Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից

13-05-2019
161 դիտում
Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից

Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը(Ամենամեծը՝ Արփի լճում է)։

Մաքրման աշխատանքների  ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։

Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին  իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։

Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել  և հանձնել է վերամշակման»։