Ռոբերտ Քոչարյան․ Ընդդիմադիրը

09-05-2019
3813 դիտում
Ռոբերտ Քոչարյան․ Ընդդիմադիրը

Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ընդդիմություն լինել այն պատճառով, որ նրան թվում է, թե եղել է օրինական իշխանություն։ «Ռոյթերս» գործակալությանը Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ մտադիր է մասնակցել հզոր ընդդիմության ձևավորման աշխատանքներին։

Չկա նման բան։ Նա իշխանություն չի ունեցել։ Նա ունեցել է անպատժելիություն։ Եվ հենց դա է ուզում վերադարձնել ինքը։ Եվ նա չի կարող լինել ընդդիմություն։ Որովհետև իր ձայնը, իր ճշմարտությունը, իր իրավացիությունը նա կորցրել է դեռ «իշխանության» օրոք։ Նա ուղղակի չի եղել ՀՀ նախագահ։ Եվ պետք է մեկը նրան ասի՝ ընկե՛ր, դու կարող էիր հավակնել ընդդիմադիր լինելուն, եթե նույնիսկ 10 տարի որպես հանցագործ եղած լինեիր իբրև պատմական անհրաժեշտություն։

Ի՞նչ է նշանակում՝ մտադիր եմ մասնակցել ընդդիմության ձևավորմանը։ Այսինքն՝ ուզում եմ փողոց ձևավորել։ Այսինքն՝ ինքը ուզում է դառնալ հեղափոխական, որի համար գլխավոր «գործիքն» ունի՝ բանտը։ Ռոբերտ Քոչարյանն ուզում է բանտից դուրս գալ որպես վրիժառու։

Որովհետև նա քաղաքական հայացքների համար չի նստել։ Նա չի նստել նախագահի պաշտոնում թույլ տված սխալների համար։ Եվ նա չի ձերբակալվել որպես ընդդիմադիր գործիչ։ Պետք է մոռանալ, որ այս մարդը 10 տարի եղել է նախագահ։ Նրա իրական գործունեությունը սկսվում է 2008-ի փետրվարի 23-ից, որն ավարտվել է մեկ շաբաթ հետո՝ մարտի 1-ին։

Այս մարդուն Սերժ Սարգսյանի հետ ընդհանրացնում է հենց այն, որ երկուսն էլ եղել են մարդիկ, որոնք մեկշաբաթյա իշխանություն են ունեցել։ Իսկ փետրվարի 23-ից առաջ նրա արածների համար քրեական այլ գործեր կան։ Պետության հետ նրա առնչությունն այդ մեկ շաբաթից ավելին չէ, և մենք լավ գիտենք, թե ինչով է դա ավարտվել։

Մեկը պիտի՞ նրան ասի՝ ընկե՛ր, սա բոլորովին այլ Հայաստան է, և խնդիրը դու չես, այլ քո հին Հայաստանը, որը վերադառնալու բան չէ։ Էդ մարդիկ չկան, որոնք քո օրոք արել են ամենայն անբարոյականը։ Նրանք կա՛մ նստած են, կա՛մ փախած։ Իսկ սոսկ կամակատարներով ընդդիմադիր բևեռ ձևավորել չի ստացվի։

Դու ամեն ինչ արել ես իշխանություն ունենալու համար։ Դու կեղծել ես, դու խաբել ես, կաշառել ես, քեզ են կաշառել, թույլ ես տվել, որ մեկ ուրիշը կաշառի քեզ նման մեկին։ Քո իշխանության օրոք կիսատ մնացած քաղաքական ո՞ր ուղերձը տեղ հասցնելու համար ես ուզում վերադառնալ իշխանություն։ Ամենասարսափելին այն է, որ դու ուզում ես ժողովուրդ ձևավորել, քանի որ այդ ժողովուրդն այսօր չկա։

Վատն այն է, որ նրան թվում է, թե իրեն բանտում ուզում է տեսնել միայն Նիկոլ Փաշինյանը։ Ահա ինչու մեկը պիտի նրան ասի՝ 10 տարի ազատ մարդ էիր, դուրս գայիր Երևանի կամ Հայաստանի որևէ այլ քաղաքի փողոցներ և իմանայիր, թե ինչ են մտածում քո մասին։ Եվ ինչո՞ւ է բոլորիդ թվում, որ անցնելու եք Լևոն Տեր-Պետրոսյանի տրորած ճանապարհով, այսինքն՝ կարող եք վերադառնալ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ապագա էր հեռացել, դուք նույնիսկ ձեր անցյալի տեղը չգիտեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթեց այսօրվա իշխանության ճանապարհը, դուք նույնիսկ ձեր ճանապարհը դեպի «երիտասարդ թոշակառու» չկարողացաք հարթել։

Լևոն Տեր-Պետրոսյանը կարդում է գրքեր, որոնք դեռ պիտի գրվեն, ձեր կարդացած գրքերը նույնիսկ գրված վիճակում չեն կարդացվում։ Նա, եթե ոչ մի տող էլ չգրի, էլի ինչ-որ բան կկարողանա ապացուցել, դուք գրվածով անգամ չեք կարողանում։

Ամենասարսափելին այն է, որ դուք իշխանության տեսլական չունեք, որովհետև ժողովրդի տեսլական չունեք։ Դուք ոչ մի տեղից եք ուզում գալ իշխանության՝ սաֆարիներից ու այլ հաճույքներից։ Որովհետև դուք ձեր իշխանությունից քայլ անգամ չեք կատարել դեպի նոր Հայաստան, որտեղ այլ իշխանություն է լինելու։ Եվ որի ընդդիմությունը պիտի մի քիչ ավելի լավը լինի, քան 73 տոկոս հեղինակություն ունեցող իշխանությունը։

Այնպես որ, հանգիստ նստեք տեղներդ։ Պատմությունը ձեզ զրկել է մեզ օգտակար լինելուց։

Մհեր Արշակյան

MediaLab.am