«Եթե մարդը չի կտակել իր օրգանները, չի նշանակում, թե քեզ է պատկանում». Հումանիզմին ընդառա՞ջ, թե հակառակը

29-04-2019
1395 դիտում
«Եթե մարդը չի կտակել իր օրգանները, չի նշանակում, թե քեզ է պատկանում». Հումանիզմին ընդառա՞ջ, թե հակառակը

Մարդու մահից հետո նրա օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելը լուրջ հարց է, և մասնագիտական լուրջ լուծումներ պետք է տրվեն դրան: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

«Աշխարհում օրգանները փոխպատվաստման համար հանձնելը բխում է հումանիզմի սկզբունքից, Հայաստանում չպետք է հակառակը արվի»,-«Մեդիալաբին» ասում  է Մանասյանը։

Բժիշկը նշում է, որ աշխարհում ընդունված է, որ մարդը գրում է՝ իմ օրգանները կարող եք հետմահու օգտագործել, նա դրա մասին կտակ է անում:

«Այսինքն՝ աշխահում օրգանները ոչ թե աղբ են համարվում, որը գնում ու վերցնում են, այլ մարդիկ կտակում են դա հետմահու: Եթե ինքը չի կտակել իր օրգանները, դա չի նշանակում, որ այն քեզ է պատկանում: Այսինքն՝ հետմահու այդ մարդու մարմինը չի դառնում առ ոչինչ կամ ավտոմատ չի անցնում պետության կամ ինչ-որ կազմակերպության ենթակայության տակ»,- ասում է Հայկ Մանասյանը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ նպատակ կա Հայաստանում, բացի կենդանի դոնորներից, ներդնել նաև դիակային փոխպատվաստման մեխանիզմը: Սկզբունքը լինելու է հետևյալը՝ եթե որևէ մեկը չի ուզի, որ մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստվեն, կարող է հրաժարվել:

Նախարարի խոսքով՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բնակչության նույնիսկ մեկ տոկոսը չի հրաժարվում դրանից: Նախարարն ասել էր, որ շուտով փոխպատվաստման գծով կոորդինատոր կնշանակվի, որպեսզի գործընթացը կարգավորի: Թորոսյանը նաև նշել էր, որ այս փորձը ներդնելու համար գրեթե բոլոր իրավական փաստաթղթերը պատրաստ են:

Բժիշկ Հայկ Մանասյանն ասում է, որ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, որն ընդունվել է 2002 թվականին, առանց մարդու համաձայնության չեն կարող նրա օրգանները օգտագործել:

«Օրգանը վերցնելը բնական պրոցես չէ, դա միջամտություն է: Եթե դու միջամտում ես, պարտավոր ես թույլտվություն ունենալ նրանից, ում հանդեպ միջամտություն ես իրականացնում: Եթե ինքը չի հրաժարվում, դա դեռևս չի նշանակում, որ ինքը տեղեկացված է եղել ու համաձայնել է: Այդ պատճառով, եթե նույնիսկ նախարարը Բելառուսի օրինակն է բերում կամ ինչ-որ այլ երկրի, որտեղ մարդկանց մեկ տոկոսն է հրաժարվում, որ մահից հետո իր օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործեն, դա նշանակում է, որ հարցում է արվել, հետո տոկոս են հաշվել: Հրաժարվում են միայն տեղեկանալուց հետո, երբ գնում ու մարդուն հարցնում են՝ ուզո՞ւմ ես: Եթե դու չես հարցրել այդ մարդուն, ի՞նչ գիտես՝ ինքը հրաժարվել է, թե չի հրաժարվել: Հրաժարումը բժշկության մեջ կոչվում է տեղեկացված հրաժարում: Մարդը պետք է տեղեկացված հրաժարվի, դա նշանակում է, որ ինքը լիովին հասկացել է՝ ինչի մասին է խոսքը, ու հրաժարվել է»,- աասում է նա:

Բժշկի խոսքով՝ Հայաստանի պարագայում իրավիճակն ավելի բարդ է դառնում, քանի որ շատ դեպքերում հարազատին ես պատասխան տալիս մարդու օրգանների համար:

Ըստ Մանասյանի՝ կարող է գործել հետևյալ մեխանիզմը՝ մարդը պետք է իր օրգանը վստահի կոնկրետ մարմնի, օրինակ, ինչ-որ հանձնաժողով պետք է լինի: Մարդու համաձայնությամբ՝ օրգանը պետք է այդ մարմնին հանձնվի, այդ մարմինն էլ պետք է որոշի ում տալ այն:

«Բայց օրենքով չի կարող այնպես լինել, որ մարդու մահվան դեպքում ավտոմատ այդ մարմնի ենթակայությանն անցնի իր օրգանը: Գուցե մարդը ուզում է հետմահու իր լյարդը տալ կոնկրետ մեկին: Ինքը դեմ չէ հետմահու դոնոր լինելուն, բայց ունի նախընտրած մարդ, ինչպե՞ս պետք է պետությունը նրա փոխարեն որոշի»,- հարց է բարձրացնում նա:

Անդրադառնալով առողջապահության նախարարի այն հայտարարության, որ գրեթե պատրաստ է օրենսդրությունը, որը հնարավորություն կտա այս փոփոխությունը կյանքի կոչել, Հայկ Մանասյանն ասաց, որ օրենքը գրեթե պատրաստ չի լինում. «Օրենքի մեկ ստորակետի պատճառով մարդիկ դատ են շահում կամ տանուլ տալիս: Այսինքն՝ գրեթե գոյություն չունի, կա՛մ օրենսդրությունը պատրաստ է, կա՛մ դուք աշխատում եք դրա վրա: 2002 թվականին ընդունված մեր օրենքով սևով սպիտակին գրված է՝ արգելված է առանց հիվանդի նախապես տված համաձայնության հետմահու նրա օրգանն օգտագործել»:

Հայկ Մանասյանը բժշկական էթիկայի տեսանկյունից սխալ է համարում նաև Հայաստանում կատարված լյարդի առաջին փոխպատվաստումը, քանի որ, նրա խոսքով, անթույլատրելի է, երբ 20 տարեկան անձից լյարդ է տրվում մեծահասակի:

«Այստեղ կա էթիկական հարց. դուք ասում եք՝ լավ բան եք արել, 20 տարեկան աղջկանից վերցրել եք լյարդի կեսը, տվել 57 տարեկան մորը, ում կյանքի միջին տևողությունը մոտավորապես 70 տարի է: Ժողովուրդ ջան, այդպիսի փոխանակո՞ւմ են անում, 20 տարեկան աղջկա կյանքը դեռ առջևում է»,- ասաց նա:

Համացանցում ևս քննարկման առարկա է դարձել մարդու օրգանների փոխպատվաստման հարցը: Ժամանակակից գրող Արփի Ոսկանյանը գրառում է կատարել, որ այս տեղեկությունն իր մեջ վախ է առաջացրել, անապահովության զգացողություն ունի:

«Առաջին տպավորությունս շատ տհաճ էր։ Հասկանալի է, որ վեհ ու մարդասիրական նպատակներով է արվում, հասկանալի է, որ դրանով փորձում են օրգանների տրանսպլանտացիան հասանելի դարձնել նաև սոցիալապես ոչ այնքան ապահով խավերի համար, հասկանալի է, որ առհասարակ մի շատ կարևոր ու հեռանկարային առողջապահական ճյուղի զարգացման հիմքն է դրվում:

Որքան հասկացա՝ դա նաև գործող պրակտիկա է եվրոպական մի շարք երկրներում, բայց, կարծում եմ՝ մեկ-երկու օրում իրականացնելու բարեփոխում չէ, պետք է մարդկանց բացատրել, քննարկել։ Առանց հանրային համաձայնության բոլորովին լավ չէր լինի նման օրենք ընդունել»,- «Մեդիալաբին» ասում է Արփի Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ գուցե պետք է առաջին հերթին բարձրացնել հանրության վստահությունը առողջապահության համակարգի ու տեղական բժիշկների նկատմամբ, հետո գնալ այդպիսի բարեփոխման: Հաճախ բժիշկները հասարակ գրիպի հետևանքները չեն կարողանում ճիշտ ախտորոշել ու բուժել կամ միգուցե չեն ուզում:

«Ծանր վիճակում հայտնված մարդը կամ նրա հարազատները ինչպե՞ս պիտի վստահեն բժշկին այս օրենքի ընդունումից հետո, երբ փաստորեն ցանկացած մարդ ընկալվելու է որպես օրգանների պոտենցիալ դոնոր։ Կարծում եմ՝ բարեփոխումը խոցելի է և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից։ Բայց դա չի նշանակում, որ այս ուղղությամբ արվող քայլերը պետք է կասեցնել։ Պետք է քննարկել ու ընդունել մեր հանրության համար և մեր ներկայիս առողջապահական իրողություններին հարիր ամենաընդունելի տարբերակը»,- ասում է Արփի Ոսկանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am