«Սերժ Սարգսյանը լավ է յուրացրել և հասկանում է լռության գինը, քան ծիծաղելի հայտարարություններ անող իր  թիմակիցները». Ստյոպա Սաֆարյան

25-04-2019
1101 դիտում
«Սերժ Սարգսյանը լավ է յուրացրել և հասկանում է լռության գինը, քան ծիծաղելի հայտարարություններ անող իր  թիմակիցները». Ստյոպա Սաֆարյան

Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իր թիմակիցների, ավելի հեռատես է և գերադասում է լռել՝ լուծելով իր խնդիրները: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է միջազգային և անվանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018 թվականի ապրիլի 23-ին, հայտարարելով իր հրաժարականի մասին, Սերժ Սարգսյանն ասել էր. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: Դրանից հետո, չնայած թիմակիցների պնդումներին, թե Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքականության մեջ մնալ, նա որևէ բառ չի ասել քաղաքական զարգացումների մասին:

«Մեկ տարի է անցել, նա գոնե պետք է բացատրեր, թե ինչում էր Նիկոլ Փաշինյանը ճիշտ, ինքը՝ սխալ: Առավել ևս, որ իր թիմակիցները մեկ տարի է՝ գոռում են ճիշտ հակառակը, որ Նիկոլ Փաշինյանը սխալ է, «սխալ» տեղ է տանում երկիրը: Հիմա՝ կա՛մ իրենք պետք է պաշտոնանկ անեն իրենց ղեկավարին, որովհետև նրան հակադրվում են, կա՛մ էլ ընդհանուր առմամբ պետք է վերանայեն իրենց հռետորաբանությունը և անելիքը»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վերջերս ասել էր, որ Սերժ Սարգսյանը կխոսի, երբ պատեհ ժամանակը գա: Նա խոսքով՝ Սերժ Սարգսյանը չի լքել քաղաքական դաշտը, նա ՀՀԿ ղեկավարն է, հետևաբար, շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ հասարակությունն ակնկալում է նրա կարծիքը լսել: Ապրիլի 22-ին ՀՀԿ շարքերը համալրելու համար դիմած երիտասարդների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել էր, որ շատ ասելիք չունի, երբ ժամանակը գա, բազում հացերի կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի»,- ասել էր նա:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը շատ լավ տեսնում է իրավիճակը և հասկանում, որ ինքը մեկ խնդիր ունի լուծելու՝ հասարակության մեջ ապրել, իր ունեցածը ինչ-որ չափով պահել, հետևաբար նա այդ խնդիրն է լուծում: Այլ հարց է, թե նրա կողքինները որքանո՛վ են հասկանում, թե նա ինչ խնդիր է լուծում:

«Մի բան ակնհայտ է. Սերժ Սարգսյանն այնքան միամիտ չէ, որ չտեսնի, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել իր ճամբարը, կուսակցությունը, որի արձանագրած արդյունքները խորհրդարանական ընտրություններում ինքնին խոսուն են: Բնականաբար, տեսնելով այդ ամենը, տեսնելով հասարակության վերաբերմունքը, նա հետևություն է անում: Եթե անգամ մի պահ տեսականորեն ընդունենք, որ հասարակությունը հիասթափվում է հեղափոխությունից, դա դեռևս չի նշանակում, որ այդ հիասթափության արդյունքում Հանրապետական կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին են հետ բերելու: Եվ այս կտրվածքով ինքը հասկանում է, որ ավելի լավ է ոչինչ չխոսել: Սերժ Սարգսյանը թերևս ավելի լավ է յուրացրել և հասկանում լռության գինը, քան իր թիմակիցները, որոնք անցած մեկ տարվա ընթացքում պատեհ-անպատեհ արեցին հայտարարություններ, որոնց համար մինչև հիմա հանրությունը ծիծաղում է նրանց վրա՝ Ղարաբաղը տալիս են, հողերը հանձնում են, Նիկոլ Փաշինյանը երկրում հաստատել է բռնապետություն, տնտեսությունը գահավիժում է, բիզնեսը փախչում է Հայաստանից»,- նշում է քաղաքագետը:

Ըստ Սաֆարյանի՝ իրականում երկրում տնտեսական կայունությունը պահպանվում է, բիզնեսը չի փախչում, Արցախն ու իր հողերը տեղում են, Հայաստանում անցկացվել են երկու ազատ, ժողովրդավարական ընտրություններ, որոնք որևէ մեկը կասկածի տակ չի դրել: Այսինքն՝ ՀՀԿ-ականներն ամեն ինչում շտապելու պատճառով իրենք իրենց դրել են ծիծաղելի վիճակի մեջ, մինչդեռ Սերժ Սարգսյանը սա տեսնում է, հասկանում և ավելի հեռատես է, լռում է ու ըստ էության լուծում իր խնդիրը:

«Ի վերջո, եկեք չմոռանանք, թե ինչ իրավիճակի առաջ էր կանգնել Սերժ Սարգսյանը ուղիղ մեկ տարի առաջ. նա կամ պետք է արյուն թափեր իշխանությունը պահելու համար, իր խոսքով՝ ինքն այդ մարդը չէր, իսկ մենք կավելացնենք, որ դա նրան չէր փրկի, եթե չասենք, որ ավելի՛ կարագացներ նրա հեռացումը: Երկրորդ տարբերակը՝ իշխանությունը հանձնել որևէ մեկին, իսկ տվյալ պահին կային երկու սուբյեկտներ՝ Կարեն Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան, որոնք հայտ էին ներկայացնում: Դա նույնպես երաշխիք չէր տալիս, որ արդյունքները կարող էին Սերժ Սարգսյանի համար լավագույնը լինել: Եվ երրորդ տարբերակը՝ իշխանությունը տալ ժողովրդի թեկնածուին: Եվ հենց երրորդ տարբերակի ընտրությունն արդեն բան է ասում Սերժ Սարգսյանի և լռության և նաև այսօր հետապնդած խնդիրների մասին»,- հավելում է քաղաքագետը:

Ըստ Սաֆարյանի՝ եթե Սերժ Սարգսյանը իշխանությունը տվել է ժողովրդին և մնացել Հայաստանում, դա նշանակում է, որ նա առնվազն ուզում է լուծել իր ընտանիքի՝ Հայաստանում մնալու ու ապրելու հարցը:

«Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը փափագում է հետ վերադառնալ իշխանություն: Դա նրա շրջապատի մի մասը հասկացել է և տեր է գտել՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ որպես ծնողազուրկ զավակներ, մյուս մասը չի պատկերացնում, թե ի՛նչ խնդիր է լուծում Սերժ Սարգսյանը, և նրա վերադարձի սին հույսեր է փայփայում: Բայց ըստ էության կարելի է ասել՝ դարաշրջանն ավարտվել է, և Սերժ Սարգսյանի լռությունը դրա խոսուն վկայությունն է»,- եզրափակում է Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am