«Հերթում այնքա՜ն մարդ կա, որոնց պոչերը կտրել է պետք, չեմ կարծում, որ այդ հերթի մեջ այդքան հրատապ էր Դավիթ Սանասարյանը»․ Արմեն Մովսիսյան

22-04-2019
894 դիտում
«Հերթում այնքա՜ն մարդ կա, որոնց պոչերը կտրել է պետք, չեմ կարծում, որ այդ հերթի մեջ այդքան հրատապ էր Դավիթ Սանասարյանը»․ Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը։

- Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցածը, երբ նրան մեղադրանք առաջադրվեց և ժամանակավորապես կասեցվեցին լիազորությունները։ Շատերը համացանցում սկսել են ԱԱԾ-ին մեղադրել, նշում են, որ Սանասարյանն ազնիվ տղա է։ Ինչպիսի՞ն է տպավորությունը հեռվից։

- Ես կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի միայն հետախուզությամբ, հակահետախուզությամբ, պետական անվտանգության ապահովմամբ։ Այսօր ԱԱԾ-ն իր վրա վերցրել է քրեական ոստիկանության գործառույթ։ Պատճառաբանում են, թե ուրիշ ժամանակներ են, դրա համար պետք է այդպես աշխատել, ես դրան համաձայն չեմ, որովհետև այդ ժամանակներից արդեն մեկ տարի անցել է, և եթե ԱԱԾ-ն շարունակելու է Օսիպյանի փոխարեն ոստիկանության գործերն անել, ինձ համար անհասկանալի կմնա, թե ի՛նչ է իրենից ներկայացնում ԱԱԾ-ն։ Մյուս կողմից՝ ես չեմ պատկերացնում, որ եթե նույնիսկ Դավիթ Սանասարյանն ինչ-որ բան արած լինի, ապա դրա մեջ չարամտություն եղած լինի, պարզապես նման բան չեմ պատկերացնում։

Հերթում այնքա՜ն մարդ կա, որոնց պոչերը կտրել է պետք, ու այս մեկ տարում այդ գործընթացը շատ դանդաղ է։ Ես չեմ կարծում, որ այդ հերթի մեջ այդքան հրատապ էր Դավիթ Սանասարյանը։ Իհարկե, օրենքը պետք է բոլորի համար գործի, այստեղ երկրորդ կարծիք չկա, բայց վստահ եմ, որ շատ այլ անելիքներ կային։ Երկու օր առաջ Փարիզում Աստվածամոր տաճարն էր վառվում, և ես էլ հիշեցի, թե ինչպես Ֆրանսիական հեղափոխությունից հետո հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին, մինչև որ հայտնվեց մեկը, որ բոլորին ուղարկեց տուն և ասաց՝ ես կայսր եմ։ Կուզենամ համեմատությունս հայաստանյան իրականության հետ սխալ ստացվի։

- Դուք նշեցիք, որ հերթում շատերը կան։ Այսինքն՝այս մասով իրավապահների աշխատանքը չի՞ բավարարում ձեզ։

- Իհարկե չի բավարարում։ Ո՞ւր է նախկին վարչապետի եղբայրը, 35 մլն դոլարը տվեց, ու որոշեցին, որ հարցը փակվա՞ծ է։ Այսինքն՝ ի՞նչ է, ծածկադմփո՞ց է, որտեղ փողը տալիս ես ու հարցերդ լուծում։ Հիմա եթե վաղն էլ Քոչարյանը որոշեց, որ իր գողացած, ասենք՝ մեկ մլրդ դոլարը տա, հարցերն այդպես կլուծվե՞ն։ Դա՞ է արդարության չափանիշը։ Եթե դրանք են խաղի կանոնները, ուրեմն ես ինչ-որ բան լավ չեմ հասկանում։ Թող գնան Քեթրինի Միհրանի հետևից, մարդը հասցե է տվել։ Նա թալանել է երկիրը։ Հերթում բազմաթիվ մարդիկ կան, նախկին իշխանավորների հսկայական ցուցակ կա։ Ո՞վ է հիշում, որ 200 մլն դոլարով Դիլիջանում ֆինանսների նախարարության համար հանգստյան տուն էր թե սանատորիա սարքեցին, հետո էլ տվեցին ՊՆ-ին։ Տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գործեր կան։ Բաներ կան, որ անգամ հասարակ քաղաքացիները լավ տեղեկացված են։ Ցանկացած մարդու հարցրեք, հատ-հատ ցույց կտա, թե ով որքան է գողացել։

- Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն և ոստիկանությունը շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ, թեև վարչապետը խոստացել էր, որ դրանք կանցնեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Ինչպես եք գնահատում այս իրավիճակը։

- Շատ վատ եմ վերաբերվում։ Այսինքն՝ ուժային հսկայական կառույցներ դուրս են խորհրդարանական վերահսկողությունից։ Պատմությունը մեզ ոչ մի բան չի՞ հուշում։ Չի՞ հուշում, որ դա վատագույն որոշումներից մեկն է։ Եթե այդ երկու կառույցները մնում են վարչապետի հսկողության տակ, ինչ է դա նշանակում, որ հեղափոխությունն իսկապե՞ս տեղապտույտի մեջ է։ Մենք ասում էինք, որ Սերժ Սարգսյանը սուպերվարչապետության թիկնոց է հագել, հիմա ստացվում է, որ նույն այդ կառույցները ոչ թե ժողովրդին են ենթարկվում, այլ մեկ անձի։ Ես սա հետընթաց եմ համարում։ Ու վատն այն է, որ դա կատարվում է Ազգային ժողովի մեծամասնության շողոքորթ համաձայնությամբ։ Դա լավ նշան չէ, դա երկրի համար օգտակար չէ։

- Դուք շատ լավատես էիք, երբ նոր էր ձևավորվել իշխանությունը, հիմա մի փոքր հիասթափությո՞ւն կա։

- Տեղապտույտում է հայտնվել հեղափոխությունը։ Հնին վերադարձ այլևս չի լինելու, հեղափոխությունն իր միջից կգտնի այլ լիդերներ, որոնք ավելի առաջադեմ կլինեն, որոնք կլինեն ավելի հաստատակամ։ Օրինակ՝ եթե որոշվեր, որ անցումային արդարադատություն է մտցվում, ինձ թվում է՝ հանրության մի հսկայական մասը ուղղակի ծափահարություններով կդիմավորեր վարչապետի ու ԱԺ-ի այդ որոշումը։ Անգամ կհամաձայնեին ԱԱԾ-ի և ոստիկանության ենթակայությունը վարչապետին թողնելու հետ։ Ժամանակավոր արդարադատության մասին այսօր ընդհանրապես խոսք չկա, այսինքն՝ աշխատում են համակարգի նույն արատավորված անձինք։ Այդ պարագայում այդ երկու հսկայական ուժային կառույցները պահել վարչապետի հսկողության տակ, իմաստն ուղղակի չեմ հասկանում։ Կարծում եմ՝ սա էլ կանցնի, հնին վերադարձ չի լինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am