Չգիտեմ, թե ո՛ւմ կողմից են հրահրվում այդ մարդիկ, բայց տպավորություն է, որ անցումային արդարադատությանը դեմ խոսողները չեն էլ ընկալել, թե ինչ է դա. Նիկոլայ Բաղդասարյան

28-05-2019
2025 դիտում
Չգիտեմ, թե ո՛ւմ կողմից են հրահրվում այդ մարդիկ, բայց տպավորություն է, որ անցումային արդարադատությանը դեմ խոսողները չեն էլ ընկալել, թե ինչ է դա. Նիկոլայ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

- Պարո՛ն Բաղդասարյան, ԱԺ-ում անցումային արդարադատության ներդրման թեմայով լսումներ տեղի ունեցան։ Ձեր կարծիքով՝ որքա՞ն է լինելու դրա արդյունավետությունը, քաղաքացու համար պարզ դարձա՞վ, թե ինչ է նշանակում անցումային արդարադատություն։

- Անցումային արդարադատությունը կամ անցումային արդարությունը որոշակի գործիքակազմի առկայությունն է։ Հանրության համար ամեն ինչ պարզ կդառնա, երբ այդ գործիքակազմի վերաբերյալ անհրաժեշտ օրենքներն ընդունվեն։ Երբ դրանք ընդունվեն, թե ինչպիսին է լինելու գործիքակազմը, և սկսեն կիրառել, բոլորի համար պարզ կդառնա։ Մինչ այդ, երբ չկան այդ օրենքները, պարզ չէ, թե ինչ գործիքակազմ է կիրառվելու, բնական է, որ հասարակ քաղաքացու, անգամ ինձ համար պարզ չէ, թե անցումային արդարադատության ժամանակ ինչ գործիքակազմ է կիրառվելու։

- Վեթինգի ինստիտուտի ներդրումով կարողանալո՞ւ ենք համերաշխության հասնել հասարակության մեջ, քաղաքական ուժերի մեջ՝ հաշվի առնելով, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ԲՀԿ-ն դեմ են նման ինստիտուտի ներդրմանը։

- Կարծում եմ՝ երբ պարզաբանվի ԲՀԿ-ին, թե ինչ է ներկայացնում վեթինգը, այդ ժամանակ նա կարող է կողմ կամ դեմ լինել։ Կան երկրներ, որտեղ վեթինգը կիրառվում է մշտապես, այսինքն՝ պաշտոնի նշանակելիս անձը պետք է անցնի վեթինգային որոշակի գործընթաց, մինչև այդ գործընթացը չանցնի, անձը չի կարող նշանակվել պաշտոնում։ Օրինակ՝ կարող է ձեր լրատվամիջոցում լրագրող նշանակվել այն անձը, որը վեթինգի գործընթաց է անցել։ Եթե այդ պաշտոնը զբաղեցնելու պայմանը դա է, և այդ պայմանը ընդունելի է բոլորի, այդ թվում՝ պաշտոն զբաղեցնողների համար, դրան առարկելու տրամաբանությունը ո՞րն է։

- Ինչո՞վ եք բացատրում, որ այդ գաղափարը հակազդեցության է արժանանում, մասնավորապես, ԱԺ-ում այդ թեմայով լսումների օրը ակցիա էին իրականացնում խորհրդարանի մոտ, սորոսականի պիտակ էին կպցնում վեթինգի կողմնակիցներին։ Այստեղ դուք վտանգներ տեսնո՞ւմ եք։

- Ճիշտն ասած, անցումային արդարադատության դեմ ակցիա անողների տեսակետները չեմ կիսում, որովհետև նրանք թեմայից դուրս են խոսում։ Նրան, ինչին իրենք դեմ են, ընդհանրապես անցումային արդարադատության հետ կապ չունի։ Խորհրդարանական լսումների ժամանակ ես իմ կարծիքն արդեն ասել եմ, որ անցումային արդարադատության գործիքակազմի մի մասն արդեն կիրառվել է։

Այդ գործիքակազմը ո՞րն է. դա նախևառաջ վարչապետի հայտարարությունն էր Մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ։ Երկրորդն այն օրենքն է, որով աջակցություն պետք է ցուցաբերվի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին։ Դա է գործիքակազմը, որը եղել վերջացել է, ու ես հիմա չեմ հասկանում, թե իրենք ինչի՛ն են դեմ։ Ինձ մոտ տպավորություն է, որ նրանք չեն պատկերացնում, թե ի՛նչ է անցումային արդարադատությունը։

- Կարծում եք՝ դրանք Ռոբերտ Քոչարյանի աջակիցների՞ կողմից հրահրվող քայլեր են։

- Ես չգիտեմ, թե ո՛ւմ կողմից են հրահրվում, բայց այդ մարդիկ, որոնք դեմ են իշխանությանը, դեմ են նաև այդ տեսակետին, ու տպավորություն է, որ չեն էլ ընկալել, թե ի՛նչ է անցումային արդարադատությունը։

- Վտանգ չկա՞, որ նրանք կփչացնեն գաղափարը։

- Եթե անցումային արդարադատության գործիքակազմը ճիշտ մշակվի և ճիշտ կիրառվի, վտանգ չկա, որովհետև մենք արդեն երրորդ, չորրորդ գործիքակազմն ենք կիրառում։

- Ընդհանրապես, ինչպե՞ս է կիրառվելու անցումային արդարադատությունը, պա՞րզ է ձեզ համար։

- Ինչպես արդեն ասացի, անցումային արդարադատությունը որոշակի գործիքակազմի ամբողջականություն է։ Ինչ վերաբերում է վեթինգին, մինչև օրենքը չլինի, չենք կարող ասել։

- Փաստորեն սա երկարատև՞ գործընթաց է։

- Նայած, թե ի՛նչ մեխանիզմ ես դնում հիմքում։ Այն մեխանիզմները, որոնք ես եմ պատկերացնում, երկարատև չէ։

- Կարծում եք՝ անցումային արդարադատությունն առողջացնելո՞ւ է դատական համակարգը, թե՞ վտանգներ էլ կան անցումային արդարադատության կիրառումից։

- Անցումային արդարադատություն է նաև Մարտի 1-ի տուժածներին աջակցությունը։ Դրա ի՞նչն է վտանգավոր։

- Անցումային արդարադատության կիրառումն ու վեթինգի ինստիտուտի ներդրումը կենսական նշանակությո՞ւն են ունենալու դատական համակարգի առողջացման տեսանկյունից։

- Անցումային արդարադատությունը դատական համակարգի հետ այնքան էլ էական նշանակություն չունի։ Անցումային արդարադատության նպատակն է վերականգնել զանգվածային խախտումների դեպքերը, այդ մարդկանց տրամադրել փոխհատուցում։ Անցումային արդարադատության նպատակն է հասարակության առջև բարձրացնել այն մարմինների վստահությունը, որոնք իրականացնելու են արդարադատություն։ Հիմա հարց՝ հնարավո՞ր է դա իրականացնել այլ գործիքակազմով, իհարկե հնարավոր է, բայց պետք է հարցադրում լինի, թե արդյոք այլ գործիքակազմով իրականացնելու դեպքում նույն էֆե՞կտը կստանանք, ինչ անցումային արդարադատության գործիքակազմով։ Ես կարծում եմ՝ ո՛չ, դրա համար հակված եմ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը։

- ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականը պայմանավորվա՞ծ է վեթինգի տակ մնալու մտավախությամբ։

- Չեմ կարող ասել՝ ինչո՛վ էր պայմանավորված, բայց որքան ես հիշում եմ, նա միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել , հետևաբար, նրա հրաժարականը, իմ կարծիքով, պայմանավորված էր նրանով, որ չի կարողանում այս պահին գոյություն ունեցող իրավիճակի հետ առերեսվել։ Դատական համակարգում իրավիճակն առողջ չէ, և նրա հրաժարականով ինչ-որ բան հաստատ կփոխվի դեպի դրականը։

Մանե Հարությունյան

MediaLab.am