«Ընտրություն կատարողը Արցախի ժողովուրդն է լինելու, և լավ կլինի, որ ներհայկական խնդիրներ չծագեն». Դավիթ Բաբայան

04-06-2019
893 դիտում
«Ընտրություն կատարողը Արցախի ժողովուրդն է լինելու, և լավ կլինի, որ ներհայկական խնդիրներ չծագեն». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

- Պարո՛ն Բաբայան, Արցախում համաժողովրդական շարժում սկսելու հայտարարություններ են հնչում։ Ինչպե՞ս են Արցախի իշխանությունները վերաբերվում նույն իշխանության մաս հանդիսացող Վիտալի Բալասանյանի այս հայտարարությանը։ Կարելի՞ է արձանագրել, որ քարոզարշավը Արցախում արդեն սկսվել է։

- Քարոզարշավը պետք է բաժանել դե յուրե և դե ֆակտո տիրույթների։ Դե յուրե քարոզարշավը, բնականաբար, չի սկսվել։ Օրենքի համաձայն, այն կարող է սկսվել ընտրություններից 2-3 ամիս առաջ։ Երևի պաշտոնական քարոզարշավը կսկսվի հունվարին, որովհետև ընտրությունները մարտի 31-ին են։

Այսինքն՝ ընտրարշավը պետք է մեկնարկի հաջորդ տարի։ Բայց դե ֆակտո, բնականաբար, այն կարող է ավելի շուտ սկսվել։ Մյուս կողմից՝ հիմա տեղի ունեցողը դասական քարոզարշավ չէ, դա ավելի շուտ դրա նախաբանն է։ Տարբեր քաղաքական ուժեր, տարբեր գործիչներ ներկայացնում են իրենց տեսակետները այս կամ այն խնդիրների, երկրի զարգացման տեսլականի, ռազմավարության և այլ հարցերի մասին։

Մի կողմից դա մի քիչ վաղաժամ է, մյուս կողմից՝ դրա մեջ որևէ վտանգ չկա։ Այս ընտրությունների յուրահատկությունն այդպես է, որովհետև, ի վերջո, փոխվում է իշխանության բուրգը։ Այս իրավիճակում, բնական է, որ գուցե անհրաժեշտություն կա քարոզարշավի դե ֆակտո մասը մի փոքր ավելի շուտ սկսելու, հատկապես որ հիմա ձևավորվում են տարբեր քաղաքական ուժեր, նոր կուսակցություններ։ Այդ նոր ուժերը պետք է ավելի շուտ սկսեն աշխատելը, որ ավելի ճանաչելի դառնան Արցախում։

Մյուս կողմից՝ Արցախը փոքր երկիր է, և գրեթե բոլորը գիտեն, թե ով ով է։ Դա էլ մեր երկրի առավելություններից մեկն է։ Այսինքն՝ թե ով է խոսում, ինչ է խոսում, ժողովուրդը շատ հեշտ կարող է իմանալ, թե իրո՞ք դա ճշմարտություն է, թե ոչ։ Ժողովուրդը շատ հեշտ կարողանում է համադրել այս կամ այն քաղաքական ուժի հայտարարությունները և նրանց իրական պահելաձևը։

- Այդուհանդերձ, կարո՞ղ ենք արձանագրել, որ քաղաքական պայքարն արդեն սկսված է։

- Կարող ենք փաստել, որ, այո՛, սկսվել է գործընթացը։

- Առաջիկայում հնարավո՞ր է լարվածություն առաջանա Արցախում՝ հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում։ Մասնավորապես, նման հայտ են ներկայացնում Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ պայքար է սպասվում։

- Կարծում եմ, որ թեժ պայքար է սպասվում։

- Արարատ Միրզոյանը չբացառեց, որ կաջակցեն Արայիկ Հարությունյանին։ Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն արդեն ունի՞ իր թեկնածուն, որին աջակցելու է նախագահական ընտրություններում։

- Չեմ կարծում, թե Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սատարելու է Արայիկ Հարությունյանին։ Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախը շատ նրբանկատ են եղել այդ հարցերի շուրջը։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում սատարել, Արցախի ժողովուրդը պետք է ընտրի իր ղեկավարներին։

Իհարկե, վատ չի լինի, եթե ամեն ինչ նորմալ լինի, ներհայկական խնդիրներ չլինեն։ Սատարել-չսատարելը միայն մարդկային առումներով է լինելու, որովհետև, ինչպես ասացի, ընտրություն կատարողը Արցախի ժողովուրդն է։ Այստեղ այլընտրանք չկա։ Եթե նույնիսկ գերտերությունները ինչ-որ մեկին սատարեն, դա չի նշանակում, որ եթե ժողովուրդը դեմ լինի, այդ քաղաքական գործիչները կարող են հասնել իրենց ուզածին։

Այս տեսանկյունից, ես կարծում եմ՝ պարոն Միրզոյանը մարդկային տեսանկյունից է տեսակետ հայտնել և չի հայտարարել, թե նախագահական ընտրություններին սատարելու են այդ թեկնածուին։

- Սակայն գիտենք, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է ՀՀ իշխանություններին, ողջունել է տեղի ունեցած հեղափոխությունը։

- Այո՛, դա իր տեսակետն է, և ամեն մարդ ունի իր տեսակետը, և բոլորը կարող են ազատորեն արտահայտել իրենց տեսակետները։

- Հայաստանի ԱԺ-ում ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ձևավորվում։ Ինչպե՞ս եք գնահատում նման հանձնաժողովի ստեղծումը, ինչպիսի՞ բացահայտումներ են հնարավոր, և դուք ինչպիսի՞ մասնակցություն կունենաք։

- Ամեն ինչ պետք է լինի շատ անաչառ ու օբյեկտիվ ձևով։ Ընթացքում կտեսնենք, թե ինչպիսի մոտեցումներ են, ինչ տեղեկություններ, ինչպիսի զարգացումներ կլինեն։ Դեռ վաղաժամ է որևէ գնահատական տալ։ Սպասումներն այնպիսին են, որ ամեն ինչ կլինի անաչառ։

Սա է ամենակարևորը։ Եթե եղել են ինչ-որ բացթողումներ, խնդիրներ, պետք է հենց դրանց անդրադառնալ և երբևիցե սուբյեկտիվ մոտեցումներ չլինեն։ Եթե եղել են թերացումներ, մենք անպայման պետք է իմանանք այդ երևույթների պատճառները։ Սպասենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ, ինչ նոր տվյալներ կլինեն, որից հետո արդեն կարող ենք խոսել։

- Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան ինչո՞վ է պայմանավորված։ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է դիպուկահարով ոչնչացնեն ՀՀ վարչապետին։

- Տեղի է ունենում այն, ինչի մասին մենք մշտապես բարձրաձայնել ենք։ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները, իր տեսլականը, իր ձգտումները, իր ծրագրերը մեր երկրի նկատմամբ։ Սա փաստ է։ Դրա համար մենք պետք է միշտ իրականությանը մոտ լինենք, որքան հնարավոր է։ Մի կողմից մենք տեսնում ենք որոշ դրական զարգացումներ, երբ Փաշինյան-Ալիև հանդիպումների արդյունքում քանակական առումով նվազել են կրակոցները։

Քաղաքական առումով զինադադարը միշտ էլ խախտվում է։ Մյուս կողմից՝ սա միայն մի մասն է իրավիճակը գնահատելու համար։ Երկրորդ մասն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպիսի զորավարժություններ են անցկացվում Թուրքիայի հետ։ 2019 թվականի դինամիկան այս առումով աննախադեպ է։ Եթե 2018 թվականին զորավարժություններ եղել են ամենաշատը զինտեխնիկայի և մարդկային ռեսուրսի ներգրավմամբ, հիմա կես տարվա ընթացքում արդեն իսկ առաջ է անցել թե՛ 2018 թվականից, թե՛ դրան նախորդող բոլոր տարիներից։ Թիրախը նրանք չեն էլ թաքցնում։

Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հայտարարություններ են արվում, անգամ ՀՀ վարչապետի վերաբերյալ։ Հիմա կարող են ասել՝ դե, հիմա մի խելագար պատգամավոր է խոսում, բայց դա այդպես չէ։ Ի տարբերություն ժողովրդավար երկրների, որտեղ շատ դեպքերում մարդիկ իրենց անձնական պատկերացումներից ելնելով այս կամ այն հայտարարությունն են անում, Ադրբեջանում ամեն ինչ վերահսկվում է։ Չի կարող այդ երկրում պատգամավորը կամ քաղաքական շրջանակներից որևէ մեկը նման հայտարարություն անել։ Սա ուղղորդվում է ամենաբարձր մակարդակով, քանի որ այնտեղ տոտալիտար է համակարգը։

Մանե Հարությունյան

MediaLab.am