«Երբեք չպետք է թույլ տալ, որ ԱԱԾ-ն գերիշխող դեր ունենա, նրա դերը հիմա ավելի մեծ է հասարակության մեջ, քան պետք է լինի»․ Ժաննա Ալեքսանյան

30-04-2019
420 դիտում
«Երբեք չպետք է թույլ տալ, որ ԱԱԾ-ն գերիշխող դեր ունենա, նրա դերը հիմա ավելի մեծ է հասարակության մեջ, քան պետք է լինի»․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

- Տիկի՛ն Ալեքսանյան, Դավիթ Սանասարյանի գործով բազմաթիվ քննարկումներ ու հայտարարություններ եղան։ Այս գործում կա՞ մի բան, որ ձեզ կասկածելի է թվում, թափանցիկության խնդիր տեսնո՞ւմ եք այս փուլում, թե՞ ոչ։

- Ես մի քանի դիտարկում կարող եմ անել՝ ԱԱԾ-ի անտեղի ինքնավստահությունը, կեցվածքը, որով ցույց են տալիս, թե իրենք ճիշտ ուղու վրա են։ Ինձ դուր է գալիս Դավիթ Սանասարյանի զսպվածությունը, և հիմա էլ նա ավելի քան զուսպ է։ Ես լսել եմ Դավիթ Սանասարյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանի խոսքը, որն իրոք վստահություն է ներշնչում, որ ինչ-որ թյուրիմացություն կա, ինչ-որ բան իր տեղում չէ։ Ես չեմ ուզում դուրս գալ իրավական դաշտից, քանի որ տեղեկատվությունը շատ քիչ է, բայց կարծում եմ, որ խստագույնս պետք է պահպանվի անմեղության կանխավարկածը։ Ինձ նաև դուր եկավ գլխավոր դատախազի խոսքը։

Ճիշտ է, նա ասաց, որ այս պահին փաստարկներ կան, բայց նաև ասաց, որ պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ուսումնասիրության կարիք ունեն։ Մեզ մնում է սպասել ու երազել նախաքննության օբյեկտիվության մասին, ոչ թե ուղղորդվածության։

- Նախաքննության առումով, կարծում եք, խնդի՞ր կա։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ նոր Հայաստանում որևէ մեկի հագով «գործ չի կարվում»։

- Իշխանությունների հայտարարությունները հեքիաթի ժանրից են, որ ամեն ինչ օրինական է։ Մանավանդ իրավապահ մարմիններում դեմ եմ այդ հայտարարություններին, որովհետև առօրյա տարբեր գործերով տեսնում ենք ապօրինություններ, այդ թվում՝ նախաքննության ընթացքում, այդ թվում՝ դատարաններում։ Այնպես չէ, որ ես հիմա պետք է վստահեմ ու հավատամ։ Ընդ որում, հենց այս աղմկահարույց գործերով է երևում, թե որքանո՛վ է օբյեկտիվ ընթանում քննությունը։ Նրանք պարտավոր են օբյեկտիվ քննություն անցկացնել, որովհետև կտապալվեն իրենց բոլոր հայտարարությունները, եթե հիմա Դավիթ Սանասարյանի գործով օբյեկտիվ չլինեն։

Եթե նման գործերում օբյեկտիվ են, նշանակում է մյուս գործերի վրա էլ է դա տարածվում։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում իրավապահ մարմինները շատ անաչառ գործունեություն են ծավալում։ Դավիթ Սանասարյանի դեպքով հանրային հետաքրքրությունն էլ է շատ մեծ, ինձ փողոցում մոտենում, հարցնում են, թե ի՛նչ է լինելու այդ գործը։

Ամեն դեպքում մի դրական բան ասեմ, որ գործող իշխանությունները չեն կարող նախկինների հետ համեմատվել, նախկիններն ամեն կերպ ցույց էին տալիս մարդու մեղավորության աստիճանը, այսինքն՝ հաստատված էին համարում մարդու մեղքը նախաքննությունից զատ։ Հիմա մի փոքր զսպվածություն կա այդ առումով, ինչը դրական է բնութագրում իշխանություններին։ Կարծում եմ՝ հանրային վերահսկողությունը խանգարում էր նրանց ավելի ազատ լինել։

- Դատական իշխանության նկատմամբ չկա վստահություն, անգամ վարչապետն է խոսում, որ այս ոլորտում խնդիրներ կան։ Այս պայմաններում Դավիթ Սանասարյանի և մյուսների գործերով անաչառություն կարո՞ղ ենք ակնկալել։

- Պետք է անաչառ քննության պահանջը խիստ դրվի։ Այսօր էլ կան դատավորներ, որոնք տարբերվում են մյուսներից։ Հիմա կոնկրետ Դավիթ Սանասարյանի գործով չեմ կարծում, որ որևէ դատավոր կհամարձակվի ապօրինություն անել, քանի որ հանրային հետաքրքրությունը շատ մեծ է, և դա իշխանությունների համար ևս շատ կարևոր իրավիճակ է։ Այս գործով են կարծես թե ցույց տալու և հայտնի է դառնալու իրենց անաչառությունը, որովհետև շատ վիճելի գործ է։ Կարծում եմ՝ դատարանն այս դեպքում կարող է օբյեկտիվ լինել։

- Նշվում է նաև, որ եթե Դավիթ Սանասարյանն ապացուցի իր անմեղությունը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պետք է տուն գնա։ Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ եթե ԱԱԾ-ն սխալված լինի, Վանեցյանը պետք է հրաժարական տա։

- Չեմ կարծում, որ հրաժարական կտա, բայց լավ կլինի, որ ԱԱԾ տնօրենը հայտարարի, որ սխալվել է։ Նա պետք է հաշվի նստի հանրության հետ, և քանի որ շատ մեծ հեղինակություն ունի Դավիթ Սանասարյանը, ԱԱԾ-ն պետք է շատ պատասխանատվությամբ վերաբերվի այս գործին։

- Իսկ ԱԱԾ-ն ո՞վ պետք է վերահսկի, բացի այն, որ վարչապետն է նշանակում ԱԱԾ-ի տնօրեն։

- ԱԱԾ-ին վերահսկում էր պետական վերահսկողական ծառայությունը, այսինքն՝ Դավիթ Սանասարյանի կառույցը։ Երբեք չպետք է թույլ տալ, որ ԱԱԾ-ն գերիշխող դեր ունենա։ Նրա դերը հիմա ավելի մեծ է հասարակության մեջ, քան պետք է լինի։ ԱԱԾ-ն պետք է իր տեղում լինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am