Մելի հերոսությունը. Երկիրը սիրում է քեզ, դու՝ երկրին

31-05-2019
6197 դիտում
Մելի հերոսությունը. Երկիրը սիրում է քեզ, դու՝ երկրին

Երեկ ցերեկը Ամստերդամ խաղաղ քաղաքում դանակով զինված երկու մարդ հարձակվել են սուպերմարկետի դրամարկղի վրա՝ կողոպուտի նպատակով։ Այս մասին տեղեկացա ֆեյսբուքյան ընկերներիս մեկի գրառումից, որն ապրում է Հոլանդիայում։ Հարձակման պահին սուպերմարկետում առևտուր անելիս է եղել մեր հայրենակից Մել Դալուզյանը։ Կարողացել է կանխել դրամարկղի աշխատողին վնասելու և կողոպուտի փորձը։ Հոլանդական ԶԼՄ-ները նրա արարքը որակում են հերոսական։ Դալուզյանը դանակի ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։

Այսպիսի բան։ Մենք նրան գիտեինք որպես Մելինե Դալուզյան, իսկ հետո չուզեցինք իմանալ, որովհետև մենք ամեն ինչ ամեն ինչի մասին գիտենք։ Մարդը անատոմիապես ծնվում է որոշակի սեռով, բայց ունենում է սեռական նույնականացման հարց, որը կարող է համընկնել ու չհամընկնել անատոմիականի հետ։

Դուք սիրում էիք Մելինե Դալուզյանին, երբ նա բարձրացնում էր անհեթեթ ծանր ծանրաձողը ու ձեզ չեմպիոն սարքում։ Դուք սիրում էիք նրան, երբ նա բարձրացնում էր հսկա ծանրաձողը, ու հետո մեր երկրի դրոշն ու օրհներգը նրա շնորհիվ հնչում էին։

Իսկ ես փախցնում էի հայացքս, որովհետև, կուզեք՝ սեքսիզմ ասեք, կուզեք՝ ոնց կուզեք ասեք, ծանրաձող բարձրացնող կին տեսնել չեմ կարողանում, այնպես, ինչպես կին եպիսկոպոս։ Ես չգիտեմ ոնց էր, որ ձեզ շատ նորմալ էր թվում Մելինեն ծանրաձողով, իսկ հետո, երբ մարդը, հստակ զգալով իր սեռական նույնականացման խնդիրը, այն փոխեց՝ դուք չսիրեցիք իրեն։

Չէ որ ինքը ծանրաձող բարձրացնելիս էլ ձեր պատկերացրած աղջիկը չէր, դա ակնհայտ էր, ուրեմն ինչու չթողնել ապրի մարդը իր զգացած ճիշտ կյանքով։ Ումի՛ց պետք է թույլտվություն հարցնի իր օրգանիզմի ազդակները զգալուց հետո և ինչո՛ւ պիտի հարցնի։

Երեկ ցերեկը Ամստերդամում Մել Դալուզյանը ցույց տվեց չանտարբերություն։

Ես մտածում եմ՝ եթե նա մնար Հայաստանում ու ամեն օր զգար հայրենակիցների ամենաիմաց արհամարհանքը, պիտի ուզե՞ր հարվածի տակ դնելով սեփական կյանքը՝ փրկել դրամարկղի աշխատողին, պիտի ուզե՞ր կանխել կողոպուտը։ Ամեն սեր փոխադարձ է, ինչո՛ւ պիտի ուզեր։

Իհարկե, մարդ փրկելու, բռնությունը կանխելու ազդակը բնազդի պես է՝ չես մտածում, անում ես, բայց բնազդն էլ բթանալ ունի, երբ ամեն դեռ ու արդեն ոչինչ չարած մեկը կարող է մարդուն մատնացույց անել ու վիրավորել միայն այն պատճառով, որ բնությունն իր փոխարեն որոշել է մի բան, այնպես, ինչպես մյուսների համար որոշել է այլ բան։

Ամստերդամ հասավ Մել Դալուզյանը հայրենակիցների ամենաիմաց քննարկումներից, մեղմ ասած՝ քննարկումներից ազատվելու համար։ Ծանր մարդիկ ենք մենք, ու մեր ծանրությունը մեր խորարմատ բարդույթներից է, որտեղ մենք զսպում ենք մեր անդնդախոր վախերն ու հընթացս տապալում ուրիշների հոգիները, որ իբր ապահով ապրենք, բայց ավելի ենք սկսում վախենալ, որովհետև անդնդախոր վախերին ավելանում է նաև մեղքի զգացումը։

Ձեր, մեր Մել Դալուզյանը, որ բարձրացնում էր անհեթեթ ծանր ծանրաձողն ու հետո ձեր, մեր դրոշը, ու մենք տանը նստած գոռում էինք իր անունն ու ասում՝ «ցավդ տանեմ», ցավը չտարանք, երբ մարդն իր կյանքում կարևոր ճակատագրական քայլ արեց։ Ուժեղ մարդ է։ Մեր երկրում, այն էլ այնպիսի մի տեղ, որտեղ բոլորը «նամուսի» քարոզիչներ են, նա արեց իր կյանքի կարևոր քայլը մի շատ պարզագույն պատճառով. բնությունն իրեն այդպես էր ստեղծել, այդպիսին է ինքը, այնպես, ինչպես դուք այդպիսին չեք։

Երեկ ցերեկը, Ամստերդամ աշխարհի ամենախաղաղ քաղաքում, մեր Մել Դալուզյանը մարդու կյանք է փրկել, ստացել է դանակի երկու ծանր վնասվածք, կանխել է կողոպուտը, ԶԼՄ-ները նրան հերոս են կոչել, ու, պատկերացնո՞ւմ եք, այդ «բարոյազուրկ» Ամստերդամում չեն հետաքրքրվել Մել Դալուզյանի անատոմիական, սեռական կողմնորոշման, սեռական նույնականացման խնդիրներով ու Ամստերդամի խոսվածքով չեն ասել՝ «վա՛խ, արա՛, էսի նրանցից ա»։

Պատկերացնո՞ւմ եք։ Մի՛ վախեցեք ասել, որ կուզեիք ապրել մի երկրում, որտեղ ձեր վախերը կվերանան, բոլոր վախերը՝ ծեծված լինելու, ծաղրված լինելու, փոքրամասնություն լինելու, հարուստ չլինելու, ծանոթ պաշտոնյա չունենալու, տգեղ լինելու, շատ բոյով կամ շատ կարճահասակ լինելու, գեր ու կախեկտիկ նիհար լինելու։ Իհարկե կուզեիք ապրել մի երկրում, որտեղ անհեթեթ վախերը չվառեին ձեր ուղեղը։

Երբ երեկ երեկոյան իմացա, որ Մել Դալուզյանը Ամստերդամ խաղաղ քաղաքում մարդ է փրկել ու դանակի երկու խոր վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց, «վայ»-ից հետո առաջին միտքն այն էր, թե կուզե՞ր Մել Դալուզյանը վտանգել իր կյանքը Հայաստանում կողոպուտ կանխելու համար, երբ նույն դրամարկղի աշխատողն էլ, սուպերմարկետի տնօրենն էլ, կողոպտիչն էլ այս դեպքում համախոհ կծաղրեին իրեն. իհարկե չէր ուզի։

Ուրեմն նաև Ամստերդամ քաղաքն է պատճառ եղել երախտագիտության նման դրսևորման, ենթագիտակցական դրսևորման, պարզ է, որ այդ պահին Դալուզյանը չէր մտածել շնորհակալությունը հայտնելու մասին։

Մեր հայրենակից Մել Դալուզյանը, որ փախավ մեզնից, որովհետև մենք դաժան ենք, Ամստերդամի ԶԼՄ-ներում հերոսական արարքի հեղինակ է կոչվել։

Ապաքինում Դալուզյանին ու կյանքի ամենալավ բաներն այդ ուժեղ մարդուն։ Իսկ մեզ՝ իր չանտարբերությունից մի քիչ։ Այն չանտարբերությունից, որն առաջանում է փոխադարձ սիրուց՝ երկիրը սիրում է քեզ, դու՝ երկրին, իսկ երկիրը մարդիկ են, բոլորովին Նորավանքի մոմերը չեն։

Եթե սովորության համաձայն կուզեք տգեղ բառեր գրել, հիշե՛ք, որ դա անում եք ձեր մայրիկների բաց թողած դաստիարակության ու ձեր 387690 կտոր չկարդացած գրքի պատճառով

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am