«Ոստիկանության կողմից անպատժելիության մթնոլորտը առիթ է տալիս, որ ատելություն ու ապատեղեկատվություն տարածողները ավելի ինքնավստահ դառնան». Լարա Ահարոնյան

05-05-2019
1478 դիտում
«Ոստիկանության կողմից անպատժելիության մթնոլորտը առիթ է տալիս, որ ատելություն ու ապատեղեկատվություն տարածողները ավելի ինքնավստահ դառնան». Լարա Ահարոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։

- Տիկի՛ն Ահարոնյան, «Բուկինիստ» սրճարանում մի խումբ մարդիկ խափանել են «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը և ինչպե՞ս եք տեսնում նման իրավիճակներում խնդրի լուծումը։

- Այնտեղ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» միջոցառումն էր, որտեղ պետք է ներկայացվեր գիրքը՝ ուղղված ծնողներին, որ կարող են օգտագործել երեխաներին բացատրելու մարմնի անձեռնմխելիությունը, ինչպես պաշտպանված լինել սեռական բռնությունից։ Մենք վերջին շրջանում շատ ենք ստանում դեպքեր, երբ անչափահասների նկատմամբ էին սեռական ոտնձգություն և բռնություն կատարվում։

Մտածում էինք, որ այս գիրքը շատ կօգնի ծնողներին, որպեսզի կանխեն նման բաները և ճիշտ ձևով բացատրեն երեխաներին, որ նրանք պաշտպանված լինեն։ Մի խումբ մարդիկ, որոնց անունները մեր հայտարարության մեջ դրեցինք, փորձեցին խափանել շնորհանդեսը։ Դրանք նույն մարդիկ են, որոնք փորձում են տարբեր բաների դեմ պայքարել։ Առաջ պայքարում էին ընտանեկան բռնության դեմ պայքարելու հարցը բարձրացնողների դեմ, վերջերս պայքարում էին գարդասիլի դեմ և այլն։ Միշտ նույն դեմքերն ենք տեսնում, որոնք մտածում էին, թե իրենց պատկերացմամբ մենք երեխաներին չգիտեմ ինչ պետք է անեինք։

Անգամ չէին էլ նայել, թե գիրքն ինչի մասին է։ Նրանք միանգամից ներխուժեցին «Բուկինիստում» կազմակերպված միջոցառմանը, որ թույլ չտան միջոցառումը։ Մենք հետո իմացանք, որ մեկ օր առաջ հավաքվել են, որոշել են՝ ինչ անել։

Մենք ոստիկանություն հաղորդում ենք ներկայացրել, տեսնենք՝ այս անգամ ինչ կանեն։ Վերջին ամիսները ցույց են տալիս, որ ոստիկանության կողմից անպատժելիության մթնոլորտը առիթ է տալիս, որ ատելություն ու ապատեղեկատվություն տարածողները ավելի ինքնավստահ դառնան։ Հասարակական կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների, կանանց իրավունքների հետ կապված միջոցառումները այդ մարդիկ փորձելու են խափանել, որովհետև զգացել են, որ իրավապահներն իրենց քայլերին ոչ մի արձագանք չեն տալիս։

Սա շատ վտանգավոր է, որովհետև տանում է բռնության, ատելության ավելի տարածման։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում մարդկանց անվտանգության համար։ Նաև մտածում ենք, որ ամեն ինչ արվում է, ճնշում է գործադրվում, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները չկարողանան գործել, չխոսեն ոչ մի բանի մասին, լռեն։

- Այս անհանդուրժողականության մթնոլորտը, որ վերջին ամիսներին ավելի ցայտուն է դարձել, ինչո՞վ է պայմանավորված։ Հեղափոխության ժամանակ խոսվում էր հանդուրժողականության ու սիրո մասին, սակայն հիմա ավելի անհանդուրժողական են դարձել։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը։

- Կարծում եմ՝ հիմա մարդիկ տեսել են, որ ինչ ուզում են՝ կարող են պարտադրել։ Այդպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ «դուխով»-ը տարածվել է նաև ատելություն տարածողների վրա և իրենք ավելի «դուխով» են ատելություն տարածում։ Այստեղ մեծ դեր ունի նաև այն, որ իշխանությունները ճիշտ և ժամանակին չեն արձագանքում նման դեպքերին։

Եթե նախկին իշխանությունները քաջալերում էին նման բաները, նույնը չեմ կարող ասել նոր իշխանության մասին, բայց հիմա իշխանության կողմից անտարբերություն կա, և, կարծես, չեն ուզում այդ խնդրին անդրադառնալ։ Ու քանի որ չեն դատապարտում բռնության կոչերը, ազատ հավաքների մեր իրավունքը, դա քաջալերում է ատելություն քարոզողներին։ Նրանք սկսել են մտածել, որ ինչ ուզեն՝ կանեն, մեզ դուր չի գալիս, որ էդ թեմայի մասին խոսում եք, ըստ մեր անձնական արժեքների մենք կորոշենք, թե դուք ինչի մասին կխոսեք կամ չեք խոսի։

- Այս իրավիճակն իր մեջ ի՞նչ վտանգներ է պարունակում։ Հասարակության մեջ բևեռացո՞ւմն է խորացնում։

- Նախ՝ բռնության վտանգն է մեծանում, որ մարդիկ սկսում են իրար վրա հարձակվել, քրեական գործողությունների առիթ տալ, իրենց հարցերը բռնությամբ լուծել։ Երկրորդը մարդու ազատությունների, իրավունքների սահմանափակումն է։

Այսօր թույլ չեն տալիս խոսել այս թեմայով, վաղը կփորձեն թույլ չտալ խոսել այլ թեմաների շուրջ։ Վաղը կարող է մեր հետևից վազեն, ասեն՝ բավարար չափով երկար յուբկաներ չեք հագել, դա բարոյական չէ, հայեցի չէ և այլն։ Եթե այսպես շարունակվի, ամեն ինչ հնարավոր է։

Սահմանափակումների ալիք կարող է սկսվել, որից ամենաշատը կտուժեն այն մարդիկ, որոնք ավելի խոցելի են, որոնց իրավունքներն ավելի շատ են խախտվում, այն մարդիկ, որոնք մյուսներից ինչ-որ բանով տարբեր են, ովքեր չեն մտնում իրենց պատկերացրած հայի կերպարի մեջ։

- Այսինքն՝ իշխանությունների կողմից այս ուղղությամբ քայլեր չե՞ք տեսնում։

- Ցավոք, չեմ տեսնում ռեալ, հստակ քայլեր, և դա շատ մտահոգիչ է։ Վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերի մեծ մասը մնաց անպատասխան։ Իմ դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ, բայց ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Բայց հստակ բռնության շատ դեպքեր կան, որոնց իշխանությունները ընթացք չեն տվել։

Մարդիկ հասկանում են, որ եթե իրենք պատասխանատվության չեն ենթարկվում, իրենք իրենց թույլ են տալիս դանակով, զենքով փողոց իջնել, մարդկանց քարկոծել և սպառնալ։ Նման զարգացումները սահմանափակում են մարդկանց իրավունքները և տանում դեպի ոչ ժողովրդավարական կարգեր, որտեղ բռնությունը թույլատրված է, արտոնված է։

Դա ոչ մի կերպ չի համապատասխանում սիրո և համերաշխության կարգախոսներին, որի համար պայքարեցինք ու փողոց փակեցինք։

Մանե Հարությունյան

«Իմ մարմինն անձնական է» գրքի էլեկտրոնային տարբերակը նույնպես հասանելի է:

MediaLab.am