Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել»

20-05-2019
4981 դիտում
Սերգո Երիցյանի դատավոր որդին խորհուրդ է տալիս վախի դեմ «չիշիկ խմել»

Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, յուրահատուկ խորհուրդով է հանդես եկել։ 

Տեղեկացնենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին լսելով մարդիկ փակել են դատարանների մուտքերը։ «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անցկացնելու ժամանակը»,-կեսօրին նախատեսված իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։

Սարգիս Երիցյանն արձագանքել է զարգացումներին` ֆեյսբուքյան գրառմամբ։ «Իմ շատ սիրելի ըներներ լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն ՉԻՇԻԿ խմեք ասում են օգնում ա»,-մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք, որ մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Սարգիս Երիցյանը կարճ ժամանակահատվածում հսկայական ունեցվածք կուտակած դատավորների թվին է դասվում։ Հարստությունից զատ, Սարգիս Երիցյանի անունը նաեւ ներառված էր այն պաշտոնյաների զավակների շարքում, որոնք չեն ծառայել բանակում։