Ռոբերտ Քոչարյան. «Աբխադիտը»

17-05-2019
4552 դիտում
Ռոբերտ Քոչարյան. «Աբխադիտը»

Դեռ վաղ է մտածել, թե ինչ է ուզում անել Ռոբերտ Քոչարյանը դատարանում: Ասենք, ու՞մ է ուզում համոզել, որ մարտի 1-ից մինչեւ 20-ը Հայաստանում սահմանափակված չի եղել ինտերնետը, որ ցուցարարները Լեոյի փողոցում կրակել են իրավապահների վրա, որ նռնակներ են նետել:

Դեմքով ու՞մ գիտի այդ մարդը, որին պիտի համոզի, որ նման բաներ են եղել: Եթե անմեղ եք, ինչու՞ դատավարության սկզբից չցավակցեցիք զոհերի հարազատներին, Հայաստանը կարծես թե դրա համար է հավաքվել անհարմար ակուստիկա ունեցող մի դահլիճում, որ Մարդու արդարացումներ լսի:

Իսկ ինքն ասում է՝ ես փախնող տղա՞ եմ:

Այ քեզ բան:

Վտանգավոր մարդու մասին է խոսքը, ոչ թե՝ փախնող: Մարդու մասին է խոսքը, որ քաղաքացիական զոհերից ոչ մեկի հուղարկավորությանը ներկա չի եղել, որ գրքում անգամ չի գրել, թե ինչ անքուն գիշերներ է լուսացրել թեկուզ երկու իրավապահների մահվան պատճառով:

Իմ տեղեկություններով նույնիսկ միակ տղամարդը կարող է մարսողության խանգարում ունենալ, եթե ինքը կարող է կանխել մի բան ու չի կանխում:

Ի՞նչ են այս մարդուն խորհուրդ տալիս փաստաբանները: Չեն ասու՞մ, որ հենց միայն մարդ սպանելու անպատժելիությունը նրան դարձնում է պատասխանատու: Ո՞վ է ասում, որ անձամբ է սպանել: Ո՞վ էր Նյուրնբերգում Գերման Գյորինգին դատում անձամբ մարդ սպանելու համար:

Ոչ ոք:

Էդ մարդիկ մահացել են ձեր նախագահության օրոք, ուղղակիորեն նախագահի ընտրությունները կեղծելու արդյունքում: Դուք ո՞նց եք խոսում էն մասին, որ ձեր խնդիրն էր թուլ չտալ, որ չընտրված մարդը դառնա երկրի նախագահ: Ձեզ հենց դրա համար են դատում, որ կանխակալ որոշումներով դրությունը հասցրել եք 10 զոհի:

Հատուկ մեթոդ եք մշակել, թե ինչպես խոսել դրվագներից, որոնք վկա չունեն, ասենք, իրավապահների վրա կրակելը: Իբր ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը տեսանյութ է ցույց տվել, որ գործում չկա: Ու դուք էդքան հանգիստ նայեցիք էդ տեսանյութը եւ կրկնօրինակելու կարիք էլ չզգացիք:

Ցավը հենց դա է, որ եթե ձեր պաշտպանության մեջ մեթոդ կա, դուք անմեղ չեք: Որովհետեւ նստել եւ մշակել եք «աբխադիտի» պլան:

Ասում եք, որ 0038 հրամանին ծանոթ չեք եղել: Բայց «պնդում եմ, որ դա ճիշտ հրաման էր»: Այսինքն, հիմա ունեք տեսակետ մի հրամանի մասին, որով իշխանություն են պահել մարտական զենքերի կիրառմամբ: Ի վերջո պահածներդ մի իշխանություն չէ՞ր, որը մերժված էր հենց այդ օրից:

Դուք ոչնչացրել էիք ընտրությունները որպես «մերժման ինստիտուտ», հետեւաբար պիտի սպանեիք: Դուք ուղղակի էս օրը չեք կանխատեսել:

Ես հիշում եմ, թե ինչ թեթեւությամբ էր 2008-ի հունիսի 27-ին Սերժ Սարգսյանն ասում՝ իշխանությունների կողմից ուժ չկիրառելը կհանգեցներ ավելի մեծ թվով զոհերի:

Եթե 10 զոհերի սպանության մասին ոչ մի այլ փաստ էլ չլինի քրեական գործում, հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդու այս հայտարարությունը հերիք է: Մարդն ասում է՝ կհանգեցներ ավելի մեծ զոհերի:

Այսինքն, այո, սպանել ենք, բայց հենց դրանով կանխել ենք ավելի շատ սպանություններ: Այսինքն, քաղաքացիական պատերազմ:

Սա գոնե ձայնագրված է: Հասկանու՞մ եք, «իշխանությունների կողմից»:

Այն ժամանակ էլ են նստել ու մտածել, թե ո՞նց հասարակությանը «կերցնեն» 10 մարդու սպանությունը: Կրկին գործի են դրել «աբխադիտը»: Եվ ահա թե ինչ է ստացվել դրանից:

Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ հրապարակային չընդդիմացավ Սերժ Սարգսյանին, թե՝ ընկեր, էս ի՞նչ ես խոսում, ի՞նչ ուժի կիրառում, ի՞նչ ավելի շատ զոհեր:

Իսկ չի ընդդիմացել, որովհետեւ 2019 թվականի մայիսյան էս օրերը չեն պատկերացրել, համոզված են եղել, որ ցմահ մարսելու են:

Այդպես էլ չիմանալով, որ մարսողը մենք ենք: Իսկ մենք չենք մարսում:

Մհեր Արշակյան

MediaLab.am