«Կարելի է միայն ողջունել, որ, թեկուզ յուրայինների նկատմամբ, բայց կոռուպցիոն գործերի դեպքում ընթանում է հետաքննություն». Իրավապաշտպան

21-04-2019
2272 դիտում
«Կարելի է միայն ողջունել, որ, թեկուզ յուրայինների նկատմամբ, բայց կոռուպցիոն գործերի դեպքում ընթանում է հետաքննություն». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերի պատասխանել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

- Պարո՛ն Իշխանյան, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: Այս գործը զանազան մեկնաբանությունների տեղիք է տվել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում:

- Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված բազմաթիվ վարկածներ են շրջանառվում: Ի դեպ, ասեմ, որ շատերը մի կողմից չարախնդում են, որ իշխանության մեջ կոռուպցիոն սկանդալ կա: Բայց մյուս կողմից էլ մի հետաքրքիր հարց է առաջանում՝ եթե իսկապես մեղավոր է, ուրեմն կասկածները մնային, և նրա նկատմամբ գործ չհարուցվե՞ր: Պատկերացնո՞ւմ եք, եթե «Հետքի» հրապարակումը որևէ ազդեցություն չունենար։ Ե՛վ հանրության, և՛ ինձ համար էլ միանգամից ոչ թե կասկածներ, այլ համոզմունք կլիներ, որ ոչինչ չի փոխվել։

Իմ կարծիքը հետևյալն է: Քանի որ երկու կառույցներն էլ՝ և՛ պետական վերահսկողական ծառայությունը, և՛ ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա ու հաշվետու ծառայություններ են, ես համոզված եմ, որ նրանցից որևէ մեկն ինքնագործունեությամբ չի կարող զբաղվել: Եվ ցանկացած գործունեություն կա՛մ կատարվում է վարչապետի հանձնարարականով, ինչը օրենքի պահանջ է, կա՛մ եթե նրանք ինչ-որ բան են ձեռնարկում, ապա պետք է հաշվետու լինեն և ներկայացնեն վարչապետին:

Սա աքսիոմ է, և ես անլուրջ եմ համարում այն խոսակցությունները, թե նրանք ինքնուրույն կառույցներ են և ինքնուրույն են գործում, առանց վարչապետի հանձնարարականի կամ նրան հաշվետու լինելու: Ի դեպ, մեր ամբողջ քննադատությունը նախորդ իշխանությունների հասցեին եղել է այն, որ այդ կառույցները պետք է լինեն ինքնուրույն: Ինչևէ, մենք այսօր այս երկու կառույցների հետ կապված ունենք նույն իրավիճակը, ինչ եղել է նախկինում, ինչպես ընդունված է ասել ՝ «հանցավոր ու կոռուպցիոն ռեժիմի» ժամանակ: Հիմա այս տեսանկյունից ինչպե՞ս կարելի է գնահատել Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Կարող են մի քանի վարկածներ լինել: Մի վարկածը, որը շատ հաճախ շրջանառվում է, այն է, որ այս երկու կառույցների միջև կան հակասություններ: Եվ դա բնական է, որ որ ներիշխանական հակասություններ են լինում: Դա ցանկացած իշխանության ժամանակ էլ կա, իսկ մոնոլիտ իշխանության ժամանակ այդ հակասություններն ավելի «քողարկված» բնույթ են կրում։

Տարբեր կառույցների միջև լինում են հակասություններ՝ ավելի շատ ազդեցության ոլորտներ վերցնելու, ինչպես նաև շեֆի մոտ առավել յուրային լինելու և ազդեցություն ունենալու համար: Հետևաբար, ես չեմ բացառում, որ այդպիսի հակասություններ նրանց միջև եղել են: Երկրորդ՝ ազգային անվտանգության ծառայությունը բարձրաձայնել է ՊՎԾ-ում ինչ-որ կոռուպցիոն դեպքի մասին:

Ի դեպ, հիշեցնեմ, որ այդ դեպքի մասին առաջին անգամ հրապարակում եղավ «Հետք» կայքում: Դրանից հետ ՊՎԾ աշխատակիցները ձերբակալվեցին, և շղթան շարունակվեց: Եթե ազգային անվտանգության ծառայությունը «Հետքում» հրապարակված հոդվածի հետքերով գնացել է ուսումնասիրության, ես համոզված եմ, որ դա նույնպես եղել է վարչապետի հանձնարարականով:

Եթե նրանք պարզել են կոռուպցիոն դեպքեր, ապա համոզված եմ, որ դա նույնպես ներկայացրել են վարչապետին: Եվ այստեղ գալիս է կարևոր մի հարց. եթե այս ամենն իսկապես ճիշտ է, ապա այս դեպքում, ի տարբերություն շատ քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք տարբեր մեկնաբանություններ են տալիս, կարելի է միայն ողջունել, որ սա իրոք այն եզակի դեպքերից է Հայաստանի անկախության պատմության մեջ, երբ յուրայինի նկատմամբ երկրի ղեկավարը չի խոչընդոտում գործի քննությունը:

Իսկապես, ինձ համար զարմանալի է, երբ շատերն ասում են՝ այ, տեսեք, նրանց մեջ էլ կա կոռուպցիա և այլն: Իսկ ի՞նչ է, մարդկանց գխից կոռուպցիան մեկ հարվածով դո՞ւրս է եկել: Եվ այստեղ կարելի է միայն ողջունել, որ, թեկուզ յուրայինների նկատմամբ, բայց կոռուպցիոն գործերի դեպքում ընթանում է հետաքննություն:

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի անձին, հասարակական ու քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ այսպիսի արտահայտություններ են անում, թե չեն հավատում, որ այդպիսի ազնվագույն մարդը կարող է կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված լինել: Անկեղծ ասած, ես ինքս միշտ համակրանք եմ ունեցել Դավիթ Սանասարյանի պայքարող տեսակի նկատմամբ և չեմ ուզում հավատալ, որ նա կոռուպցիոն սկանդալի մեջ է հայտնվել: Եվ ես անձամբ ավելի շատ կցանկանայի, որ լիներ առաջին՝ հակասությունների վարկածը, քան երկրորդ։

Բայց վերանանք Դավիթ Սանասարյանի անձից, ես ընդհանրապես եմ խոսում: Իմ աչքի առաջ է եղել այն, թե ինչպես Ղարաբաղյան շարժման ժամանակ ընդհատակով, բանտերով, պարետային ժամի պայմաններով անցած գործիչները, որոնց միակ նպատակը, թվում էր թե, Ղարաբաղի միացումն էր Հայաստանին ու Հայաստանի անկախացումը, պաշտոնն ստանալուց հետո նրանցից շատ-շատերը կոռումպացվեցին: Այնպես որ, իշխանության մեջ լինելով՝ կոռուպցիայի մեջ ներգրավվելու գայթակղությունը շատ մեծ է: Եվ շատ քիչ մարդիկ կարող են դիմանալ այդ գայթակղությանը:

- Դավիթ Սանասարյանն ասում է, որ գործը շինծու է: Մարդիկ արդար քննություն անցկացնելու պահանջ են հնչեցնում այսօր, որպեսզի հարցեր չմնան, կասկածներ չլինեն, թե նրան շինծու մեղադրանք է առաջադրված: Հնարավո՞ր է դա ապահովել:

- Արդար քննության մասին մենք միշտ խոսել ենք Հայաստանի անկախացումից հետո: 28 տարի մենք լսում ենք՝ արդար դատավարություն պետք է լինի: Դա նշանակում է մի բան, որ Հայաստանում վստահություն չկա իրավապահ մարմինների ու դատարանների նկատմամբ և չի եղել: Իսկ ո՞ւմ նկատմամբ չպետք է լինի արդար դատավարություն: Արդյոք միայն Դավիթ Սանասարյանի նկատմա՞մբ պետք է լինի: Բոլորի նկատմամբ պետք է լինի: Եվ այստեղ կասկածները շատ մեծ են ոչ միայն Դավիթ Սանասարյանի, այլև բոլոր գործերի նկատմամբ:

Այնուամենայնիվ, ես մի հռետորական հարց բարձրացնեմ. արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ ՊՎԾ աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելուց և կալանավորելուց անմիջապես հետո Դավիթ Սանասարյանը հրաժարական ներկայացներ և արդեն այլ կարգավիճակով պայքարեր իր անմեղության համար։

Ցավոք, Հայաստանում սկզբունքների, սեփական արժանապատվության համար հրաժարականի մշակույթ չի ձևավորվել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am