«Ոստիկաններն ուզում էին մեզ սպանել, հերիք չէ, հիմա էլ, որ մեզ չեն սպանել, դրա համար փոխհատուցո՞ւմ են տալիս». Սարգիս Քլոյան

01-05-2019
1065 դիտում
«Ոստիկաններն ուզում էին մեզ սպանել, հերիք չէ, հիմա էլ, որ մեզ չեն սպանել, դրա համար փոխհատուցո՞ւմ են տալիս». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

- Պարո՛ն Քլոյան, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ 2008 թ. մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին օրինագծով փոխհատուցում կստանա 63 անձ, այդ թվում՝ ոստիկաններ։ Դուք դեմ եք ոստիկանների՝ աջակցություն ստանալուն, քանի որ պնդում եք՝ նրանք նախկին իշխանությունների ժամանակ ստացել են փոխհատուցում։ Լենա Նազարյանը նշում է, որ եթե այս նախագիծը ևս մեկ անարդարության պատճառ լիներ, ինքը դա չէր հեղինակի, քանի որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մենք բոլորս ենք տուժել և չպետք է տուժածներին բաժանենք յուրայինների ու օտարների։ Խնդրին ինչպիսի՞ լուծում եք տեսնում։

- Եթե խոսում են արդարության մասին, նրանք գումարը ստացել են։ Օրինակ՝ 2009-ին ես գնացել եմ Համլետ Թադևոսյանի գերեզման, մի մեծ՝ 20 մետրանոց գերեզման է, որ նախկին իշխանությունն է սարքել։ Իշխանությունը նրա ընտանիքին բնակարան է տվել, իշխանությունը նրա երեխաներին թոշակ է տվել, կանխիկ գումար է հատկացրել, մյուսներին, որոնք բեկորային վիրավորում էին ստացել, նրանք բոլորը պետության կողմից աջակցություն են ստացել, բայց չեմ հասկանում՝ հիմա հանուն ինչի՛ են նորից ուզում տրամադրել։ Հանուն համերաշխությա՞ն, բայց ի՛նչ համերաշխություն, եթե նրանք արդեն ստացել են։ Մեզ դա՛ է անհանգստացնում, ինչի՛ համար են նրանց տալիս, որ այդ մարդիկ ուզում էին մեզ սպանել, հերիք չէ, հիմա էլ, որ մեզ չեն սպանել, դրա համար փոխհատուցո՞ւմ են տալիս։ Իհարկե, իրենց իրավունքն է, բայց իմ կարծիքը հետևյալն է՝ ես համաձայն չեմ դրա հետ։

- Այսինքն՝ կարծում եք՝ նրանք իրենց չափաբաժինը ստացել են, դրա համար չպե՞տք է հիմա ստանան։

- Ես պնդում եմ՝ նրանք արդեն ստացել են աջակցություն պետության կողմից, և հիմա հերթը մերն է, թողեք մենք ստանանք։ Ինչքա՜ն ենք ունեցել ձերբակալվածներ, որոնց գործերը Եվրադատարան չեն հասել, թող նրանց էլ մի քիչ աջակցեն, թող մյուսներին մի քիչ արժանավայել աջակցություն ցուցաբերեն։ Մոտ 30-40 ոստիկանների ինչքա՞ն կարող են աջակցություն ցույց տալ։

- Աջակցության չափը կառավարությունը դեռ չի որոշել։ Ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում։

- Ես աջակցությանը համաձայն եմ, փոխհատուցմանը՝ ոչ։ Փոխհատուցումը դատական նիստի ավարտից հետո է լինում։ Ոչ մի դատական ատյանում և ՄԻԵԴ-ում չեն ավարտվել գործերը, ինչի՛ համար մեզ փոխհատուցում տան։ Եթե մեզ փոխհատուցում տան, այդ բոլոր գործերը ՄԻԵԴ-ից հետ կվերադառնան, կասեն՝ ուրեմն ձեզ մոտ բոլոր հարցերը լուծված են, տուժածներին փոխհատուցում տվել եք, Քոչարյանն էլ ձերբակալված է, էլ ի՞նչ եք ուզում մեզնից, և գործերը հետ կուղարկեն։

- Ձեր կարծիքը մարտի մեկի զոհերի մյուս հարազատները կիսո՞ւմ են արդյոք ոստիկաններին աջակցություն չցուցաբերելու հետ կապված։

- Մի չորս հոգու հետ խոսել եմ, նրանք էլ համաձայն են ինձ հետ, իսկ մյուսները՝ մեկը վատառողջ է, մյուսը հեռու է ապրում, չենք շփվել, բայց, իմ կարծիքով, նրանք ինձ հետ համակարծիք են։

- Նիկոլ Փաշինյանը ամռանը հայտարարեց, որ Մարտի մեկի գործը բացահայտված է։ Լիահո՞ւյս եք, որ այն կբացահայտվի։

- Անցել է 11 տարի, քննիչները չեն հերիքում, նոր գործեր են բացահայտվում, ուրիշ ճանապարհ չունենք, պետք է սպասենք, մինչև Մարտի մեկի էջը վերջնականապես կփակվի։ Իմ կարծիքով՝ մի քանի տարի տևելու է մինչև վերջնական բացահայտվի։ Ես թավշյա հեղափոխությունից հետո համարում եմ, որ Մարտի մեկի էջն ամբողջովին բացահայտված է, մանավանդ որ Մարտի մեկի գլխավոր մարդակերը ճաղերի հետևում է։

- Եվ իրեն քաղբանտարկյալ է համարում…

- Բա ո՜նց․․․ քաղբանտարկյալ, իհարկե ինքը քաղբանտարկյալ չէ․․․

Մանե Հարությունյան

MediaLab.am