«Ոչ ոք չէր կարող տանկի կամ մեքենայից միջից դիզվառելիքը թափել, տեղը ջուր լցնել, սա հորինված պատմություն է»․ Վահան Բադասյան

05-06-2019
«Ոչ ոք չէր կարող տանկի կամ մեքենայից միջից դիզվառելիքը թափել, տեղը ջուր լցնել, սա հորինված պատմություն է»․ Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

- Պարո՛ն Բադասյան, օրերս մամուլում հրապարակում եղավ, որ բանակում 11 մարտական մեքենաների բաքերից դիզվառելիքը հանվել է, փոխարենը ջուր է լցվել, ինչի հետևանքով զինտեխնիկան շարքից դուրս է եկել։

Այնուհետև քննչական կոմիտեն հայտարարեց, որ դիզվառելիքի հափշտակության գործով մեղադրանք է առաջադրվել ավագ լեյտենանտի և երկու զինծառայողի։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ դեպքը վաղուց է եղել։

Այսինքն՝ նմանօրինակ դեպքերը քննչական մարմինները հանրությունից թաքուն են պահել և միայն մամուլի բացահայտումներից հետո են պաշտոնական տեղեկություն տալիս։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման դեպքերը։

- Ձեր նշած դեպքն ինձ համար նորություն է, բայց զարմանալի չէ, եթե արդարադատության մարմինները որոշել են արդարադատությունը տրորել, ուրեմն տրորելու են։ Դա ստոր սուտ է, որովհետև նման բան չի եղել։ Դա միտումնավոր են ասում, որպեսզի մեղքը բարդեն ինչ-որ հրամանատարի կամ նրա տեղակալի կամ որևէ պատասխանատուի վրա, ով գործողությունների ժամանակ գուցե իրեն ամենալավն է դրսևորել։

Այն զորամասում, որի մասին խոսում են, նման բան չի եղել, ոչ մի տեղ չկա նման բան։ Ըստ իս՝ քրեական գործը պետք է հարուցվի մեղավորներին պատժելու համար։ Ո՞ր մեղավորներին, այն մեղավորներին, ովքեր ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ մենք ապրիլյան պատերազմի օրերին ունեցել ենք անդառնալի կորուստներ։

Եթե իրավապահ մարմինները տրամաբանության ու օրենքի մեջ կգործեն, թող գործեն։ Եթե չեն գործի, պետք չէ պատճառներ ման գալ։ Ոչ ոք չէր կարող տանկի կամ մեքենայից միջից դիզվառելիքը թափել, տեղը ջուր լցնել։ Եվ նման բան չի եղել, հորինված պատմություն է։ Եվ իրավապահ մարմիններն ավելի լավ է գործը ստուգեն տրամաբանության սահմաններում, չի կարելի ստահոդ տեղեկություններ տարածել։

- Իսկ ի՞նչ դեպքեր են եղել, որոնց մասին դուք տեղյակ եք։ Բազմիցս ասվել է, որ տարատեսակ չարաշահումներ են եղել բանակում, որոնք հատկապես ապրիլյան պատերազմի օրերին ջրի երես դուրս եկան։

- Նման չարաշահումներ չեն եղել։ Եղել է հրամանատարության չիմացություն և անգործություն, որոնց մի մասը քրեորեն պատժելի արարքներ են, մյուսը մասը՝ երևի չէ։ Ինչո՞ւ չէ, որովհետև կային պատասխանատու մարդիկ, ովքեր ուղղակի անմեղսունակ են։ Նրանց այնտեղ նշանակողը պետք է պատասխան տա։

Ես բազմիցս ասել եմ, որ բարձրաստիճան հրամանատարական կազմին նշանակելիս առաջնորդվել են ոչ թե տվյալ անձանց մարտական պատրաստվածությամբ, այլ նրանց՝ հետընտրական և նախընտրական ժամանակաշրջանում իրենց ծառայելու ընդունակություններով։ Դրա համար ես կարող եմ պատասխանատու հայտարարել՝ եթե կոնկրետ քննություն սկսվի, ես կառաջարկեմ, որ քննչական մարմիններն որպես վկայի ինձ ներգրավեն՝ ցուցմունք տալու համար։

Եվ ես կարող եմ բավական փաստեր ներկայացնել, որոնք բերել են այն հետևանքներին, որոնց պատճառով մենք ունեցել ենք թե՛ տարածքային, թե՛ մարդկային կորուստներ։

- Հայաստանի Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով է ստեղծվում։ Ձեր կարծիքով՝ որո՞նք պետք է լինեն այդ հանձնաժողովի առաջնահերթ անելիքները։

- Ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովը պետք է անկախ քննչական մարմին ստեղծի, որը պետք է քննի այդ գործը։ Օրինակ՝ ես զորամաս գիտեմ, որտեղ զինվորական դատախազությունը, քննչական մարմինը և ռազմական ոստիկանությունը միասնաբար կատարել են ծանր հանցագործություն։

Այսինքն՝ ինչ-որ գործի վարույթի շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահում է եղել, նրանք կատարել են այնպիսի չարաշահում, որը բերել է մարտական պատրաստվածության շատ խիստ թուլացման։ Եվ մենք այդ տարածքում ունեցել ենք կորուստներ։

Ես դա այն ժամանակ բանավոր զեկուցագրով ներկայացրել եմ բարձրաստիճան հրամանատարությանը։ Ես պատրաստ եմ եղել նաև գրավոր դիմել, բայց ինձ ասել են՝ դրա անհրաժեշտությունը չկա, մենք արդեն ի գիտություն ենք ընդունել։

Սակայն մատը մատին չեն տվել, և չի կարելի այդ հանձնաժողովում ներգրավել քննողներ շահագրգիռ այդ կառույցներից, որովհետև նրանք իրար անշուշտ կպահեն։ Ես մեկ անգամ ևս նշում եմ, որ բանակում բացասական դեր են խաղում միջանձնային հարաբերությունները ճշտող իրավապահ մարմինները՝ ռազմական ոստիկանությունը, քննչական մարմինը, զինդատախազությունը և զինվորական դատարանը։

Այս մարմինները բոլորն իրար հետ բացասական իմաստով՝ «համերաշխ» նպաստում են բանակի անձնակազմի, մարտական պատրաստվածության թուլացմանը։ Այս կառույցները ապրիլյան պատերազմից դասեր չեն քաղել և մինչև հիմա էլ շարունակում են անհիմն քրեական հետապնդումները անձնակազմի նկատմամբ։

Եվ ես շատ-շատ օրինակներ ունեմ, բայց ոչ լրատվամիջոցների համար, քննություն իրականացնող մարմինների համար ես ունեմ բազմաթիվ փաստեր։

Մեր բացերը մենք պարտավոր ենք ինքներս շտկել։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկն անձնավորված պատժվի, իմ նպատակն այն է, որ շտկվի և ամեն ինչ արվի, որպեսզի բանակի մարտական պատրաստվածությունը բարձրանա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am