Հայաստանի վերականգմանն ուղղված բարեփոխումների հայեցակարգ․ անցումային արդարադատություն

22-05-2019
150 դիտում
Հայաստանի վերականգմանն ուղղված բարեփոխումների հայեցակարգ․ անցումային արդարադատություն

Անցումային արդարադատությունը դատական համակարգի անկախության առումով պետք է լուծի ոչ թե դատավորի անկախությունը, այլ ամբողջ դատական իշխանության կրողի անկախությունը։ Այս մասին ասվում է հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների՝ դեռևս 2018 թվականի դեկտեմբերին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում»։

Ի՞նչի համար է պետք անցումային արդարադատությունը

Ըստ հայեցակարգի, որի հեղինակներն են «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», Հայաստանում անցումային արդարադատության պատշաճ հայեցակարգի մշակումն ու իրականացումն ապահովելու է նախկինում չքննված կամ կոծկված գործերի պատշաճ քննությունը, մարդու իրավունքների խախտումների զանազան դրսևորումների քննությունը, ճշմարտության բացահայտումը, զոհերին հնարավոր հատուցման տրամադրումը, պետական համակարգի՝ այդ թվում՝ իրավապահ, անվտանգության և դատական մարմինների առողջացումը, ինչպես նաև կանխելու է հետագայում նման խախտումների ի հայտ գալը և նպաստելու է խախտումների դեպքում դրանց պատշաճ և իրավաչափ արձագանքմանը:

Հայեցակարգում նշվում է, որ մինչ այժմ գործադիր և իշխանության այլ ներկայացուցիչները, կատարելով հակաիրավական արարք, ունեցել են անպատժելիության զգացում, որը նպաստել է նման վարքագծի շարունակական դրսևորմանը: Դատական համակարգի կողմից չպատժելը և նույնիսկ նման հակաիրավական վարքագծի պարտակելը վկայում է, որ Հայաստանը փաստացիորեն չի ունեցել դատական անկախ իշխանություն, այլ պարզապես ունեցել է մարդիկ, որոնք կատարել են դատական իշխանության գործառույթներ՝ առանց դրա գոյության փիլիսոփայության ու արժեքների պահպանման և գիտակցման:

«Այսպիսով, հեղափոխությունը փոխեց գործադիրին, գործադիրը ընտրությունների միջոցով ապահովեց, որ փոխվի օրենսդիրը, բայց դատական համակարգը չփոխվեց և մնաց նախկին ռեժիմի մի մասը»,- ասվում է հայեցակարգում:

Ի՞նչ է պետք անել

Հայեցակարգի հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են անհապաղ մշակել անցումային արդարադատության հայեցակարգ, գործողությունների ծրագիր՝ ներգրավելով քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը, ինչպես նաև ընդունել օրենք անցումային արդարադատության մասին, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և չափանիշներին:

Քաղհասարակության ներկայացուցիչների պատրաստած հայեցակարգում առաջարկվում է նաև իրականացնել իրավապահ, անվտանգության, դատական համակարգի վեթինգ (զտում/ստուգում), որով կստուգվի այդ համակարգերում աշխատող անձանց բարեվարքությունը, կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածությունը, մասնագիտական պատրաստվածությունը:

Ընդ որում, հայեցակարգում առաջարկվում է ապահովել, որ սույն համակարգերը համալրվեն նոր կադրերով՝ միևնույն ժամանակ ամբողջովին չմաքրելով դրանք նախկին աշխատակիցներից, որոնք ունեն լուրջ և անհրաժեշտ ինստիտուցիոնալ փորձ:

Անցումային արդարադատության պայմաններում, ըստ հայեցակարգի հեղինակների, պետք է ապահովել, որ արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում անարդարացիորեն պատժի դատապարտված անձինք հնարավորություն ունենան դիմելու և վերաբացելու իրենց դեմ գործերը, և տեղի ունենա գործերի քննության արդարացի գործընթաց: Որպես տարբերակ՝ կարելի է ստեղծել առանձին դատախազության ստորաբաժանում, որը կզբաղվի այդ գործերով և կազմված կլինի նախկինում այդ գործերում չներգրավված, բարձր հեղինակություն, օբյեկտիվություն և անաչառություն, մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող մասնագետներով:

Ընդհանուր առմամբ, ըստ հայեցակարգում ներկայացվող առաջարկների տրամաբանության, անցումային արդարադատությունը  պետք է արտացոլի գործնականում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների արժեքների կիրառումը:

Մեր նախորդ հրապարակներում անդրադարձել էինք «Հայաստանի Հանրապետության վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգի»՝ դատարաններին վերաբերող հատվածին։

www.UICArmenia.org