«Գիտենք, թե ովքե՛ր են ասում, թե բան չի արվում, իրենց կարծիքով՝ իրենց դեգեներատները, ավելի լավն էին, քան նորերը»․ Սերգեյ Դանիելյան

22-04-2019
1560 դիտում
«Գիտենք, թե ովքե՛ր են ասում, թե բան չի արվում, իրենց կարծիքով՝ իրենց դեգեներատները, ավելի լավն էին, քան նորերը»․ Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ):

- Պարո՛ն Դանիելյան, Քաղաքացու օրը նշելու համար բյուջեից 124 մլն դրամ է հատկացվել: Առաջին անգամ է նման տոն նշվում, կարիք կա՞ր այդքան գումար ծախսելու, ինչպե՞ս եք ընդհանրապես վերաբերվում նման տոն ունենալու գաղափարին:

- Տոն է, թող նշվի, առանձնապես դեմ չեմ տոներին: Ինչքան շատ տոն լինի, այնքան ուրախ կլինենք: Չգիտեմ, թե ինչքանո՛վ է արդարացված այդքան գումարի հատկացումը: Ես հաշվապահ չեմ, բայց կարծում եմ՝ կարելի էր մի քիչ խնայել: Նայած, թե ինչ պետք է անեն այդ գումարով:

- Արդեն ասել են, որ Երևանում ու մարզերում տարբեր միջոցառումներ են իրականացնելու:

- Նայած ոնց կանցնի այդ տոնը: Եթե այնպես կանցկացվի, որ օգուտ կտա, թող միշտ լինի: Ժամանակի ընթացքում պարզ է դառնում՝ տվյալ տոնը պետք է, թե՞ ոչ: Համենայնդեպս, ես նախորդ տարվա ամսի 23-ին շատ ուրախ էի: Այս տարի էլ եմ ուրախ, որ անցյալ տարի եղավ ապրիլի 23-ը:

- Մեկ տարի է անցել հեղափոխությունից, մարդկանց գիտակցությունը՝ որպես քաղաքացու, բարձրացրե՞լ է, ի՞նչ եք նկատում:

- Որոշ չափով, այո՛, իհարկե, փոփոխություն եղել է: Մարդիկ հիմա նույն կաշառքը մի քիչ վախենալով են վերցնում: Դա արդեն լավ է: Եթե առաջ դա անհրաժեշտ մի բան էր, որովհետև այդ կաշառքը պետք է գնար ու հասներ մինչև Սերժ Սարգսյան, հիմա այդպես չէ: Հիմա հատուկենտ մարդիկ են կաշառք վերցնում, պաշտոնյաներն էլ, ինչպես տեսնում ենք, արդեն պատժվում են: Կարծում եմ՝ դա վատ պրոցես չէ: Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ բան չի փոխվել, դե նրանց համար ի՞նչ պետք է փոխվի: Ես գյուղից գալիս էի, սաղ ճանապարհը զիբիլ էր: Էդ անասունի համար, որ զիբիլ է թափում, մեկ չի՞՝ Սերժը կլինի, Նիկո՞լը, թե՞ ես: Անասունը մնում է անասուն, պետք է ժամանակ անցնի, այդ անասունը կրթվի, դառնա մարդ:

- Մեկ տարի է անցել, ինչ նոր իշխանություն ունենք: Շատ է քննարկվում հարցը, թե մեկ տարվա ընթացքում արդյոք հասարակությանը տված խոստումները կատարվեցի՞ն:

- Ես լավատես եմ և ահագին բան տեսնում եմ: Հիմա եթե նստենք ու սկսենք հաշվել՝ ինչ եղավ, ինչ չեղավ… Ես ուղիղ եթերով Փաշինյանին լսեցի մի 10 րոպե, ասում էր՝ ինչ են արել, ինչ չեն արել: Մասամբ համաձայն եմ, այնպես չէ, որ բան չի արվում: Մյուս կողմից էլ՝ ժողովուրդն ամեն խոսքից կախվում է, դա էլ վատ չէ, ոնց որ միշտ թիրախավորված են: Մենք գիտենք, թե ովքե՛ր են մեծ մասամբ ասում, թե բան չի արվում: Իրենց կարծիքով՝ իրենց դեգեներատները, որ աշխատում էին, ավելի լավն էին, քան նորերը: Ես այդ կարծիքին չեմ: Առաջվա իշխանությունն այնքան վատն էր, որ չեմ ուզում ուղղակի համեմատել, եթե համեմատենք՝ քֆուր կտամ: Իսկ էն, որ ասում են՝ դժգոհ ենք մեր կառավարությունից, խնդրում եմ որևէ երկիր ցույց տվեք, որ գոհ է իր կառավարությունից:

- Այսինքն՝ դա լա՞վ է, որ մարդիկ միշտ դժգոհ են ու պահանջում են կառավարությունից:

- Իհարկե շատ լավ է: Եվ դրա արդյունքները կտեսնենք:

- Նոր իշխանության ներսում արդեն կոռուպցիոն բացահայտումներ կան, այսինքն՝ բացի նախկին պաշտոնյաներից, նաև նորերն են հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

- Դա ինձ ուրախացնում է: Ճիշտ է, ուրախանալու բան չկա, բայց նախկինում շատ նորմալ էր, երբ մանկապարտեզի վարիչից մինչև նախագահ սաղ գող էին: Հիմա գոնե հնարավոր է, որ 10 գողից մեկին կբռնեն: Դա արդեն մեր դեպքում վատ չէ:

- Կարո՞ղ ենք ասել, որ ի վերջո արդարություն է հաստատված երկրում, թե՞ ճանապարհ կա դրան հասնելու:

- Հարյուր տոկոսանոց արդարություն ոչ մի տեղ չկա, բայց դրա ճանապարհին ենք: Կոնկրետ ես, եթե տեսնեմ, որ իմ հասցեին անարդարություն կա, չեմ վախենա գնալ այդ անարդարության դեմ բողոքել:

 Եթե նախկինում կվախենայի, որ կարող է երեխեքիս վնաս տան, ինձ վնաս տան, հիմա չեմ վախենա: էն ժամանակ էլ առանձնապես ես չէի վախենում, բայց հիմա ավելի հանգիստ եմ: Դա չի կարելի մերժել:

Իսկ Քաղաքացու օրվա հետ կապված, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք: Տոն է, էլի, համենայնդեպս, մեծ ուրախություն է, որ փոփոխություն է եղել:

Քաղաքացին միշտ էլ արժանի է, որ տոն նշի: Իսկ նրանք, ովքեր ասում են՝ մենք էլ ենք քաղաքացի, բայց մենք ուրախ չենք, էդ նույնն է, որ ասեն՝ մարտի 8-ը ինչո՞ւ եք նշում, ես կնիկ չեմ, ուրախ չեմ այսօր:

Դրանք իդիոտ խոսակցություններ են, տոնը 100 տոկոսով բոլորինը չի կարող լինել: Մեծամասնությունը ուրախ է, թող նշի: Հիմա բյուջեն շատ գրեցին, թե քիչ գրեցին՝ ես չեմ կարող ասել: Իհարկե, ինչքան քիչ գրեն, այնքան լավ, ի վերջո դա իմ ու ձեր փողն է, չէ՞:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am