«Ուզում ենք մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգն ու բիզնես ոլորտը միմյանցից տարանջատված կլինեն»․ Սուրեն Սահակյան

29-04-2019
253 դիտում
«Ուզում ենք մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգն ու բիզնես ոլորտը միմյանցից տարանջատված կլինեն»․ Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերի պատասխանել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:

- Պարո՛ն Սահակյան, դուք դիմել եք ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին, որպեսզի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկեն, և քրեական հետապնդում հարուցվի: Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք:

- Մեր որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի ելույթի հետ, երբ ինքը մոտ 10 օր առաջ ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Մեր իրավաբանները սկսեցին ողջամիտ կասկածներ ունենալ, որ Սահմանադրության 95-րդ հոդվածի հետ հակասություններ կան: Եվ պահանջում ենք անցկացնել քննություն՝պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը: Այդ հիմքերը մանրամասն ներկայացված են մեր հայտարարության մեջ: Որոշեցինք դիմել, քանի որ, ի վերջո, մեր պետության մեջ մենք ուզում ենք մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգն ու բիզնես ոլորտը միմյանցից տարանջատված կլինեն:

- Մենք հիշում ենք, որ նախքան խորհրդարանական ընտրությունները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ օլիգարխները պետք է այլևս ներկայացված չլինեն խորհրդարանում: Բայց փաստացի այսօր Ազգային ժողովում գործարար պատգամավորներ կան, մասնավորապես՝ ի դեմս ԲՀԿ խմբակցության: Ինչո՞ւ թույլ տրվեց, որ այդ անձինք մտնեն խորհրդարան:

- Շատ վատ եմ գնահատում դա: Ընդհանրապես մեր գնահատականով՝ Հայաստանում տեղ գտած շատ բացասական երևույթները արմատախիլ անելու համար հեղափոխություն եղավ: Բիզնեսը ապօրինի կուտակված սեփականությունը չէր կարող այլ կերպ պաշտպանել, քան պետական համակարգում ներգրավված լինելը: Հետևաբար, պետք էր տարանջատել, և հեղափոխությա իմաստն ու էությունը հենց դա էր, որ համակարգային փոփոխություններ լինեին, քաղաքական համակարգը փոխվեր, որ մենք կարողանանք ճիշտ ընտրություն կատարել, ազատ կամարտահայտություն լինի: Այո՛, ազատ կամարտահայտություն եղել է, բայց բիզնեսն այնուամենայնիվ դեռ ներգրավված է քաղաքականության մեջ: Մենք հույս ունեինք, որ այդպես չէ, բայց Գագիկ Ծառուկյանի ելույթը եկավ ապացուցելու, որ դեռ խնդիր ունենք այդ առումով:

- Ինքն ասում է՝ բիզնեսով չեմ զբաղվում, սեփականատեր եմ, և դրանով հարցը փակվում է:

- Մեր հաղորդագրության մեջ մեջբերումներ և տեսանյութերի հղումներ կան, որտեղ այլ բան է ասում՝ «ես գնացի, հանդիպեցի, կառավարչին հրահանգեցի, ես մի գործարան սարքում եմ, ներդրողների հետ խոսում եմ, որ մյուսը սարքեն» և այլն: Իմ պահանջները պատգամավորից ու քաղաքական գործչից գուցե ավելի բարձր են, քան իրենց պատկերացումներն օրենքի մասին: Եվ ես ուզում եմ, որ այդ թվում՝ նաև պատգամավորը հասկանա՝ ի՛նչ է խոսում և իր խոսքի հետևանքների մասին պատկերացումներ ունենա:

- Ի՞նչ հույսեր ունեք, որ ԱԺ նախագահն ու գլխավոր դատախազը դրական արձագանք կտան, այսինքն՝ ձեր պահանջը կկատարեն:

- Եթե ընդունենք, որ այսօրվա իրականությունը նոր Հայաստանն է, այն, ինչի մասին թմբկահարվում է անընդհատ, պետք է հարցերն իրավական ընթացակարգերով լուծվեն, և որոշումը քաղաքական չլինի:

- Իսկ ի՞նչ եք նկատել անցած ամիսներին՝ նման դեպքերում քաղաքական որոշո՞ւմն է դեր ունեցել:

- Իհարկե, կան քաղաքական որոշումներ, այլապես ի՞նչ գործ ուներ ՀՀԿ-ն ընտրություններին, ի՞նչ գործ ուներ մեկ սեփականատիրոջ շահերը պաշտպանելու համար ստեղծված կուսակցությունն Ազգային ժողովում:

- Երբ վարչապետին լրագրողները հարցեր են տալիս այն մասին, որ խորհրդարանում դարձյալ գործարարներ կան, նա ասում է, որ մարդիկ են ընտրել նրանց: Այսինքն՝ արդարացում կա՝ ժողովուրդն է ընտրել այդ մարդկանց, դա ամենևին էլ քաղաքական որոշում չէ:

- Մենք տեսել ենք, թե ոնց է «Բարգավաճ Հայաստանը» ձայներ ապահովում իր համար: Տեսել ենք, թե ոնց են մարդկանց «քցում», խոստացած գումարները չեն վերադարձնում: Մասնավորապես, երկու անգամ Գյումրիում է նման դեպք եղել, դրա մասին մամուլում հրապարակումներ են եղել: Մարդիկ ակնկալիքներ ունեն, այդ մարդը խոշոր սեփականատեր է, իր ձեռնարկությունների աշխատակիցներն ընտրում են: Ես ցավում եմ, որ մեր քաղաքացիների որոշ մասի մոտ ընտրության այդպիսի չափորոշիչներ կան, որ ընտրենք, որպեսզի մեր գործը չկտրվի: Եվ քաղաքական համակարգի առողջացումը հենց այդ համատեքստում եմ դիտարկում, «Կուսակցությունների մասին» օրենքը այդ համատեքստում եմ դիտարկում, որ ստեղծեն այնպիսի չափորոշիչներ, որոնք ներսից կառողջացնեն քաղաքական համակարգը: Դա ընտրողների չափորոշիչները մեկ մակարդակ ավելի կբարձրացնի, ընտրությունը կկատարվի գաղափարին ու ծրագրերին համապատասխան, ոչ թե այն սկզբունքից ելնելով, որ լավ մարդ է, վատ մարդ է, բոյով է, սիրուն է կամ գործարար է ու աշխատատեղ է բացել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am