«Մարդիկ, ովքեր տեղեկություն են ունեցել Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ, բայց լռել են, հիմա պետք է խոսեն»․ Արթուր Սաքունց

05-06-2019
658 դիտում
«Մարդիկ, ովքեր տեղեկություն են ունեցել Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ, բայց լռել են, հիմա պետք է խոսեն»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է Մարտի մեկի սպանության գործերից մեկով ձերբակալության դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունն երեկ երեկոյան հայտնել է, որ Մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը։

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այնպես չէ, որ այս գործով կասկածները նոր են, վաղուց կային։ Կոնկրետ այս անձի սպանության գործով քննություն իրականացնելու և բացահայտելու ուղղությամբ հիմքեր կային։ Բայց այս ձերբակալությունը, ըստ իրավապաշտպանի, մեկ բան է ապացուցում, որ առնվազն 11 տարի Մարտի մեկի 10 սպանվածների գործով քննությունը կանխվել է քաղաքական իշխանության դիրքորոշման հետևանքով։

«Ժամանակին բազմիցս խոսվում էր, որ Մարտի մեկի սպանությունների գործը կարող է բացահատվել միայն իշխանափոխությունից հետո։ Այսինքն՝ հաշվի առնելով իշխանության բնույթը, որն ամբողջությամբ ավտորիտար էր և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով վերահսկում էր նաև նախաքննության մարմիններին, կարող ենք ասել՝ նրանք ուղղակի պատասխանատվություն ունեն սպանությունների գործով քննությունը կասեցնելու, կանխելու, քննություն չիրականացնելու գործում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Նրա խոսքով՝ այստեղ շատ կարևոր է ոչ միայն անմիջական սպանությունը կատարողին բացահայտելու և այդ ուղղությամբ քննություն կատարելու հարցը, այլև կարևոր է նաև պարզել, թե որոնք են եղել այն պատճառները, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են այդ սպանության գործը բացահայտելուն։ Այսինքն՝ այստեղ նաև քաղաքական իշխանության պատասխանատվության հարցը կա։

Նշենք, որ հատուկ քննչական ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով հունիսի 4-ին ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Մարտի 2-ին` ժամը 02:00-ին, նա անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց` որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ 

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»: Նրա մահվան պատճառ է դարձել գնդակը, որն արձակվել է 9 մմ տրամաչափի ատրճանակից։

Նախկինում Զաքար Հովհաննիսյանի հարազատները լրագրողներին ասել էին, որ նա մարտի 1-ին երեկոյան քաղաքի կենտրոն էր գնացել՝ հարևանին ընդդիմության հանրահավաքից տուն բերելու համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շեշտում է, որ այս գործի շրջանակներում պետք է նաև պարզել, թե ում հրահանգով, երբ և ինչպես է սպանվել անձը։

«Քննությունը պետք է գնա ոչ միայն սպանությունը կատարողի և սպանության մեխանիզմների բացահայտման ուղղությամբ, այլ նաև այդ սպանության գործի քննությունը կանխողների բացահայտման ուղղությամբ։ Այսինքն՝ այստեղ երկու կողմ ունենք՝ մեկը ինքնին սպանությունն է, մյուսը սպանության քննությունը կանխողների ուղղությամբ քննությունը։ Օրենքի պահանջն է դա, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության այդ սկզբունքները ենթադրում և պահանջում են, որ պետք է իրականացվի բազմակողմանի քննություն»,- նշում է Սաքունցը։

Նրա խոսքով՝ սա կարևոր փաստարկ է, որն ունի քաղաքական նշանակություն, որ քաղաքական իշխանությունն իր էությամբ եղել է անպատժելի և սպանությունները հովանավորողի դերում։

Իրավապաշտպանը նկատում է, որ այս ձերբակալությունը պետք է նպաստի այլ բացահայտումների ևս, մարդիկ չպետք է վախենան ու պետք է խոսեն։

«Մենք ակնկալում ենք, որ պետք է բոլոր սպանությունների փաստերով քննությունը արդյունավետ շարունակվի, և նաև անմիջական կատարողները բացահայտվեն։ Բայց շատ կարևոր է մի հանգամանք, որ անպատժելիության այն մտածելակերպը, որը գոյություն ուներ, ի վերջո հաղթահարվի։ Եվ շատ կարևոր է նաև մի եզրակացություն կազմել, որ թաքցնելը կամ հանցագործության բացահայտմանը չաջակցելը ծանրացուցիչ հանգամանքներ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տեղեկացված են և լռում են։ Իրենց իմացած տեղեկատվությունը չհաղորդելով՝ նրանք ըստ էության նաև կատարում են հանցագործություն»,- ասում է նա։

Եթե նախորդ իշխանության օրոք դժվար էր ենթադրել, որ նրանք կխոսեն, վախենում էին, ապա ներկա իշխանության օրոք նման վտանգը բացառվում է։

«Այն մարդիկ, ովքեր նախկինում լռել են, բայց տեղեկություն են ունեցել ոչ միայն սպանությունները կատարողների, այլ նաև հրահանգները տվողների վերաբերյալ, պետք է խոսեն»,-շեշտում է իրավապաշտպանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am