Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Վարդգես Գասպարիի` ոստիկանության հարուցած գործը

15-05-2019
299 դիտում
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել Վարդգես Գասպարիի` ոստիկանության հարուցած գործը

Քննչական կոմիտեն մայիսի 15-ին վարույթ է ընդունել խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում  հարուցված քրեական գործը:

«Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը (Վարդգես Գասպարին) հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի  ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք տվել են հայհոյանքներ, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք»,- նշում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- հավելում է քննչական մարմինը` տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: