Հարյուր հազարավոր դոլարներ եւ միլիոնավոր դրամներ․ Հանուն Հայաստանի հանրապետությա՞ն

24-05-2019
590 դիտում
Հարյուր հազարավոր դոլարներ եւ միլիոնավոր դրամներ․ Հանուն Հայաստանի հանրապետությա՞ն

Դատավորների ունեցվածքի ու անձնական կապերի մասին քննարկումները վերջին օրերին բուռն ընթացք են ստացել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների նկատմամբ վեթինգ կիրառելու մասին հանձնարարությանը զուգահեռ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործող «Ուրիշի փողերն ու մեր փողերը» էջում հրապարակվում են դատավորների հայտարարագրերը։

Դրանք փաստում են, որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում որոշ դատավորներ հսկայական գումար ու ունեցվածք են դիզել։ Որոշ դատավորների դեպքում պաշտոնի հարցում հավանաբար դեր են խաղացել նաև անձնական կապերը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դրամական միջոցները 2016 թվականին կազմել են 20,000,000 դրամ և 180,000 դոլար։ Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 410,000 դոլար և 15,000,000 դրամ։

Դավիթ Հարությունյանը ունի նաև 3 բնակարան, 2 ավտոտնակ, 2 բնակելի տուն, 1 հողամաս։

Հատկանշական է, որ Դավիթ Հարությունյանը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2007 թվականին, երբ Դավիթ Հարությունյանն ընդամենը 25 տարեկան էր, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցներն, օրինակ,  կազմում են 18,000 դրամ և 43,000 դոլար։
Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 14,000,000 դրամ, 49,500 դոլար և 33,000 եվրո։ Այս դատավորի դեպքում ևս անձնական կապեր են բացահայտվել։ Արթուր Ստեփանյանի հորեղբայրը դատավոր Վարդան Ստեփանյանն է, մորեղբայրը՝ քննիչ Գևորգ Ադամյանը։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի դրամական միջոցները կազմում են 108,000,000 դրամ, 96,000 դոլար և 4000 եվրո։
Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 36,500,000 դրամ։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի դրամական միջոցները կազմում են 14,000,000 դրամ։ Նրա կնոջ դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 228,000,000 դրամ և 294,000 դոլար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի դրամական միջոցները կազմում են 21,000,000 դրամ, 35,000 դոլար և 50,000 եվրո։ Նրա ամուսինը՝ Տիգրան Մարտիրոսյանը, 2018 թվականին ստացել է 65,000,000 դրամի նվիրատվություն։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանի դրամական միջոցները կազմում են 24,000,000 դրամ, 118,000 դոլար և 14,000 եվրո։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանի դրամական միջոցները կազմում են 83,000,000 մլն դրամ, 105,000 դոլար և 85,000 եվրո։

Հսկայական միջոցներ հայտարարագրած դատավորների ցուցակը ավելի լայն է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար պետք է ընթանա, և ոչ միայն դատավորների, այլ նաև դատախազների և այլ ոլորտներում պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերն էլ պետք է ուսումնասիրման առարկա դառնան։

«Ամբողջ խնդիրն այն է, որ դատավորների այդ հայտարարագրերը նոր չեն հրապարակվել, այս տեղեկատվությունը վաղուց է հրապարակվել։ Այսինքն՝ պետք է համակարգային մոտեցում լինի, ոչ թե ինչ-որ խնդիր ծագի, և սկսեն գործողություններ։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հերթով բոլորի գործերը պետք է նայեին, կանչեին։ Համակարգային մոտեցման դեպքում այս դատավորները գլխապատառ փախչելու էին»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ երբ անընդհատ խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, դա միայն Սերժ Սարգսյանին կամ քաղաքական իշխանության անմիջական ղեկավարներին ու նրանց ենթակա օլիգարխներին չի առնչվում։ Համակարգային կոռուպցիա ասածը ենթադրում է, որ այդ կոռուպցիոն համակարգը կազմված է դատարաններից, դատախազությունից, ԱԱԾ-ից, քրեակատարողական համակարգից և այլն։

«Այսինքն՝ պետական ամբողջ ապարատը կազմել են կոռուպցիոն այդ համակարգի օղակները։ Հիմնական և միակ մեխանիզմը, որով աշխատել է նախկին իշխանությունը, կոռուպցիոն մեխանիզմն էր։ Օրենքներն ու իրավական նորմերն ունեցել են ընդամենը արտաքին տեսք»,- ասում է իրավապաշտպանը։

Սաքունցի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում էր՝ թղթերով պաշտոնյաների մոտ ամեն բան կարգին էր։

«Հիմա այս դատավորները թուղթը ճիշտ սարքողներն են եղել։ Բայց սիրուն աչքերի համար չեն սարքել։ Որպես կոռուպցիոն այդ համակարգի մի մասնիկը՝ իրենք թուղթ դզողներն են եղել։ Եվ դա արժեցել է այսքան գումարներ, որոնք նրանք հայտարարագրել են»,- նշում է նա։

Սաքունցի խոսքով՝ կոռուպցիայի հարցով մյուսներին էլ պետք է անդրադառնալ։ «Ժամանակին ես հիշում եմ՝ Ռոմիկ Հարությունյան կար՝ ԱԱԾ պետի տեղակալ։ Նա 920 հազար դոլար գումար էր հայտարարագրել։ Հիմա ես ԱԱԾ պետին հարց եմ տալիս՝ քո նախկին պետի տեղակալը 920 հազար ԱՄՆ դոլար ուներ, դա քննության առարկա պե՞տք է դառնա, թե՞ ոչ։ Հիշենք ՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյան կար, ինչքան ունեցվածք ունեին նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այսինքն՝ այս հարցին ընտրողաբար չպետք է մոտենալ»,- ասում է նա։

Ըստ Սաքունցի՝ տարիներ շարունակ, երբ ծանոթանում էինք այս դատավորների, դատախազների, ոստիկանության, ԱԱԾ և այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին, հարցեր էին առաջանում՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am