«Քառօրյայի մեղավորը Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական իշխանություններն են և կոմպլեքս պետք է պատժվեն». Վահան Բադասյան

21-05-2019
3022 դիտում
«Քառօրյայի մեղավորը Հայաստանի և Արցախի քաղաքական ու ռազմական իշխանություններն են և կոմպլեքս պետք է պատժվեն». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

- Պարո՛ն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու: Ձեր կարծիքով, իսկապե՞ս մենք կունենանք բացահայտումներ, ի՞նչ ակնկալիքներ ունեք հիմա՝ հաշվի առնելով, որ դուք նախկինում պարբերաբար խոսել եք քառօրյա պատերազմի բացերի մասին։

- Ես, իհարկե, շատ բան գիտեմ քառօրյայի մասին, բայց շատ դեպքերում չեմ արտահայտվել՝ մտածելով, որ պետք չի բարձրաձայնել, որովհետև կարող էի վնասել, այսինքն՝ ժողովուրդը վախենա, խուճապի մեջ ընկնի։ Սակայն ժողովուրդը գիտեր, որ մենք տվեցինք ավելի քան 100 զոհ, ու դա ինչ-որ մարդկանց մեղքով է եղել։ Ես հիմա ողջունում եմ, որ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը խոսում է այդ մասին, և իրոք ժամանակն է, որ մեղավորները պատժվեն։

Ընդ որում, հարցը ոչ թե մեղավորներին պատժելն է, այլ որ նման բան այլևս տեղի չունենա, որ բանակը չթուլացվի։ Որովհետև այն սև գործերը, որ արել են, նաև դավաճանություն է։ Բոլորը կոմպլեքս մեղավոր են և պետք է պատժվեն։ Դրանք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքական ու ռազմական իշխանություններն էին:

- Կարծում եք՝ կլինե՞ն պաշտոնյաներ, որոնք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

- Այո՛, ես կարող եմ նույնիսկ թվարկել։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի ղեկավարելով երկիրը, ի՞նչ վնաս է հասցրել բանակին որպես գլխավոր հրամանատար։ Նա սկիզբ է դրել քրեաօլիգարխիկ համակարգին, որի ներկայացուցիչներն առանց հարկեր մուծելու անօրեն հարստացել են, այդ թվում՝ նաև ինքը։ Երկրի ընդերքն ամբողջությամբ տրվել է օֆշորային սուբյեկտների։ Երկրի տնտեսական լծակները «ատկատներով» հանդերձ օտարել են ուրիշներին։ Այդտեղից եկած եկամուտներով պետք է բանակը հզորանար։

Բայց նա բանակը թողել էր բարձիթողի վիճակում, բանակի ռազմարդյունաբերական եղած ճյուղերն ամբողջովին քանդել է և բանակը հասցրել է այն վիճակի, որ դիրքերում անվտանգությունն ապահովել են տուշոնկայի դատարկ բանկաներով։

Դա դեռ Քոչարյանի ժամանակներից։ Իսկ իր իրավահաջորդ, իր ժառանգ Սերժ Սարգսյանը, շարունակելով երկիրն ու բանակը թուլացնել, հասել է նրան, որ կադրային հարցերում ջարդ է կատարել բանակում։ Հասել էին նրան, որ դատարկվել են ռազմական ուսումնարանները, հասել են նրան, որ թե՛ երկրորդ նախագահը, թե՛ երրորդ նախագահը բանակն օգտագործել են անձնական շահերի համար ու հետընտրական պրոցեսներում։

Բանակում կադրերին ընտրում էին ոչ թե հաշվի առնելով մարտական պատրաստականության աստիճանը, այլ թե իրենց կարողությունն ինչքան է, որ ստոր ձևով ծառայեն անձամբ իրենց և այդ հրամանատարների միջոցով կարողանան թե՛ զինծառայողների, թե՛ նրանց հարազատների շրջանում ձայներ կորզել իրենց համար։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բանակի քայքայում։ Բացի դրանից, սպառազինության հարցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1980-ական թվականների զենքով են կռվել մեր զինվորները։ Իսկ ինչո՞ւ էին իրենց մեքենաները ժամանակակից։ Ինչո՞ւ 2016-ին իրենց մեքենաները շատ թարմ էին և մի քանի հարյուր հազար դոլարանոց։ Բայց 2016 թվականին իրենք չեն կարողացել նույնիսկ հասարակ, փոքր արժեք ունեցող տեսախցիկները տեղադրել դիրքերում, որպեսզի զինվորը ամեն ինչ տեսնի, և թշնամու ներթափանցում չլինի։

Ինչո՞ւ չեն կարողացել կազմակերպել և հետ վերցնել դիրքերը։ Չէ որ մշակվել է օպերացիան, և անհաջողության են հասել ու բազմաթիվ զոհեր տվել։ Ո՞վ է անալիզ արել, ո՞վ է քննարկել, թե ի՞նչ սխալներ են արել, որ այդքան զոհ են տվել։ Ո՞վ էր մսխել ժամանակին բանակի գումարները։ Ով ինչքան գումար էր ստանում առաջնագծում աշխատելու համար և այդ գումարները գրպանել է։ Սրանք հարցեր են, որոնք իհարկե վերաբերում են ռազմական հանցագործությունների, որ ժամանակին կատարել են բոլորը՝ սկսած 1994 թվականից։ Բանակի հաշվին հարստացել են գեներալները։

- Ովքե՞ր են, ըստ ձեզ, քառօրյա պատերազմի ժամանակ թերացել, ովքե՞ր պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Խոսք էր գնում կապի պատասխանատուի մասին։

- Ո՛չ, դա կապ չուներ կապի պատասխանատուի հետ։ Առաջին հերթին մեղադրյալի աթոռին պետք է նստեր Սերժ Սարգսյանը, հետո՝ բոլորը հերթով։

- «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Դուք երկու՝ նախկին և ներկա նախագահների միջնորդությունը ինչպե՞ս եք գնահատում։

- Ռևանշիստական և սեպարատիստական։

- Նրանք հայտարարում են, որ նման նպատակ չեն ունեցել, խնդիրը բարոյական տիրույթում է։

- Այդտեղ ռևանշիզմ և սեպարատիզմ կային, որ կոծկեն նաև իրենց հանցագործությունները։ Չէ՞ որ Մարտի մեկի գործի քննությունն է, իսկ Մարտի մեկին ուղղակի հանցակից էր նաև Բակո Սահակյանը, որ զորք էր ուղարկել Հայաստան։ Դիտեք Մովսես Հակոբյանի հարցազրույցը, որտեղ ինքը պարզ ասում է, որ ինքը հրաման է կատարել և ուղարկել է։ Ինքը կատարել է Արցախի գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող անձնավորության հրամանը։ Եվ Բակո Սահակյանը նույնպես պետք է կանգնի դատարանի առջև։

Նրանք մատը մատին չէին տալիս անվտանգության զարգացման, ժողովրդագրության աճի հետ կապված։ Ծաղկում էին անարդարությունը, կոռուպցիան, Արկադի Ղուկասյանի իշխանությունը այս ամենն անում էր ավելի գրագետ ձևով, որին հաջորդել է Բակո Սահակյանը, որը հաջորդել է երկրի բնական ռեսուրսների, էներգետիկ ռեսուրսների ավելի խորը թալանը, և իհարկե այսօր ունենք այն, ինչ ունեցանք։

2016-ի ապրիլը մեկ օրում չի եղել, կամաց-կամաց է եղել։ Սկսած 2004-ից մինչև 2016-ը ովքեր մեղավոր են, պետք է պատասխան տան, որովհետև այնտեղ կան այնպիսի մեղադրանքներ, որ վաղեմության ժամկետ չունեն։

Մանե Հարությունյան

MediaLab.am