Հեղափոխության դարձերեսը

20-04-2019
2559 դիտում
Հեղափոխության դարձերեսը

Սանասարյան Դավթի պատմությունը դեռ շատ ջուր կքաշի: Խնդիրն այստեղ Դավիթը չէ: Դավթի հանգամանքը խորհրդանշական է: Բնավ միտում չունեմ առաջ ընկնել քննչական գործողություններից ու եզրակացություններ տալ: Հնարավոր է՝ ինչ-որ բան եղել է: Հնարավոր է՝ միջգերատեսչական պայքար է: Հնարավոր է՝ պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով ստորագրել է ինչ-որ բաներ, որոնք չպետք է ստորագրեր:

Խնդիրն ավելի խորքային է ու ունի մի քանի շերտ: Դավիթը հեղափոխության դեմքերից էր: Ուզենք թե չուզենք, դա արձանագրված է: Մյուս կողմից՝ Դավիթը Փաշինյանի թիմից չէ: Յուրայինների մեջ՝ օտար: Իսկ այդ յուրայինների մեջ ախորժակ ունեցողներ կան: Ոմանք մի կերպ են զսպում այդ ախորժակը, ոմանք, հնարավոր է՝ դեռ նախուտեստն են ճաշակում: Անկախ հանգամանքներից, սա նախևառաջ ազդակ կարող է հանդիսանալ հենց յուրայիններին:

Գանք խնդրի մյուս կողմին՝ կառույցներին: Վերահսկողական ծառայությունը այն քիչ օղակներից է, որը կարող էր մասամբ վերահսկել ԱԱԾ-ն: Ոչ միայն վերահսկել, այլ նաև ստուգումներ անցկացնել: Սահմանադրությունը բավականին լայն լիազորություններ է տալիս այդ կառույցին: Հնարավոր է՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Հնարավոր է:

Արդեն անցել է մեկ տարի, ԱԱԾ-ում որևէ կոռուպցիոն բացահայտում եղե՞լ է: Ո՛չ, չի եղել: Ավելին, այդ կառույցից որևէ մեկը որևէ շղթայով չի անցել: Արդյոք բոլո՞րն էին ազնիվ հեղափոխությունից առաջ: Համոզված եմ՝ ո՛չ: Իսկ այդ դեպքում որտե՞ղ է սխալը: Հեղափոխությունը լվա՞ց համակարգը: Չի լվացել: Ավելին՝ չի փոխակերպել: Գուցե զսպել է, բայց հենքայինը նույնն է: Էությունը մնացել է: Էությունն արտաքին շղարշը չէ: Պահվում է ձևը: Առաջին իսկ հարմար առիթի դեպքում բովանդակությունը կհոշոտի ձևը:

Այս շղթան դառնում է տարակուսելի: Նախկիններն այդքան խելացի՞ էին: Կարողացե՞լ էին թղթով ամեն ինչ ճիշտ անել, թե՞ միշտ էին ճիշտ թղթեր ստորագրել: Գիտեք, կան բաներ, որոնք պարզապես ապացուցման կարիք չունեն: Գոնե՝ հանրային գիտակցության մեջ: Այն, որ նախորդ վարչակարգերի օրոք Հայաստանը խեղդված էր կոռուպցիայի մեջ, բոլորս գիտենք:

Հանրության համար դա աքսիոմ էր, ու խեղդվում էինք այդ զգացումից: Ոչ միայն խեղդվում էինք, այլ նաև ամեն օր, ամեն ժամ զգում էինք մեր մաշկի վրա: Իսկ ո՞ւր են այդ խոշոր ձկները հիմա: Ինչո՞ւ թեփուկները չեն վերադարձրել: Դեռ մի բան էլ ծաղրում են՝ թե ծախս մի՛ արեք, այս հասցեով ենք, կարո՞ղ եք՝ եկեք բռնեք: Այդ պնդումը ծաղր չէ միայն կառույցի նկատմամբ: Դա նողկալի հեգնանք է պետության նկատմամբ:

Ու եթե այդ շղթան հանրային գիտակցումի մեջ չունի ապացուցման կարիք, քանի որ հանրությունն այդ մասին նույնիսկ մաշկով գիտի, ապա պետական ընկալումներում ու իրավական դաշտում ունի՛ ապացուցման կարիք: Այդ դաշտը կոչված է հանրության բարիքը հետ վերադարձնել հանրությանը:

Կոռուպցիան ունեցել է բրգաձև տեսք: Վերևի հատվածում եղել են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Բազմաթիվ կառավարությունների կազմեր են փոխվել: Բազմաթիվ նախարարներ: Նրանցից շատերն ունեցել են սեփական սխեմաները, սեփական աշխատելաոճը, բայց համակարգից դուրս չէին կարող աշխատել: Ուստի մաս են կազմել հանրության զգացածի և իմացածի: Իսկ հիմա հարց. նրանցից քանիսի՞ն է մեղադրանք առաջադրվել հենց կոռուպցիոն գործարքների հոդվածով: Խոսքը հենց բրգի գլխին կանգնածների ու իրագործողների մասին է:

Հանրությունը մի օր կդադարի միայն տեսարանների պահանջմունք ունենալուց:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am