«Վարունգի գինը բարձր է՝ ճանապարհ ենք փակում, լոլիկի գինը ցածր է՝ ճանապարհ ենք փակում, բայց հեղափոխությունը չի կարող մշտապես կրկնվել»․ Ռուբեն Բաբայան

22-05-2019
1123 դիտում
«Վարունգի գինը բարձր է՝ ճանապարհ ենք փակում, լոլիկի գինը ցածր է՝ ճանապարհ ենք փակում, բայց հեղափոխությունը չի կարող մշտապես կրկնվել»․ Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

- Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում դատական իշխանության առողջացման ուղղությամբ կատարվող քայլերը։ Որքանո՞վ էին դրանք ուշացած կամ ճիշտ ժամանակին։ Նոնսենս չէ՞ր ունենալ լեգիտիմ օրենսդիր ու գործադիր իշխանություն և չունենալ լեգիտիմ դատական իշխանություն։

- «Ուշացած» բառն օգտագործում են, երբ արդեն հույս չկա, բայց այս դեպքում, իհարկե, հույս կա։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է, և խնդիրը ոչ միայն այդ բարեփոխումների գնալն է, այդ համակարգն ամբողջությամբ փոխելն է, այսինքն՝ ոչ միայն վարչական լծակներով այդ հարցը լուծելը, այլ նաև այստեղ անհրաժեշտ է իրականացնել մտածողության փոփոխություն։ Ինչպե՞ս է ընդհանրապես դատարանն ընկալվում հասարակության կողմից. ընկալվում է որպես ինչ-որ պատժիչ մարմին, որի ամբողջ գործառույթն այն է, թե ինչ պատիժ տալ այս կամ մարդուն։ Իրականում դատարանը պետք է կատարի արդարադատության խնդիր։ Մենք պետք է ուզենանք դիմել դատարան, մենք պետք է վստահենք դատավորներին գուցե ավելի շատ, քան պատգամավորներին։

Մենք դրա փորձը չունենք, ունենք անցյալ, երբ անկախության տարիներին դատարաններն անկախ չէին, մենք ունենք խորհրդային անցյալ, երբ դատարանները նույնպես ազատ չէին և կատարում էին այն բոլոր հրամանները, որ գալիս էին վերևից։ Մենք ունենք նախասովետական անցյալ, լինի Ռուսական կայսրությունում թե Օսմանյան կայսրությունում, երբ էլի նույն պատկերն էր։ Միգուցե Մխիթար Գոշի ժամանակ է եղել արդար դատարան, ես չգիտեմ։

Ես կարծում եմ, որ միայն այն փաստարկը, որ մենք՝ այսօրվա իշխանությունը, չենք խառնվում դատական գործընթացների մեջ, շատ թույլ է։ Ոչ թե չխառնվելը պետք է լինի բարի կամքի դրսևորում, այլ պետք է լինի պարտադիր պահանջ, որ եթե նույնիսկ լինի խառնվելու ցանկություն, ոչ ոք դրա իրավունքը չունենա։ Որովհետև եթե դա կախված է միայն բարի ցանկությունից, ժամանակի հետ այդ բարի ցանկությունը կարող է փոխվել, կամ փոխվի այն անձը, որ ունի այդ բարի ցանկությունը։ Այստեղ համակարգային մեծ փոփոխություն է պետք։

Որպես օրինակ կարող ենք նայել ԱՄՆ-ի փորձը, որտեղ դատավորներին ընտրում են։ Եվ անպայման պետք է լինեն վերահսկող, հակակշռող ինստիտուտներ, որտեղ պետական իշխանության որևէ ճյուղ չպետք է դուրս մնա վերահսկողությունից և համարի, որ ինքը կարող է անել այն, ինչ ուզում է, առանց որևէ վերահսկողության։

- Դատարանները շրջափակելը շատ քննադատվեց նախկինների կողմից, քաղաքական ուժերի կողմից։ Արդյոք սա սահմանադրական կարգի խախտո՞ւմ էր, թե՞ ամեն դեպքում բողոքի ակցիա էր։

- Ճիշտն ասած, ես այնքան էլ լավ չհասկացա դատարանների դռները փակելու իմաստը, որովհետև եթե դա ակցիա էր, ապա կարելի էր իրագործել դատարանների մոտ սովորական պիկետներով, ցույցերով, և այդ ժամանակ, կարծում եմ, առանց դատարանների աշխատանքը խոչընդոտելու մասնակիցների թիվը ավելի շատ կլիներ, որովհետև չեմ կարծում, թե որևէ մեկը կասկած ունի, որ մեր դատարանները փոխելու կարիք իսկապես կա։ Այդ ակցիայի նպատակահարմարությունը, արդյունավետությունը ինձ համար այնքան էլ պարզ չդարձավ։

Ավելին, կա որոշակի վտանգ, և այստեղ խոսքն այն մասին չէ, թե քանի մարդ է մասնակցում կամ չի մասնակցում։ Մենք տեսնում ենք, որ շատ արագ բողոքի որոշակի ձևեր լայն տարածում են ստանում և ամեն առիթով օգտագործում են, օրինակ՝ ճանապարհներ փակելը։

Վարունգի գինը բարձր է՝ ճանապարհ ենք փակում, լոլիկի գինը ցածր է՝ ճանապարհ ենք փակում և այլն։ Բայց հեղափոխությունը չի կարող մշտապես կրկնվել։ Նույնը կարող է կրկնվել հիմա, ինչ-որ մեկին կարող է դուր չգալ դատարանի որոշումը, և նա փորձի գալ իր ընտանիքով խոչընդոտել դատարանի աշխատանքը՝ ասելով՝ դե, այդ տեսակ փորձ կա, մենք էլ ժողովուրդ ենք, մենք էլ իրավունք ունենք այս ձևով գործել։ Ուրեմն խոսքը ոչ թե կարծիք կամ դժգոհություն արտահայտելու մասին է, այլ միգուցե ձևի։ Կարծում եմ, որ նույն արդյունավետությանը կարելի էր հասնել դռները չփակելով։ Սա իմ անձնական վերաբերմունքն է, որը որևէ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված չէ։

- Վերջին շրջանում Հայաստանի դատարանների կողմից որոշ գործերով, մասնավորապես, Քոչարյանի և մյուսների, կայացված որոշումներով կարծեք դատական իշխանությունը պատերազմ է հայտարարել գործադիր և օրենսդիր իշխանությանը։ Դուք այդպիսի տպավորություն ունե՞ք։

- Ես կարծում եմ, որ երբ ուշանում են բարեփոխումները, համակարգը սկսում է հակադրվել այդ սպասվող փոփոխություններին։ Որովհետև եթե դատական համակարգը փոխելու կոնկրետ ծրագիր ներկայացնեն, նույնիսկ իր ժամկետային մոտեցումներով, ամեն ինչ կլիներ շատ ավելի հասկանալի։

Ցավոք սրտի, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մենք փորձում ենք բարոյախոսություններով փոխել դատական համակարգը։ Կարծում եմ՝ սա մի փոքր միամտություն է, և միգուցե որոշակի հիասթափություն եղավ մարդկանց մոտ, որոնք սպասում էին այդ փոփոխություններին, և ինչ-որ հույս տվեց ինչ-որ մարդկանց, որոնք կարծեցին, թե որևէ փոփոխություն չի կատարվելու։ Այնպես որ, երբեք պետք չի ուշանալ։ Այդ տեսանկյունից դատաիրավական համակարգը փոխելու այն ծրագիրը, որը ներկայացրեց վարչապետը, շատ տեղին էր և իմաստ ունի դրանով զբաղվելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am