Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ թուրք ղեկավարներն այն ավելի են հանրայնացնում

24-04-2019
710 դիտում
Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ թուրք ղեկավարներն այն ավելի են հանրայնացնում

Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․

Թուրք պաշտոնյաներից և լրագրողներից շատերը ստիպված են պաշտպանել իրենց երկրի արատավորված հեղինակությունը՝ փորձելով քողարկել իրենց նախնիների իրականացրած ցեղասպանությունը։ Նրանք այդպիսով ինքնաբերաբար իրենց կապում են իրենց նախապապերի գործած մեղքերի հետ և իրենք ևս մեղավոր են դառնում մարդկության պատմության մեջ ամենասարսափելի հանցագործություններից մեկի ժխտման համար։

Ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մեվլեթ Չավուշօղլուն  2019 թ․ ապրիլի 15-ին կեղծորեն հայտարարել, որ Թուրքիան «որևէ ցեղասպանություն չի իրականացրել» իր պատմության ընթացքում։ Քանի՞ այլ երկրի ղեկավար է նման հայտարարություն արել։ Չավուշօղլուն շատ լավ գիտի, որ օսմանյան թուրքերն իրոք ցեղասպանություն են իրականացրել, քանի որ նա հուսահատ կերպով փորձում է թաքցնել նրանց հանցագործությունները։ Չավուշօղլուն և նրա կողմնակից ժխտողականները կարծես թե չեն գիտակցում, որ ինչքան շատ են հռչակում իրենց անմեղությունը, այնքան ավելի է շատ են իրենց միավորում ցեղասպանության հետ և դառնում այդ բարբարոսական ոճրագործության մեղսակիցները․․․

Ամեն անգամ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կամ նրա ենթակաները խոսում են ցեղասպանության մասին, նույնիսկ քամահրական տոնով, նրանք իրականում հանրայնացնում են ցեղասպանության փաստերը ամբողջ աշխարհում և բոլորին տեղեկացնում, որ թուրքերը մեղադրվում են ցեղասպանության իրականացման մեջ․․․

Հետաքրքիր է, Չավուշօղլուն զգուշացրել է, որ «Թուրքիայի կառավարությունը լուռ չի մնա որոշ երկրների դեմ, որոնք փորձում են դասախոսություն կարդալ Թուրքիային պատմության մասին»։ Դա հենց այն է, ինչ հայերը ցանկանում են, որ նա անի: Որքան շատ է նա խոսում ցեղասպանության մասին, այնքան ավելի շատ է բացահայտում թուրքական ոճրագործությունը աշխարհին․․․ Չավուշօղլուն և մյուս թուրք ժխտողականները հայտնվում են ծիծաղելի իրավիճակում, երբ «բոլոր դեպքերում՝ տուժողի դերում են»։ Այլ կերպ ասած, եթե նրանք լռեն Ցեղասպանության մեղադրանքների դեմ, ուրեմն ընդունում են դրանք, եթե ժխտեն, ապա աշխարհով մեկ կտարածեն իրենց պատմական ոճրագործության մասին լուրերը։ Նրանց համար դրական լուծում չկա։ Նրանք հայտնվել են երկու քարի արանքում․․․

Ապրիլի սկզբին Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի ժողովում, Չավուշօղլուն քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հայտարարելու համար։ Հարձակվելով Մակրոնի վրա, Թուրքիայի արտգործնախարարն ավելի վատթարացրեց իրավիճակն իր երկրի համար։ Որպես բողոքի նշան, Ֆրանսիայի խորհրդարանականը լքեց ՆԱՏՕ-ի ժողովը, որը լուսաբանվեց համաշխարհային լրատվամիջոցների կողմից՝ ավելի հանրայնացնելով Հայոց ցեղասպանությունը։

Այս միջադեպը պատճառ դարձավ, որ որոշ չարագործ թուրքեր սպառնան ֆրանսիացի խորհրդարանականի կյանքին, որը հետագայում ճշգրիտ փաստեր տարածեց Հայոց ցեղասպանության մասին։

Թուրքական շփոթմունքի մեկ այլ օրինակ է մեկնաբան Օզան Ջեյհունի հոդվածը «Դեյլի սաբահ» (Daily Sabah) թերթում։ Նա ճիշտ է գրել, որ «Ապրիլի 24-ը օգտագործվում է որպես «պատժի» օր նրանց կողմից, որոնք տարբեր պատճառներով չեն ցանկանում Թուրքիային տեսնել որպես Եվրամիության անդամ, նրանց՝ որոնք չեն ցանկանում նրան ավելի ուժեղ տեսնել տարածաշրջանում, կամ երկրների կողմից, օրինակ՝ ԱՄՆ-ի, որոնք ուզում են Թուրքիային տեսնել որպես կախյալ երկիր»։ Իմ պատասխանը հետևյալն է՝ ոչ ոք չի ուզում որևէ դաժան ու չզղջացող երկրի տեսնել որպես միջազգային ռազմական և տնտեսական դաշինքների անդամ: Թուրք ղեկավարներն իրենք են իրենց դուրս մղում հենց այդպիսի դաշինքներից՝ իրենց պահելով անքաղաքակիրթ և ոչ ժողովրդավարական ձևով։ Նրանք իրենցից բացի ոչ մեկին չպետք է մեղադրեն․․․

Ջեյհունը զարմանում է, թե ինչու ոչ մեկին չի հետաքրքրում «Թուրքիայում ապրող հայերի» կարծիքը: Պատասխանը շատ պարզ է․ ցեղասպանությունը վերապրած և այն ժամանակից ի վեր բազմաթիվ այլ ճնշումների ենթարկված Թուրքիայի հայերը շատ լավ գիտեն, որ եթե համարձակվեն որևէ բացասական բան ասել Թուրքիայի ճնշող վարչակարգի մասին, ապա նրանց կբանտարկեն, եթե չսպանեն․․․

Այնուհետև թուրք մեկնաբանն անամոթաբար հիշատակում է հայ լրագրող Հրանտ Դինքին, որին մի թուրք է սպանել՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին արտահայտվելու համար։ Ջեյհունը ընտրողաբար մեջբերում է Դինքի ասածներից, որ օտարները չպետք է միջամտեն անցյալում տեղի ունեցած «իրադարձություններին», որ այս հարցը պետք է լուծվի հայերի և թուրքերի միջև։ Դինքը բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք հաճախ հակասական են եղել, կախված այն բանից, թե նա որտեղ է դրանք հայտարարել՝ Թուրքիայում եղած ժամանակ, թե Թուրքիայից դուրս։

Թուրք ժխտողականներին հարմար է մեջբերել հայտարարություններ, որ երրորդ կողմերը չպետք է միջամտեն հայ-թուրքական հարցին։ Եթե տասնամյակներ շարունակ հայկական Սփյուռքը քարոզչություն չծավալեր միջազգային հանրության շրջանում, ապա  Հայոց ցեղասպանությունը վաղուց մոռացության էր մատնվել։ Ավելին, Ջեյհունը գերադասում է, որ օտարները լսեն Թուրքիայի հայերի կարծիքը, որոնք ճնշված են և չեն կարող իրենց անկեղծ կարծիքն արտահայտել Հայոց ցեղասպանության մասին։ Որպես ցեղասպանության անմիջական ժառանգներ, նրանք հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց նախնիների հետ, սակայն չեն կարող այդ մասին բացեիբաց խոսել, վախենալով իրենց կյանքի համար:

Նույնքան զայրացնող են ադրբեջանական ժխտումները Հայոց ցեղասպանության մասին։ Բարեբախտաբար, ադրբեջանցիների հետ գործ ունենալն ավելի հեշտ է, քանի որ նրանք այնքան հզոր չեն, որքան Թուրքիան, և հայ ժողովուրդը նրանց արդեն ցույց է տվել իր ուժը՝ վերականգնելով Արցախի իր պատմական տարածքը Ադրբեջանից։ Եթե ադրբեջանցիներն իրենց լավ չպահեն և շարունակեն վիրավորել հայերին Հայոց ցեղասպանության իրենց ժխտումներով, Հայաստանի ղեկավարները կարող են դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ և Արցախը միացնել Հայաստանի Հանրապետությանը ․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com