Արարատ Միրզոյանը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

13-05-2019
376 դիտում
Արարատ Միրզոյանը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում։ Այս մասին Միրզոյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի հայրենակիցներ,

Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս հարցում լավագույն լուծումները գտնելու մեր քաղաքական թիմի հանձնառությունը։

Վստահ եմ, որ լավագույն լուծման համար պարտադիր նախապայման են առավելագույնս ներառական լայն քննարկումները, որոնք հնարավորությոուն կտան պարզել, թե հանրության տարբեր շրջանակներն, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մասնագիտական ու ակադեմիական շրջանակները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիները ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։

Ուստի, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո այսօր որոշում եմ ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ։

Լսումների ընթացակարգը և մասնակցության հայտերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Ազգային ժողովի կայքում»։