«Էխոն ցույց տվեց աղջիկ, աբորտից հետո պարզվեց՝ տղաներ էին»․ Հայաստանում չգրանցվող սելեկտիվ աբորտները շարունակում են մտահոգիչ մնալ

16-05-2019
«Էխոն ցույց տվեց աղջիկ, աբորտից հետո պարզվեց՝ տղաներ էին»․ Հայաստանում չգրանցվող սելեկտիվ աբորտները շարունակում են մտահոգիչ մնալ

30-ամյա Աննան վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հղիության արհեստական ընդհատում է արել՝ մեկը 14 շաբաթականում, մյուսը՝ 13: Նրա չծնված երկու երեխաներն էլ տղա էին, թեպետ երիտասարդ կինը նրանցից ազատվել էր որպես աղջիկներ:

«Էխոն սեռը ցույց տվեց աղջիկ, երկու աղջիկ արդեն ունեինք, ամուսինս չէր ուզում, որոշեցինք հանել: Գնացի Երևան, հանեցինք, հետո բժիշկներն եկան, ասեցին, որ երեխեն տղա էր: Երկու անգամ էդպես էղավ»,- «Մեդիալաբին» հուզմունքով պատմում է Աննան, որը ոչ մի կերպ չի ուզում համակերպվել տեղի ունեցածի հետ։

Աննայի ափերի մեջ հղիությունների վերջին փաստն է՝ արդեն մաշված, ուլտրաձայնային հետազոտության ժամանակ արված պտղի լուսանկարը։ Ամեն անգամ սև-սպիտակ լուսանկարին նայելով կինը սկսում է արտասվել։

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Աննան միակը չէ, ով տղա ունենալու համար դիմել է ծայրահեղ քայլին․ պտղի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտներն այստեղ շարունակվում են։ Չնայած վերջին տարիներին սելեկտիվ աբորտների դեմ տարվող տեղեկատվական լայնածավալ ծրագրերին, Հայաստանում սելեկտիվ աբորտների խնդիրը դեռևս խիստ արդիական է, իսկ Գեղարքունիքի մարզը այս հարցում, ըստ մասնագետների՝ ռեկորդակիր։

Հայաստանում աբորտները օրենքով թույլատրված են մինչև 12 շաբաթական ժամկետը։ 2016 թվականին ընդունած օրենքի փոփոխությունների`«բժշկի կողմից բԺշկական կամ սոցիալական ցուցումների` նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»։ Հղիության արհեստական ընդհատումը ապօրինաբար կատարելը քրեականացված է և առաջացնում է պատասխանատվություն՝ տուգանքից մինչև ազատազրկում: Սակայն, հաշվի առնելով, որ երեխայի սեռը գործնականում հնարավոր է պարզել 12 շաբաթական հղիությունից հետո միայն, պարզ է դառնում, որ այս տիրույթում կատարվող գործողությունները մնում են թաքնված և անվերահսկելի։ Վիճակագրությունն այս մասով թերի է․ սեռով պայմանավորված աբորտները Հայաստանում ինչպես եղել են թաքնված, այդպես էլ շարունակում են մնալ փակ դռների հետևում:

36-ամյա Գայանեի (Իջևան) մոտ հղիության ընդհատման վիրահատությունը երևանյան բուժհաստատություններից մեկում արվել է նույն մեթոդով՝ գաղտնի, տևել է մի քանի ժամ։ Ասում է՝ ծառայության համար վճարել է 30 հազար, սակայն ամեն ինչ արվել է առանց գրանցման ու արձանագրության։ Գայանեն նշում է, որ հստակ որոշել էր, որ պիտի ազատվի աղջիկ երեխայից. «Մեռնեմ էլ, իմ ամուսնու համար մի տղա պետք ա ունենամ»:

Փորձառու մանկաբարձ-գինեկոլոգը, որը նախընտրեց անանուն մնալ, նշում է, որ այս ոլորտում օրենքները մեծ հաշվով չեն գործում։ Նա նաև նշում է կանանց առողջության համար առկա մեծ ռիսկի մասին՝ հաշվի առնելով, որ սելեկտիվ աբորտները կատարվում են հղիության ավելի ուշ ժամկետում, երեխայի սեռը պարզելուց հետո։

«Որպես այս կաթսայի մեջ եփվող մարդ՝ ասում եմ, որ այդ օրենքը չի աշխատում: Անպայման կգտնվի մի բժիշկ, որը ծանոթի միջոցով կամ հավելյալ գումարով կանի աբորտ: Որևէ տարբերակ չկա ապացուցելու, որ աբորտը սեռով պայմանավորված է․ ասում են՝ զարգացման արատ կար, դե արի ապացուցիր, որ այդպես չի եղել, կամ առհասարակ թաքցնում են, դե արի ու բացահայտիր՝ եղե՞լ է այդ աբորտը, թե՞ ոչ», - «Մեդիալաբին» ասում է նա։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, հակառակը, կարծում է, որ վերջին տարիների օրենքի ընդունումից հետո իրավիճակ է փոխվել, և աղջիկ-տղա ծնունդների հարաբերակցությունը զգալիորեն բարելավվել է:

Ավելին, պաշտոնյան կարծում է, որ 13 շաբաթականից հետո սեռով պայմանավորված աբորտներ արգելելը խստացում էր:

«Մենք դեռևս 2014-ին շրջանառության մեջ դրեցինք մի նախագիծ, որը պետք է արգելեր մինչև 30 շաբաթական հղիությունը կնոջը ասել երեխայի սեռը: Բայց մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը մեզ ասացին, որ նման քայլ անելու իրավունք չունենք, քանի որ դա հակասում է անձի բուժսպասարկում ստանալու մասին օրենքին՝ յուրաքանչյուր անձ ունի իրավունք ստանալ տեղեկություն իր և պտղի առողջության մասին: Հետևաբար, մենք չէինք կարող գնալ այդ քայլին: Այդ ուղիով գնացել է Հնդկաստանը, որտեղ դատում են նույնիսկ կնոջը, որը փորձել է իմանալ երեխայի սեռը, բայց ոչ մի արդյունքի չի հասել»,- նշում է Գայանե Ավագյանը:

2008-2012 թվականներին ծնված երեխաների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100-115, 2014-ին` 100-113.4, 2015-ին` 100-112.7, 2016-ին` 100-111.9, 2017-ին` 100-109.8: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2018-ին ցուցանիշը մեկ նիշով աճել է՝ 100 աղջկա դիմաց 111 տղա:

Ըստ ՄԱԿ-ի կողմից հաստատված չափորոշիչների՝ առանց միջամտությունների, բնականոն է համարվում 100 աղջիկ երեխայի հաշվով 105 տղա երեխայի ծնունդը։

«Գիտեք՝ մեկ նիշով բարձրանալը կամ իջնելը լուրջ ստատիստիկա չէ, մենք այնքան բարձր ցուցանիշ ենք տեսել: Դա խոսում է միտումի մասին, որ կա իջեցում»,- ասում է Գայանե Ավագյանը:

Ի տարբերություն նախարարության մասնագետի, ով խոսում է դրական դինամիկայի մասին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում (ՄԱԲՀ/UNFPA) մտահոգիչ միտումներ են նկատում:

1999 թվականից ի վեր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը Հայաստանում տարաբնույթ ծրագրեր է իրականացնում։ Այս կառույցն առաջինն էր, որ բարձրաձայնեց Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի մասին, իսկ 2013-ին այն հաղթահարելու լայնածավալ արշավ նախաձեռնեց։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն ասում է, որ Հայաստանում 2013-ից սկսած յուրաքանչյուր տարի աղջիկ-տղա հարաբերակցությունը մեկ նիշով նվազել է, սակայն 2018-ին եղել է հակառակը՝ այդ ցուցանիշը մի փոքր բարձրացել է՝ 100 աղջկա դիմաց հասնելով 111 տղայի:

«Մեզ համար ցավալի է 2018-ին գրանցված ցուցանիշը», - ասում է նա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատուն նշում է, որ բնականոն ցուցանիշին հասնելու համար երկար աշխատանք պետք է իրականացվի: Ի վերջո, մարդկանց վարքագիծը պետք է փոխել՝ նրանց հորդորելով չդիմել սեռով պայմանավորված աբորտների:

Այդ քայլին, ըստ Ծովինար Հարությունյանի, սովորաբար դիմում են այն երկրներում, որտեղ կան երեք հիմնական նախապայմաններ՝ զգալիորեն նվազող ծնելիություն, զարգացող տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարելի է որոշել պտղի սեռը, և տղա երեխայի նախապատվություն:

Հայաստանը 2013-ին իր ցուցանիշներով զիջել է Չինաստանին, որտեղ 100 աղջկա դիմաց ծնվել է 118 տղա, և Ադրբեջանին, որտեղ աղջիկ-տղա հարաբերակցությունը եղել է 100-116: 110-ը գերազանցող մակարդակներ են դիտարկվել Հնդկաստանում, Նեպալում, Վիետնամում, Ալբանիայում և Մոնտենեգրոյում, ինչպես նաև հարևան Վրաստանում։

Օրինակ՝ Հնդկաստանում սովորույթ կա աղջիկ երեխային «օժիտ» տալու, որը ծնողների համար սոցիալական բեռ է, ինչի պատճառով էլ մարդիկ հրաժարվում են աղջիկ երեխաներից:

Սեռով պայմանավորված աբորտների խնդիրը առանձնապես սուր է Հայաստանի հյուսիսում գտնվող Գեղարքունիքի մարզում, որտեղ չափանիշները գրեթե նույն հորիզոնականում են գտնվում աշխարհում սելեկտիվ աբորտներով առաջատար այս և այլ երկրների կողքին։

Մարտունի քաղաքի ծննդատանը, որտեղ այցելում են Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերից, աղջիկներ քիչ են ծնվում. օրինակ՝ այս հունվարին այստեղ ծնված 106 երեխաներից 60-ը տղա են, 46-ը՝ աղջիկ, փետրվարին ծնված 51 երեխաներից՝ 32-ը տղա են, 19-ը՝ աղջիկ:

2018-ին Մարտունիում ծնվել է 579 տղա, 457 աղջիկ երեխա, այսինքն՝ 122-ով տղաները շատ են եղել:

«Այստեղ տղաները գերակշռում են, հիմնականում աղջիկներից հրաժարվում են: Այդ խնդիրը դեռ չի լուծվել»,- «Մեդիալաբին» ասում է Մարտունու ծննդատան փոխտնօրեն, կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Աշոտ Հովհաննիսյանը:

«Մարդիկ էստեղ մտածում են՝ եթե տղա չեղավ, խոտը կմնա դաշտում, հողը կմնա անմշակ: Մեր մոտ աշխատունակ տղամարդկանց 65 տոկոսը դուրս է գալիս աշխատանքի, գնում է խոպան: Ընտանիքներում տղայի գերապատվությունը կապված է այս հանգամանքի հետ», -հավելում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանը:

Անահիտ Գևորգյանի ղեկավարած կազամակերպությունը նախորդող երկու տարիներին իրականացրած ծրագրի շրջանակներում մարզի տարբեր համայնքներում հանդիպումներ է կազմակերպել բնակիչների հետ, աղջիկ երեխայի կարևորության, ծնունդների հավասարակշռության և այլ թեմաներով իրազեկման աշխատանքներ տարել։

«Ծանոթներիցս մեկի հարսը հղի է, երրորդ երեխային են սպասում, իմացան, որ աղջիկ է: Եկան ինձ մոտ, շատ տխուր էին, բայց ասեց՝ Անահիտ ջան, ինչ ուզում է լինի, պետք ա ունենա, Աստծու տված ա, ես ո՞նց իմ հարսին ասեմ՝ գնա հանի»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Գևորգյանը,- մեր ծրագրի ընթացքում նաև այսպիսի արդյունքներ ենք գրանցել»:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման հետևանքով Հայաստանում տարեկան 1700 տղա ավելի է ծնվում, և տարեկան 1500-2000 աղջիկ չի ծնվում: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2060 թվականը Հայաստանում 93 000 աղջիկ չի ծնվի, ինչը մեր երկրի գրեթե երեք տարիների ընթացքում ծնված երեխաների թիվն է:

«Մենք մոտավորապես երեք տարվա ծնունդ կորցնում ենք միայն այն պատճառով, որ մեր երկրում կա տղա երեխայի նախապատվություն», - նշում է Ծովինար Հարությունյանը:

Վայքից 27-ամյա Կարինեն իր երրորդ երեխայի աղջիկ լինելու մասին «էխո»-ի պատասխանը ընտանիքից թաքցրել է՝ նրանց ասելով, որ տղա են ունենալու:

«7 ամիս ինձ փայփայում էին, բամբակի մեջ պահում, լավ սնունդ, վիտամիններ, բայց հենց աղջիկս ծնվեց, բոլորը շատ սառը ընդունեցին, ամուսինս անգամ ծննդատուն չեկավ մեզ տանելու, իսկ տանն էլ երբ երեխան լացում էր, կեսուրս ասում էր՝ գնա, քո երեխու ձենը կտրի»,- «Մեդիալաբին» պատմում է նա:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) 2017-ին իրականացրել է հետազոտություն, որի համաձայն տղա երեխայի նախապատվության հիմնական հիմնավորումները ներառում են հետևյալ պնդումները. «տղան տոհմը շարունակողն է» (64%), «տղան ունեցվածքի ժառանգորդն է» (33%), «տղան հայրենիքի պաշտպանն է» (17%):

Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն ասում է՝ Հայաստանի հասարակության որոշ հատվածը, որն ավելի պահպանողական է, ավանդույթի ուժով է նախապատվությունը տալիս տղա երեխաներին:

«Կային տնտեսական պատճառներ, որ հնում մարդիկ Հայաստանում ցանկացել են տղա երեխա ունենալ: Զուտ դաշտում աշխատուժ ունենալու հանգամանքներից ելնելով՝ տղա երեխաների ծնունդը համարել են կարևոր, որովհետև ինչքան շատ տղամարդ լիներ ընտանիքում, այնքան բարեկեցիկ ապրելու հույս էին ունենում: Այս մոտեցումը շատ հին արմատներ ունի»,- բացատրում է ազգագրագետը:

Նա մեջբերում է նաև Հայաստանում տարածված արտահայտություններ, որոնք կիրառում են աղջիկ ունեցող կանանց դեպքում՝ «թամբալ ես», «մորդ ես քաշել», «չբաշարեցիր տղա ունենալ»։

Ազգագրագետն ասում է, թե կինը, որը ունեցել է տղա երեխա, ընտանիքում կայունության երաշխիք է ձեռք բերել, իսկ աղջիկ ծնվելու դեպքում փոխվում են շնորհավորանքների բովանդակությունը և ձևը. «Ոչինչ, կարևորը առողջ լինի, աղջիկ բերողը տղա էլ կբերի»։

Տղա ունենալու ցանկությունն այնքան մեծ է, որ հարսանիքների ժամանակ հարսի ձեռքը տղա են տալիս, որ տղա ունենա։

«Մարտունիում մի բազմանդամ ընտանիք կա, որտեղ երկու եղբայրներից մեկը երկու աղջիկ է ունեցել, մյուսը՝ երկու տղա: Աղջիկ ունեցող եղբոր կինը պատմում էր, որ տղա ունեցած հարսի կենացը տոների ժամանակ խմում էին, իսկ իրեն չէին էլ հիշում: Ասում էր՝ ոնց որ ես էդ տան հարսը չլինեմ», - պատմում է Անահիտ Գևորգյանը:

Ժամանակները փոխվել են, և ազգագրագետ Աղասի Թադևոսյանը կարծում է, որ նման մոտեցումը, որը թյուրիմացաբար համարվել է ազգային, գոյություն ունենալու որևէ հիմք չունի: Ազգագրագետն իր ուսանողների շրջանում նկատել է՝ երիտասարդները զարգացած են ու հումանիստական արժեքների կրողներ են:

«Մեր հասարակությունում շատ էական է սեռով պայմանավորված խտրականության խնդրի լուծումը, և ես կարծում եմ, որ դրա հաղթահարման լավագույն ձևը կրթության համակարգն է, կրթությունը: Կրթության միջոցով պետք է դա անել, որ համատարած բնույթ կրի, որովհետև դա հասարակությանը լուսավորելու խնդիր է, իսկ լուսավորչական խնդիրները լուծվում են կրթության միջոցով»,- վստահ է Աղասի Թադևոսյանը:

Նկարազարդումները` Վահե Ներսեսյան

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am