«Ցնցված եմ. տիկին Բելլան, որ որևէ զոհի հարազատի չի ցավակցել, այսօր անտարբերությունից է խոսում». իրավապաշտպան

15-05-2019
2120 դիտում
«Ցնցված եմ. տիկին Բելլան, որ որևէ զոհի հարազատի չի ցավակցել, այսօր անտարբերությունից է խոսում». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Տիկի՛ն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նախօրեին իրենց շատ ագրեսիվ էին պահում դատարանի բակում, անգամ շշով հարվածեցին քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին։ Շատերը նշում են, որ ոստիկանությունն իր բարձրության վրա չէր և անգամ բերման ենթարկելուց հետո բոլորին ազատ է արձակել։ Ձեր կարծիքով, սա ինչո՞վ է պայմանավորված, իշխանությունն այս առումով մտածելու բան չունի՞։

- Ես կարող եմ արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հայտնվել են արտոնյալ վիճակում։ Ոստիկանության զգուշավորությունն ինձ համար անհասկանալի է, երբ շշով հարվածում են մարդու դեմքին, ակնհայտ բռնություն են գործադրում, վնասվածք պատճառում, և մինչև հիմա քրեական գործ չի հարուցվել։

Այդ օրը ոստիկաններն իսկապես անգործության էին մատնված, բայց սա ոչ թե նախորդ իշխանությունների օրոք ընդունված վերևից ցուցումների հետևանք էր, այլ ինձ թվում է, որ ոստիկանները չգիտեին՝ ինչպես իրենց պահել ստեղծված իրավիճակում։

Այսօր ոստիկաններն ավելի ուշադիր ու ավելի կոմպետենտ էին, քան երեկ, երբ թույլ տվեցին, որ Քոչարյանի, այսպես կոչված, համակիրները հարձակումներ գործեին փաստաբան Սեդա Սաֆարյանի վրա, նեղեին, հոգեբանական ճնշումներ գործադրեին հարգված, ճանաչված փաստաբանի նկատմամբ։ Պետք էր անմիջապես արձագանքել և տեղը դնել այդ համակիրներին, որոնցից միայն ատելություն էր ժայթքում։ Ես շատ մեծ ատելություն եմ տեսնում այդ մարդկանց կողմից, որը երեկ ակնհայտ էր։

- Ի՞նչ պետք է փոխվեր նոր Հայաստանում ոստիկանի աշխատանքում, գործողություններում, որ չի փոխվել։ Կարելի՞ է ասել, որ մենք նախկինի շարունակության ականատեսն ենք։

- Ես չեմ ուզում հիմա առանձնացնել ոստիկանությանը՝ որպես անգործության մատնված կառույցի։ Պարզապես, Քոչարյանի կողմն այնքան է բողոքում, այնքան մանրուքներից է խոսում, թե դատախազը որ դռնից մտավ, ով որ կողմը նայեց, այդ մանրախնդրությունը հանգեցրել է նրան, որ ոստիկանության կողմից առավել զգուշավորություն ցուցաբերելու հետ գործ ունենք։

Ես չեմ արդարացնում նրանց, ոստիկանները պետք է անեին խիստ և ադեկվատ գործողություններ։ Բերման էին ենթարկել, պետք է քրեական գործ հարուցեին, հատկապես որ հայտնի է, թե ով է հարվածողը, որպեսզի դա չշարունակվեր։

Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Քոչարյանի կողմը հայտնվել է արտոնյալ վիճակում, անհավասար իրավիճակ է ստեղծվել։ Գուցե ոստիկանությունն ինքը բացատրություն տա, թե ինչով է պայմանավորված իր պասիվությունը, գուցե իրենց մասին դրական են խոսում՝ տեսնելով, որ ավելի զգուշավոր են, բայց երբ ես տեսնում եմ Քոչարյանի այսպես ասած համակիրների ագրեսիան, կարծում եմ՝ դա պետք է սանձել։ Նրանք առանձնանում էին իրենց սանձարձակ պահվածքով, ինչը ոստիկանները չպետք է թույլ տան։ Բոլորը հավասար են օրենքի առջև և ոչ մեկին չպետք է խնայել։

- Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի որդու հայտարարությունները, թե միլիարդատեր չէ, բայց միլիոնատեր է, որ բիզնեսով է զբաղվել։

- Իրենք արդեն այնպես են լողում միլիոնատերերին, միլիարդատերերին հատուկ կյանքում, որ մոռացել են, թե երբ և ինչպես են հարստացել։ Դա իրենց համար բնական վիճակ է, որ իրենք այդպես միլիարդատեր ծնվել են։ Բայց մենք բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես է Քոչարյանը եկել Հայաստան և ինչպես է հարստացել։ Իսկ նրա որդին պարզապես բնական է համարում իրենց միլիոնատեր լինելը։ Ինձ ամենից շատ ցնցել էր Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի ելույթը «5-րդ ալիքով», որտեղ շատ էր զարմացել, որ Քոչարյանին չի սատարում Հայաստանի ամբողջ բնակչությունը։

Շատ էր շշմել դրանից ու ասաց՝ սա ի՛նչ անտարբերություն է։ Իսկ ես ցնցվեցի նրա այդ գնահատականներից։ Այսինքն՝ բացարձակապես չտեսնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչքան մարդիկ են բանտերը նետվել, ծեծվել, խոշտանգվել բոլորիս աչքի առջև, ինչ հրամաններով, ինչ ատելությամբ է դա արվել։ Փաստորեն տիկին Բելլան տեղյակ չի եղել այդ ամենից և կարծում էր, թե իր ամուսինը դրախտ է սարքել հայ ժողովրդի համար ու հիմա զարմացել էր, որ մարդիկ չեն գալիս կանգնում Քոչարյանի կողքը։ Դա միլիոնատիրոջ իրենց վիճակն է, որում իրենք ապրում են և կարծում են, թե հավերժ ծնվել են այդ միլիոնների մեջ։ Հույս ունեմ և հավատում եմ, որ արդար դատաքննություն է լինելու, առաջադրված մեղադրանքները մանրամասնորեն քննվելու են դատարանում, և ավելին է հայտնի դառնալու մարդկանց, քան մինչև հիմա տեղյակ են։

- Քոչարյանն արդեն հայտարարել է, որ կողմնակալ և մտածված քննություն է տարվում։

- Քոչարյանը վախկոտ պահվածք է դրսևորում՝ իր մանրախնդրությամբ, իրեն անմեղ հայտարարելով։ Նա որևէ բարոյական մոտեցում չի ցուցաբերել տեղի ունեցածի նկատմամբ։ Նա շարունակում է հայտարարել, թե անմեղ է ու պետք է ապացուցի իր անմեղությունը։ Այն պահանջները, որ նա դրել է պաշտպանական կողմի վրա, որ բարձրաձայնում են ամենամանր խախտումները։ Ես դեռ նրա պաշտպաններից չեմ լսել որևէ կոպիտ խախտման մասին, որ որևէ ձևով խախտվել են Քոչարյանի իրավունքները։ Քոչարյանն ամենալավագույն ձևով է մեկուսացվել, և նրա բոլոր իրավունքները պահպանվել են։ Շուտով կսկսվի բուն դատաքննությունը, և մենք տեսնելու ենք, լսելու ենք բոլոր հարցերի մասին։ Բայց այդ մարդը կամ իր հավաքած, այսպես կոչված, համակիրներն ավելի շատ իր դեմ են աշխատել։

Քոչարյանը ուղղակի որպես հանրապետության նախկին նախագահ մեղա չի եկել մարդկանց առաջ։ Ուղղակի ասեր՝ ես էի այս երկրի ղեկավարը և վատ եմ զգում, որ այդ ամենը տեղի է ունեցել։ Նրանք որևէ մեկի չեն ցավակցել:

Ցնցված եմ. տիկին Բելլան, որ  որևէ զոհի հարազատի չի ցավակցել, այսօր անտարբերությունից է խոսում։ Նրանք միլիոնատերեր են, երկնքում են ապրում ու կողքները մարդ չեն տեսնում։ Նրանց քայլերը պարզապես հարձակվելու ինչ-որ մի ձև են, քանի որ, ինչպես ասում են, լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Ես շատ վատ տպավորություն ստացա տիկին Բելլայի ելույթից, ըստ որի Քոչարյանը Հայաստանը դրախտ է դարձրել ու հիմա հայտնվել է ճաղերի հետևում։ Այդ մոտեցումը որևէ աղերս չունի իրականության հետ։

Մանե Հարությունյան

MediaLab.am