Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում անձնական երաշխավորություն ներկայացրին՝ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ

16-05-2019
448 դիտում
Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում անձնական երաշխավորություն ներկայացրին՝ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․ 

«Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»: