Հարված թիկունքից

12-05-2019
2544 դիտում
Հարված թիկունքից

Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահների դիմումը ՀՀ դատախազությանը կարծես պատշաճ ուշադրության և քննարկման առարկա չդարձավ: Այնինչ, մոտեցումն ինքնին վտանգավոր էր և խմբային շահի արտացոլում:

Հայաստանյան ներքաղաքական ճգնաժամերում Արցախի խնդիրը, մինչև դրա վերջնական կարգավորումը, անընդհատ լինելու է դամոկլյան սրի նման կախված կողմերի գլխին: Այդպես էր 1998 թվականին, երբ իրադարձությունները հանգեցին հայտնի արդյունքին: Կարծես այդպես են ուզում անել նաև հիմա:

Սույն խնդրի ամենավտանգավոր կողմը շահարկումն է հայաստանցի-արցախցի անջրպետի: Սրանից անընդհատ ու բոլոր հնարավոր ձևերով խուսափել է անհրաժեշտ: Երբեք չի կարելի նույնացնել Արցախի իշխանություններին ու նրանց դիրքորոշումն արցախահայության հետ: Հասկանալի է, որ պատերազմի մեջ գտնվող հասարակությունը կարիք ունի ինչ-որ չափով փակ լինելու: Հասկանալի է նաև, պատերազմական հասարակություններում թույլատրելի են որոշակի սահմաններ, որոնք պարզապես անկենսունակ են խաղաղ պայմաններում:

Վերոշարադրյալը նախևառաջ պետք է գիտակցեն Արցախի նախկին ու ներկա ղեկավարները և ռազմական վերնախավի որոշ անդամներ:

Արցախի հարցի չկարգավորված լինելը մեզ ցանկալի թիրախ է դարձնում արտաքին հարվածների պարագայում: Չափազանց հեշտ է կոնֆլիկտ ունեցող պետությունների դեմ կազմակերպել տարատեսակ դավադրություններ և որոշ դեպքերում՝ հաջողել:

Հայտնի է նաև, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ոչ միանշանակ են ընդունվում տարբեր ուժային կենտրոնների կողմից:

Դրանք խախտեցին տարիներ ի վեր ձևավորված մի հստակ հասարակարգ ու հարաբերությունների ոլորտ: Նախկինում ամեն ինչ հստակ էր: Քո երկիրը ներկայացնում էր ոչ լեգիտիմ առաջնորդ, որն էլ դառնում էր խոցելի:

Իրավիճակի կտրուկ փոփոխություններից հետո ուժային կենտրոնները մի պահ դադար վերցրեցին, որպեսզի հարմարվեն ստեղծված նոր կացությանը: Այժմ նրանք ոչ միայն հարմարվել են, այլև ավելի են փորձելու ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ հին ու փորձված մեթոդներով: Սխեման պարզ է:

Անհրաժեշտ է, որ այս ամենը գիտակցեն բոլոր այն շրջանակները, որոնք այսօր այս կամ այն կերպ դժգոհում են ներկայիս իշխանություններից կամ իրենց համարում են ընդդիմադիր դաշտի գործիչներ: Սակայն դառը փորձ ցույց է տվել, որ նրանք ոչնչի առջև չեն կանգնի սեփական ամբիցիաները բավարարելու պարագայում:

Շատ կարևոր է, որ սա գիտակցեն նաև Արցախի ղեկավարությունը և գեներալիտետը: Եթե անգամ բացառենք արտաքին գործոնի ազդեցությունը, ապա կունենանք նույն հանգրվանը՝ պառակտում:

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունները որևէ կերպ չեն տեղավորվում միասնականության և Հայաստանի նկատմամբ հարգանքի տրամաբանության մեջ:

Բալասանյանն ուզի թե չուզի՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընտրված վարչապետն է: Վերջին 20 տարում միակ ղեկավարը, որը հայաստանյան հասարակությունից ստացել է իրեն ներկայացնելու մանդատ:

Այս համատեքստում Փաշինյանը նաև Արցախի հարցով բանակցողն է: Մյուս կողմից՝ նա գերագույն գլխավոր հրամանատարն է և նաև Արցախի անվտանգության երաշխավորը:

Ուրեմն ի՞նչ է սա: Հերթական խունտայիկ և կլանային պայքարի արտացոլո՞ւմ: Նախընտրական փուլում քաղաքական էժանագին դիվիդենտների կուտակում՝ արհեստական ստեղծված միֆականությունների ֆոնն օգտագործելով, թե՞ ուղիղ անարգանք ՀՀ նկատմամբ:

Ցանկացած տարբերակի պարագայում սա ուղիղ հարված է թիկունքից: Այն հարված է Հայաստանին ու Արցախին միաժամանակ:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am