«Բակո Սահակյանը հայտարարել է, որ հայաստանյան հեղափոխությունը իր համար ողբերգություն էր, ասում էր, որ ինքը գիշերները բարձրաձայն ողբում է»․ Հայկ Խանումյան

07-05-2019
2306 դիտում
«Բակո Սահակյանը հայտարարել է, որ հայաստանյան հեղափոխությունը իր համար ողբերգություն էր, ասում էր, որ ինքը գիշերները բարձրաձայն ողբում է»․ Հայկ Խանումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

- Պարո՛ն Խանումյան, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։ Դուք ի՞նչ համատեքստում եք դիտարկում այս դիմումը։

- Երևի այն համատեքստում եմ դիտարկում, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահ է եղել, և գործող ու նախկին նախագահները դիմում են մյուս նախկին նախագահի համար։ 

- Իսկ քաղաքական ենթատեքստ կարո՞ղ է պարունակել այդ դիմումը։

- Այո՛, քաղաքական է։ Նախագահների դիմումը միշտ էլ քաղաքական է։ Սա նոր բան չէ, երբ Արցախից այդ հարցով դիմում են։ Եթե հիշում եք, Արցախի խորհրդարանի ուժերից երեքը ևս դեկտեմբերին դիմել էին Հայաստանի դատախազին, որպեսզի հնարավորություն տրվեր, որ Ռոբերտ Քոչարյանը Ամանորը տանն անցկացներ։ Դե հիմա էլ մայիսի 9-ն է, կարող է մի անգամ էլ սեպտեմբերի 21-ին դիմեն։ Տոներով պայմանավորված դիմումներ են։

- Միայն տոներով պայմանավորված, թե՞ սա հստակ ուղերձ է այն մասին, որ սրանով նրանք աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։

- Առջևում տոներ են, առիթը տոներն են։ Բայց դիմել են, քանի որ Քոչարյանը Արցախի նախկին նախագահ է եղել։ 

- Սրանում կա՞ այն ուղերձը, որ Արցախի նախկին ու ներկա նախագահները հստակ աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։

- Դրա մեջ կա այն ենթատեքստը, որ այս մարդիկ ուզում են, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև դատավարության սկսվելը կալանքի տակ չլինի։ Թե ուրիշ էլ ինչ կա, դժվարանում եմ ասել։ Դե, պետք է դիմեին, ինչո՞ւ չդիմեին։ Քոչարյանն իրենց թիմակիցն է եղել տարիներ շարունակ, Արկադի Ղուկասյանի հետ է աշխատել, մի խոսքով՝ թիմակիցներ են եղել, և այդ առումով նորմալ է, որ դիմել են։ 

- Մենք գիտենք, որ Արցախի իշխանությունները միանշանակ չեն ընդունել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։ Անգամ պարբերաբար նշվել է, որ ի դեմս Արցախի իշխանությունների՝ հակահեղափոխության օջախ կա։ Արցախի նախագահի աշխատակազմն արդեն պարզաբանել է, որ նախագահների այս դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված չէ։ Դուք ինչ եք կարծում, սա իրո՞ք Նիկոլ Փաշինյանի դեմ չէ։

- Արցախի նախագահականի ասածները չեմ ուզում մեկնաբանել, իրենք ունեն իրենց մեկնաբանողները, ավելի լավ է իրենք մեկնաբանեն։

- Իսկ սա կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դե՞մ է, թե՞ ոչ։

- Եթե ուզում եք իմանալ, Բակո Սահակյանը մի քանի շրջանակներում, այդ թվում՝ իմ ներկայությամբ, հստակ հայտարարել է, որ հայաստանյան հեղափոխությունը իր համար ողբերգություն էր։ Ասում էր, որ ինքը գիշերները բարձրաձայն ողբում է։ Իրոք, ինքը դա հրապարակային ու բարձրաձայն ասել է, այդ թվում՝ իմ ներկայությամբ։ Այսինքն՝ եթե հարցնում եք, թե ինչպե՛ս են նրանք ընդունում հեղափոխությունը, կարող եմ ասել, որ շատ վատ են ընդունում։ Եվ դա իրենց համար լուրջ ողբերգություն է, որովհետև Բակո Սահակյանն ուզում էր առնվազն մինչև 2030 թվականը վերարտադրվել, ուզում էր իրեն խան ու թագավոր զգալ։ Բայց հեղափոխությունը նաև նրան զրկեց այդ հնարավորությունից։ Դրա համար էլ մարդը պետք է ողբա, պետք է բարձրաձայն լացի, ճանկռոտի դեմքը։

- Եվ նաև նման քայլեր անի Ռոբերտ Քոչարյանի՞ օգտին։

- Կարծում, որ դա նախկինների կամ ներկաների օգտին քայլ է։ Դա նախկին նախագահի գործոնով պայմանավորված քայլ է։

- ՀՀ գլխավոր դատախազությունը արդեն հայտարարել է, թե քանի որ Քոչարյանի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում, գլխավոր դատախազությունը քրեական վարույթ իրականացնող մարմին չէ։ Հետևաբար, Արցախի նախկին և ներկա նախագահների դիմումի քննարկումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։ Սա սպասելի՞ զարգացում էր։

- Հարցը իրավական տիրույթում է։ Եթե գործը դատարան է ուղարկված, երևի մի հատ էլ պետք է դատարան դիմեն։ Չեմ կարող այս հարցին հստակ պատասխանել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am