«Հիշում ենք նախկին ոստիկանության սանձարձակ հարձակումները, այդ անձը սանձարձակությունը տարածողներից մեկն էր»․ Ժաննա Ալեքսանյան

11-06-2019
1452 դիտում
«Հիշում ենք նախկին ոստիկանության սանձարձակ հարձակումները, այդ անձը սանձարձակությունը տարածողներից մեկն էր»․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերի պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ ակտիվացել է, այսպես կոչված, «սորոսականների» դեմ ակցիաները։ Ձեր կարծիքով, որտեղի՞ց է գալիս այս ալիքը, ովքե՞ր և ի՞նչ են ուզում։

- Ես չգիտեմ, թե որտեղից է այս ամենը գալիս, բայց կարող եմ ասել, որ վատ տեղից է գալիս, որովհետև դրսևորվում է շատ վատ ձևով, տհաճ պատմություններով։ Այդտեղով երեխաներ, մարդիկ են անցնում, ու այդ ագրեսիան տեսնում են։ Էլ չեմ ասում, որ այդտեղ մարդիկ են ապրում։

- Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։

- Իսկ սա ինչքա՞ն պետք է շարունակվի, և այն մարդկանց իրավունքները, որոնք այդ գրասենյակում աշխատում են, նրանց իրավունքները ո՞վ պետք է պաշտպանի։ Այսինքն՝ ամեն օր գալ դռների դիմաց կանգնել, ճչալ, գոռալ, դա հոգեբանական մեծ ճնշում է։

Մյուս կողմից՝ մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ ակցիան կազմակերպում են, համենայնդեպս, երևացողները ովքեր են։ Սրանք Էջմիածնի եկեղեցին էին արգելափակել ու խոստանում էին, որ այսօր էլ են արգելափակելու։ Կամ՝ ինչքա՞ն պետք է այս ամենը շարունակվի, մենք ամեն օր պետք է լսե՞նք նրանց։ Այսինքն՝ ամեն օր մի քանի տասնյակ ոստիկաններ պետք է գան այդտեղ կանգնեն, մինչև նրանք իրենց վայելքն ստանա՞ն։

Արդյոք նրանց արածը կապ ունի՞ հանրային շահի հետ, արդյոք այդպիսի հանրային պահանջ կա՞։ Մի քանի մարդ եկել, կանգնել են ու իրենց ուզածն են թելադրում։ Ես չգիտեմ, թե դրանք ինչ խնդիր ունեն, գուցե ինչ-որ խնդիրներ ունեն՝ Սորոսի հետ կապված։

Այսօր դրանք պատմում էին պատմություններ իրենց պատկերացումների նկարագրով, տրանսգենդերների մասին լկտի թելադրանքով ու ենթատեքստով։ Ես հիմա չեմ ուզում իրենց բացատրել, թե Սորոսն ով է, ինչ է, բայց նրանք իրավունք չունեն իրենց այդպիսի պահվածք թույլ տալու։ Կարծում եմ՝ իշխանությունները պետք է միջամտեն ու արգելք դնեն, ի վերջո։

- Ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունը։

- Ես կարծում եմ, որ իշխանությունները պետք է միջամտեն, որովհետև այդ մարդիկ դիմել են ոստիկանություն, իսկ ոստիկանությունը դիմողներին միայն ֆիզիկական հաշվեհարդարից է պաշտպանում դարպասների մոտ։

Ես տեսա, որ այնտեղ ոստիկաններ են կանգնած, բայց դրանց ձայնը այդ բարձրախոսով ամբողջությամբ լսվում է։ Դրանք այսօր բառեր էին ասում մարդկանց մասին լկտի տոնով։ Ասենք, Վարդգես Գասպարիի մասին ասում են՝ բառաչում է։ Այսինքն՝ վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս, իսկ ինչո՞ւ պետք է մենք դա լսենք, երբ ինչ-որ մեկը հրապարակային վիրավորական արտահայտություններ է անում։ Ես սա համարում եմ սանձարձակ պահվածք, և ո՞վ պետք է նրանց սանձի։

- Ըստ ձեզ՝ սա որքանո՞վ կարող է հրահրված լինել Ռուսաստանի կողմից։

- Չեմ բացառում, որովհետև Ռուսաստանը գովերգում էին, ասում են՝ Ռուսաստանում Սորոսի հիմնադրամը փակված է։ Շատ հնարավոր է, որ, այո՛, դա կարող է լինել Ռուսաստանի կողմից։ Ես անձամբ այդպիսի տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում այդպես մտածել։ Ես գիտեմ, որ նրանց պետք է սանձել։ Մենք էլ ենք այդտեղ աշխատում, այդ հիմնարկում, ամեն օր լսում ենք դրանց։

- Նարեկ Մալյանը ոստիկանների վրա է հարձակվում։ Նախկինում եթե քաղաքացիական ակտիվիստները մի բան անեին, առնվազն ոստիկանության բաժանմունքներում կհայտնվեին։ Դուք այս առումով մեղմացում նկատո՞ւմ եք։

- Մենք գիտենք, թե այդ անձը, որի մասին հարցնում եք, ինչ վարկանիշ ու ինչ հեղինակություն ունի։ Մենք հիշում ենք նախկին ոստիկանության սանձարձակ, բռի հարձակումները մարդկանց վրա և հիշում ենք, որ այդ անձը այդ սանձարձակությունը տարածողներից մեկն էր։ Հիմա եկել բարոյական ճառեր է ասում ու պարզվում է՝ Սորոսը նրա դուրը չի գալիս։ Մեկը լինի ստուգի, թե ի՛նքն ում դուրն է գալիս։

- Ոստիկանների աշխատանք ինչպե՞ս եք գնահատում։

- Դե, ոստիկանները լուռ կանգնած են։ Ի դեպ, նախքան ակցիան սկսվելը ես ոստիկաններին հարցրի՝ էլի այստեղ միտի՞նգ է, ոստիկանները չէին պատասխանում։ Ընդ որում, ոստիկանները շատ մեծ դժվարությամբ էին սանձում այդ, այսպես կոչված, ակտիվիստներին, բռնում, հետ էին բերում դարպասների կողմից։ Ես կարծում եմ, որ պետք է նրանց սանձել, թույլ չտալ, որ խաթարեն այդ մարդկանց աշխատանքը, էլ չեմ խոսում բնակիչների մասին, էդ իրենց կեղծ պատմություններով, ինչ-որ մեկին ծառայելով։ Ես չգիտեմ, թե ում են ծառայում, բայց սա շատ վատ ծառայություն է, պետք է հիասթափեցնեմ նաև պատվիրատուներին։

Մանե Հարությունյան

MediaLab.am