ ուտեստների, արտադրության, մշակութային միջոցառման ցուցադրությամբ։

Երևանյան ու մարզային բուհերի ուսանողությունները միասին կքննարկեն իրենց իրավունքներին, խնդիրներին առնչվող հարցեր։ Ձևաչափը բաց է, քննարկումների նյութերը՝ ըստ իրենց ցանկության։ Միջոցառումները չեն անցնի առանց թատերական ներկայացումների. լինելու է թատերական տեղաշարժ՝ մարզերից կգնան այլ մարզեր, Երևանից՝ մարզեր ու հակառակը։ Կցուցադրվեն ֆիլմեր, կլինեն գրքերի շնորհանդեսներ՝ հատկապես մարզերում։ Մայրաքաղաքից մի խումբ արվեստագետներ կընտրեն իրենց ցանկալի մարզը և կգնան այնտեղ անցկացնելու իրենց օրը։

Քաղաքացու օրվա միջոցառումների ավարտը մարզերում ու մայրաքաղաքում կտրվի գալա համերգով՝ բենդերի ու ճանաչված արտիստների մասնակցությամբ։

«Ամեն մարզին տրված է հնարավորություն, որպեսզի կարողանան իրենց մարզի կոլորիտը, վարքուբարքը, ուտեստները, արտադրությունը, ներկայացնել՝ ներգրավելով մարզի համայնքներին։ Միջոցառումները շատ տարբեր են լինելու, որովհետև մի մարզը հարուստ է իր գյուղմթերքով, մյուսը՝ իր արտադրություններով, իսկ երրորդը՝ մշակույթով։ Մարզերի միջև շատ հետաքրքիր մրցակցություն է ստացվելու։ Ինձ թվում է՝ սա շատ լավ առիթ է, որ մարդիկ շատ գեղեցիկ, հետաքրքիր օր անցկացնեն»,- ընդգծում է փոխքաղաքապետը։

Առաջիկայում կհրապարակվի ու կտարածվի Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման գրաֆիկը, կպատրաստվեն հոլովակներ, պաստառները հասանելի կլինեն քաղաքացիներին, ու մարդիկ կկարողանան ընտրել՝ ինչպես անցկացնել այդ օրը։

Փոխքաղաքապետը նկատում է, որ մարզերում տեխնիկական հագեցվածություն չկա, և միջոցառումների կազմակերպման խնդիր են ունեցել։ Սակայն այս հարցում լուծումը գտել են՝ միջոցառումների տեխնիկական մասը կապահովեն մայրաքաղաքային ընկերությունները։ Այնպես որ, պաշտոնյան վստահ է՝ մարզերը պատվով դուրս կգան։

«Եթե թողնեինք, որ մարզերը մասնակցեն իրենց հնարավորություններով, կունենայինք խնդիրներ։ Բայց ընդհանուր ծրագրի մեջ ամեն մարզ ունի իր տեխնիկական մասի պատասխանատու կազմակերպությունը, որը մայրաքաղաքից ընտրված կազմակերպություն է։ Ի դեպ, այս միջոցառումը երևի թե եզակիներից է, որի անցկացումը հավասարապես բաշխվել է Հայաստանում միջոցառումներ կազմակերպող տարբեր կազմակերպությունների միջև։ Այսինքն՝ մեկը չէ, տասը մարզում՝ տասը կազմակերպություն, որոնք լավագույններն են ընտրվել։ Բոլորն էլ ունեն հնարավորություն իրենց տեխնիկական միջոցներն իրացնելով, ստեղծագործական միտքը գործի դնելով կազմակերպել հետաքրքիր միջոցառումներ։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ հետաքրքիր օր ստեղծել, հետաքրքիր մշակութային, քաղաքացիական օր պարգևել մեր հասարակությանը», - նշում է Տիգրան Վիրաբյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am