«Չի կարելի թավիշը այդքան շահարկել, պետք է լանցետը վերցնել ու սկսել, եթե կես տարի էլ ուշացար, քեզ են անելու». Էդգար Բաղդասարյան

23-05-2019
1005 դիտում
«Չի կարելի թավիշը այդքան շահարկել, պետք է լանցետը վերցնել ու սկսել, եթե կես տարի էլ ուշացար, քեզ են անելու». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը։

- Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատավորները վեթինգի կենթարկվեն։ Քննարկվում է նաև նրանց ունեզրկման հարցը, ոմանց խորհուրդ են տալիս ինքնակամ հեռանալ, սպասվում է, որ պատիժներ կլինեն։ Ի՞նչ կարծիք ունեք դատական համակարգի առողջացման այս գործընթացների մասին։

- Ես միանշանակ կողմ եմ վեթինգին, ինչպես նաև լյուստրացիային եմ կողմ։ Կարծում եմ՝ դա անհրաժեշտություն է, անկախ նրանից, թե ով է վարչապետը, ես կողմ եմ այդ քայլերին։ Հակառակ դեպքում դուք չեք կարող առաջ գնալ։ Մենք շատ լավ հիշում ենք՝ ինչ երկրից ենք եղել, ուր ենք հասել և ինչ է եղել այստեղ։ Բոլորը կաշառքով միլիոններ են դիզել։

Սովետից դա եկել է և շարունակվում է մինչև հիմա։ Դեռ Սովետի ժամանակ գնացուցակ կար, թե որ պաշտոնն ինչ արժեր։ Այդ ամբողջ համակարգը շատ սահուն անցել է անկախ Հայաստան ու եկել է մինչև մեր օրեր։ Եվ մենք հիմա դրան ենք ռաստվել, հայ ժողովրդի գիտակցության խնդիր կա այստեղ, դա պատահական չի եղել։ ԽՍՀՄ-ը միակ երկիրն էր, որ եթե կաշառակերին նշանակում էին պաշտոնի, ասում էին՝ լավ գործի է։ Չէին ասում՝ հանցագործություն է, դա համարվում էր լավ գործ։

- Իշխանության կողմից կա կարծիք, որ մեկ տարի ժամանակ էր տրված, բայց դատավորները չփոխվեցին։ Այսինքն՝ ինքնամաքրման գործընթաց չեղա՞վ։

- Վարչապետի քայլերից էլ է երևում, որ դրանք ուշացած քայլեր են, դա ակնհայտ է։ Մեկ տարին բավական երկար ժամանակ էր՝ սա անելու համար, որովհետև փողոց ղեկավարելն ու պետություն ղեկավարելը տարբեր բաներ են։ Դրա համար քայլեր կան, որ պետք է անես և պետք է բոլորին դուր չգաս։ Բոլորին դուր է գալիս միայն 100 դոլարանոցը։

- Լուծումը ո՞րն է՝ ձերբակալություննե՞ր, ունեցվածքից զրկե՞լ։ Այսինքն՝ կոշտ վիրահատական մեթոդների՞ պետք է դիմեն, թե՞ այլ տարբերակ էլ կա։

- Ես մեկ տարի խոսք էի տվել այս մասին չխոսել, բայց մեկ տարին անցավ, հիմա կարող եմ ասել։ Պատմության մեջ թավշյա հեղափոխություն գոյություն չունի և չէր կարող լինել։ Եթե թավշյա է, ուրեմն հեղափոխություն չէ, կա՛մ հեղաշրջում է, կա՛մ իշխանափոխություն։ Հեղափոխությունը լրիվ ուրիշ բան է, արմատական փոփոխություններ է պահանջում և ցավ էլ է պատճառում։ Ամեն քայլափոխի կրկնում են՝ սիրո ու համերաշխության հեղափոխություն։

Սեր ու համերաշխություն ո՞ւմ հանդեպ՝ չեմ հասկանում, նրանց հանդեպ, ովքեր կյանքներս կերե՞լ են, Հայաստանում ֆեոդալի՞զմ են հաստատել։ Ի՞նչ սեր, ի՞նչ համերաշխություն, ես սա բացարձակ չեմ ընդունում։ Նոր եկել ու հասել են խիրուրգիային։ Եթե արդեն վիրահատական միջամտության մասին են խոսում, էլ թավիշը ո՞րն է։ Չի կարելի դա այդքան շահարկել, պետք է լանցետը վերցնել ու սկսել։ Եթե կես տարի էլ ուշացար, քեզ են անելու։

Վաղուց պետք էր գործել, գոնե կես տարի առաջ։ Եթե ես լինեի, կանեի միանգամից, վարչապետ նշանակվելու երկրորդ օրը։ Եթե մենք անկախ դատական համակարգ չկարողացանք ստեղծել, այս ամենը անիմաստ է։ Ինչ դրա համար պահանջվում է, պետք է անես՝ թավիշ է դա, լանցետ է, թե ատոմային ռումբ։ Այդ քայլերը պետք է արվեն հանուն վաղվա օրվա։

- Մարդիկ մեկ օրով ակցիա արեցին դատարանների շենքերի առաջ, բայց քննադատվեց, թե ո՞ւմ դեմ է ակցիան, եթե վարչապետի ձեռքին են եղել փոփոխությունների լծակները։

- Ես չեմ մասնակցել այդ ակցիային, որովհետև իմաստ չեմ գտել դրա մեջ։ Եթե դա ինձ ասեին 7-8 ամիս առաջ, ես առաջինը կգնայի։ Հիմա պետք է առանց իմ կողմից դատարանի մուտքը փակելու դա արվի։ Վերցրու և արա, հիմա բոլոր լծակները քո ձեռքին են։ Պառլամենտն ունի սահմանադրական մեծամասնություն, ԱԱԾ, ոստիկանություն՝ բոլորն իրենց ձեռքին են։ Դրանից ավելի մնացել է մենակ տեր Աստվածը, բայց չի լինելու։

Այնպես որ, դա պետք է արվի, սուսուփուս պետք է արվի։ Այո՛, սրանք ճիշտ քայլեր են, բայց ուշացած, բայց կատաստրոֆիկ ուշ չէ։ Պետք է անել կտրուկ, առանց որևէ վայնասունի ուշադրություն դարձնելու։ Մենք պետք է սարքենք դատական համակարգ, ուրիշ ճանապարհ չունենք։ Եթե երկրում կա անարդարություն, բոլորը լինելու են անարդար։ Օրենքը պետք է լինի բոլորի համար, բոլոր գողացածներից պետք է մինչև վերջին կոպեկը բռնագրավել։

Պետք է վերցնես, որ բոլորը տեսնեն, որ գողացածը չի մարսվի։ Պատիժը դրա համար է պետք, այն պրոֆիլակտիկա է։ Այո՛, հետո ես պահանջելու եմ, որ այս ամենը տարածվի մինչև 1998 թվականի ժամանակահատվածի վրա։ Ես չեմ հասկանում, թե ինչու են հենց ա՛յս ժամանակահատվածն ընտրել։

- Այսինքն՝ պետք է նաև ավելի հետ գնա՞լ։

- Այո՛, անպայման։ Հանկարծ սա էլ չլինի Օպերայի շենքի տարածքի սրճարանների հարցը։ Սաղ կաֆեները քանդեցին, բացի Սամվել Ալեքսանյանի կաֆեից։ Էս ի՞նչ է։ Եթե սա կա, արդեն ինձ համար կատաստրոֆա է։ Ես շատ կուզեի լսել, թե ինչո՛ւ դա չի քանդվել։ Բոլորին ավլում-տանում ես, հենց մեկը դարձավ արտոնյալ, դրանից կատաստրոֆան սկսվում է։ Եվ ես դառնալու եմ ամենաընդդիմադիրը։ Ես էլ թավիշ չեմ սիրում, երբևիցե չեմ սիրել ու գտնում եմ, որ դա ռաբիսություն է։ Թավիշը շատ լավ բան է, բայց օպերայի վարագույրի համար։ Այլ տեղ ես դրա օգտագործման օրինակ չգիտեմ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am