«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախում իշխանության վերադառնալու հույսեր ունեն՝ հաշվի առնելով նրանց խորը կապերը եւ ֆինանսերը». քաղաքագետ

05-06-2019
1310 դիտում
«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախում իշխանության վերադառնալու հույսեր ունեն՝ հաշվի առնելով նրանց խորը կապերը եւ ֆինանսերը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

- Պարո՛ն Պապյան, հայտարարություն է եղել, որ հունիսի 4-18-ը Արցախում կանցկացվի ստորագրահավաք՝ Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխության ենթարկելու համար։ Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները կարծես Սամվել Բաբայանի կողմնակիցներն են, ովքեր դա հիմնավորում են նրանով, որ «սահմանադրական փոփոխություններով հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիներին նույնպես մասնակից լինել Արցախում ընթացող ցանկացած քաղաքական գործընթացի, այսպիսով ապահովելով մեր երկու պետությունների օրինական ինտեգրումը»։ Դուք սոցիալական ցանցում կարծիք էիք հայտնել, որ հող է նախապատրաստվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վերադարձի համար։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։

- Նախ՝ նման պնդման տեղիք է տալիս ժամանակը, որ այս ստորագրահավաքն անցկացվում է անմիջապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը այցելություններ կատարեց Արցախ, իսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը հենց նույն Արցախից արված միջնորդությամբ փոխվեց։ Մինչ այդ էլ Սամվել Բաբայանն էր խոսել 2020 թվականին կայանալիք Ղարաբաղի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Եվ նրա խնդիրը հենց այդ մասով էր, այսինքն՝ համապատասխան գրանցման ժամանակահատվածի հետ էր կապված։

Հաշվի առնելով տարբեր աղբյուրներից եկող այն տեղեկատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ի պաշտպանության նրա է հանդես գալիս, իսկ Սերժ Սարգսյանն էլ ուզում է որպես քաղաքական գործոն Արցախն օգտագործել, ես շատ տրամաբանական և հավանական եմ համարում, որ այդ նախաձեռնությունը հենց դրա համար է և ոչ թե այն բանի համար, որ Հայաստանի հետ իբր ավելի սերտ լինեն։ Եթե այդպես է, ի վերջո դա կարելի էր անել առաջիկա ընտրություններից հետո։

Ակնհայտ է, որ եթե որևէ մեկը Արցախի հետ կապված չէ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նման, այսինքն՝ նրանց խորը կապերը, գումարած ֆինանսական հնարավորությունները, որևէ մեկը չի կարող բուն Հայաստանից այնտեղ ընտրությունների մասնակցել։ Հետևաբար, դա ճիշտ կլինի անել հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ մի 4-5 տարի ժամանակ կլինի, և տարբեր ուժեր կամ անձինք կկարողանան դրան նախապատրաստվել։

Կարելի է ենթադրել, որ դա կա՛մ իշխանական նախաձեռնություն է, կա՛մ այն մարդկանց, ովքեր շահագրգռված են այդ փոփոխություններով։ Նաև՝ հասարակական կարծիքը դրանով շոշափելու նպատակ կա, որ տեսնեն, թե ինչ արձագանք կլինի։ Դրա համար ես իմ տեսակետը գրեցի, որ այն տեղերը, որոնք իրենց օրը ցերեկով են ուզում անցնել, մենք վաղուց գիշերով ենք անցել և ամեն ինչ շատ լավ պատկերացնում ենք։

- Այսինքն՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Արցախում իշխանության վերադառնալու հույսե՞ր ունեն, և ի՞նչ շանսեր կարող են լինել։

- Իհարկե հույսեր ունեն։ Ի վերջո, նրանք այնտեղ ունեն իրենց հավատարիմ մարդիկ, ֆինանսական միջոցներ ունեն։ Բացի դրանից, եթե անգամ շանսեր չունենան, ինքնին մասնակցությունը մեծ հնարավորություններ է տալիս։ Կոնկրետ, եթե անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի պարագային, եթե անգամ նա այնտեղ գրանցվի որպես նախագահի թեկնածու և մասնակցի ընտրապայքարին, նրանք կարող են պահանջ դնել՝ խափանման միջոցը փոխեք, որ այս մարդը գնա այնտեղ ընտրապայքարին մասնակցի։

Հետո նման մարդուն նորից ձերբակալելը լրիվ քաղաքական ձևակերպում կունենա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ տարբեր խմբեր կարող են իրար մեջ համաձայնության գալ, մեկին նախագահի թեկնածուն առաջադրեն, մյուսին ԱԺ նախագահի պաշտոնի համար դիտարկեն։

Այսինքն՝ ես կարծում եմ, որ նրանք նման հավակնություններ ունեն։ Նրանք առայժմ անուղղակի են գործում, այսինքն՝ չեն հայտարարել, որ կմասնակցեն 2020 թվականին կայանալիք ընտրություններին, այլ ամեն մեկը ինչ-որ թեկնածուի թիկունքում է գտնվում, բայց երբ մոտենա ժամանակը, ամենայն հավանականությամբ կերևա։ Եթե նրանց չհաջողվի միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալ, ապա կառաջադրեն տարբեր թեկնածուներ։

- Դա ինչպե՞ս կընդունի Արցախի հասարակությունը։

- Հասարակությունը տարբեր է։ Այսօր Հայաստանում մարդիկ կան, ովքեր Քոչարյանին և Սերժ Սարգսյանին են աջակցում, որովհետև այս փոփոխություններից տուժում են։ Նույնկերպ էլ Արցախում մարդիկ կան, ովքեր թալանել են երկիրը, բանակը, նրանց սատարողներ կլինեն։ Նաև հաշվի առնելով այն, որ այնտեղ շատ մեծ վախի մթնոլորտ կա, ավելի, քան նախքան հեղափոխությունը Հայաստանի այս մասում, հետևաբար այդ ժողովրդին ճնշած պահելը շատ ավելի հեշտ է։ Մի՛ մոռացեք, որ խոսքը մոտ 100 հազար մարդու մասին է, ում վերահսկելը շատ հեշտ է՝ ունենալով հսկայական ոստիկանություն, անվտանգության ուժեր և բանակ։

- Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ստանձնել է Հայաստանի իշխանություններին սատարելու դերը, իսկ ՀՀ իշխանությունները կարծես նրան են սատարում։ Սա ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Արայիկ Հարությունյանի համար առաջիկա ընտրություններում։

- Արայիկ Հարությունյանն ուզում է ցույց տալ, թե ինքը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է, աջակցում է նրան։ Բայց պետք է հիշենք, որ Արցախի ժողովուրդը բավական բացասական վերաբերմունք ունի նրա նկատմամբ։ Նա Արցախի ամենամեծ օլիգարխն է, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ հսկայական հողերի է տիրացել, դարձել է կալվածատեր։ Ոչ մի լուրջ ներդրում նրա կողքով չի անցել, ամեն ինչի մեջ բաժին ունի։ Բառացիորեն երեկ ինձ մի արցախցի էր մոտեցել ու ասում էր՝ Արայիկ Հարությունյանը բանկային համակարգի միջոցով բոլորին ստրկացրել է։

Մենք ասում ենք՝ Սերժի՛կ, հեռացի՛ր, Արայիկ Հարությունյանն այդ Արցախի սերժիկներից է։ Բնական է, նա հնարավորություններ ունի, հիմա այնտեղ կպած փող է բաժանում և տարբեր կառույցներ ստեղծում։ Բայց ես կարծում եմ՝ որպեսզի Արցախը համահունչ լինի Հայաստանի հետ, և կարողանան մինչև վերջնական միացումը համերաշխ առաջ գնալ, պետք է նոր մարդիկ գան, մարդիկ, ովքեր երբևէ թաթախված չեն եղել նմանօրինակ խառը գործերի մեջ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am