Գյուղապետի պատրաստած համեղ տոլմայից մինչև խմելու ջրի հարցը. Բազում համայնքի ղեկավարը չի դժգոհում «տղամարդկային» գործից

04-12-2010
380 դիտում
Գյուղապետի պատրաստած համեղ տոլմայից մինչև խմելու ջրի հարցը. Բազում համայնքի ղեկավարը չի դժգոհում «տղամարդկային» գործից

Երբ երկու տարի առաջ Սրբուհի Հարությունյանն ամուսնուն ասաց իր` գյուղապետ դառնալու մտադրության մասին, չնայած մերժում չստացավ, բայց հասկացավ, որ կյանքը հեշտ չի լինելու:

«Դու գիտես, մտածի՛ր, էգուց չասես` դժվար է, ինչո´ւ սենց արեցի»,-պատասխանեց ամուսինը:

Սակայն Լոռու մարզի Բազում գյուղի ներկայիս գյուղապետ Սրբուհի Հարությունյանը չի տրտնջում, որ դժվար է, չի զղջում իր որոշման համար:

«Հասկացա, որ կյանքիս այդ շրջանի դժվարությունն էլ պետք է հաղթահարեմ, որ դժվար քայլ չկա, ուղղակի պետք է այդ քայլն անեմ, այն հաղթահարելու ուղին գտնեմ ու առաջ անցնեմ»,- իր «տղամարդկային» գործն սկսելու նախապատմությունն է անում ծնունդով մեղրուտցի Սրբուհի Հարությունյանը:

Ժամանակի հեռավորությունից նա ժպիտով է հիշում, թե առաջին անգամ որպես գյուղապետ մարզկենտրոն նիստի ինչպես գնաց:

«Կաշկանդված, ամոթխած, բայց հասկացա, որ այդ կերպ գործն առաջ չի գնա, որ իմ համեստ պահվածքն այս դեպքում ոչ թե օգնելու այլ խանգարելու է»,-հիշում է Սրբուհին:

59-ամյա գյուղապետն արդեն երկու տարի է` ղեկավարում է գյուղը, որտեղ իր կյանքի մեծ մասն է անցկացրել ու լավ գիտի գյուղացու ամենօրյա խնդիրների մասին:

«Գյուղացու հոգսը գյուղացին կիմանա»,- համոզված է Հարությունյանը, որը շատ լավ գիտի գյուղի ելումուտը, դժվարություններն ու խնդիրները, քանի որ 17 տարի գյուղապետարանի հաշվապահն է եղել:

Պատմում է, որ նախկին գյուղապետից գյուղացիների կողմից դժգոհություններ լինելու պահերին միշտ մտածում էր. «Տեսնես` ես ի՞նչ գյուղապետ կլինեմ, կկարողանա՞մ հաղթահարել իմ առջև դրված խնդիրներն ու արդարացնել գյուղացու սպասելիքները»:

«Սերն այս գործի նկատմամբ աստիճանաբար է առաջացել, տարիների ընթացքում հասկացա, որ սովորել եմ ժողովրդի հետ լեզու գտնել, ինձ դուր էր գալիս նրանց օգնելը»,- ասում է Հայաստանում եզակի կին գյուղապետների մեկը, որը 2008-ին համայնքապետի ընտրություններում առաջ անցավ մյուս երեք մրցակիցներից` 430 ձայնից հավաքելով 146 ձայն:

«146 մարդ էր ընտրել, պատկերացրեք` 300 մարդ եկավ մեր տուն շնորհավորելու»,- ժպիտով պատմում է Սրբուհի Հարությունյանը, որը կյանքում իր նպատակներին այնքան էլ հեշտորեն չի հասել:

9-րդ դասարանում 15-ամյա աղջնակի ուսերին են ծանրանում տան հոգսն ու իրենից փոքր քույրերի ու եղբոր խնամքը, իսկ հոր մահից հետո նա լիովին մոռանում է ուսուցչուհի դառնալու իր երազանքի մասին:

«Մայրս ամբողջ օրն աշխատում էր, ստիպված մնում էի տանը, որ խնամեմ ինձնից փոքրերին: Դպրոց գնալու ժամանակ էլ չէի ունենում, բայց դասերս սովորում էի»,- հիշում է նա:

Դպրոցն ավարտելուց հետո շատերը զարմանում են՝ իմանալով, որ Սրբուհին բարձրագույն կրթություն չի ստանալու:

«Ուսուցչուհի դառնալու երազանքս հօդս ցնդեց, հնարավորություն չունեինք»,- պատմում է նա:

Կյանքի դժվարությունները, սակայն, չեն կոտրում նրան, ընդհակառակը. «Մանկությանս դժվար օրերն են ինձ կոփել, այսպիսին դարձրել: Դժվար է եղել, ամեն ինչ չէ, որ ունեցել եմ, բայց ձգտել եմ հասնել և հասել եմ»:

Ամուսնությունից հետո գյուղտեխնիկումում հաշվապահություն է սովորում ու որոշ ժամանակ անց աշխատում գյուղապետարանում որպես հաշվապահ:

«Ամուսինս երբեք իմ ազատությունը չի սահմանափակել, ես միշտ զգացել եմ նրա օգնությունը, ինչով կարողացել է` օգնել է, չի խանգարել»,- պատմում է գյուղապետն ու ավելացնում, որ, ցավոք, այսօր ոչ բոլոր ամուսիններն են նման ազատություն տալիս իրենց կանանց. «Այդ բացը մինչև օրս մեր տղամարդկանց մեջ կա»:

Սակայն ինչպես Սրբուհու ամուսինը, այնպես էլ Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող 1550 բնակիչ ունեցող Բազումի գյուղացիները անակնկալի չեկան, երբ ընտրություններից հետո իմացան կին գյուղապետի հաղթանակի մասին:

«Շատ ուրախացանք, որ իմացանք ինքն է ընտրվել: Մինչև գյուղապետ ընտրվելն էլ գյուղացիների համար շատ բաներ էր արել: Եթե լավ մարդ է, մեր նկատմամբ վերաբերմունքը լավ է, ի´նչ տարբերություն՝ գյուղապետը կին կլինի, թե տղամարդ»,- ասում է բազումցի 57-ամյա Վարդուշ Հովհաննիսյանը:

Բազումցիներն ասում են, որ տիկին Հարությունյանը, տեղյակ լինելով գյուղի բոլոր խնդիրներին, փորձում է ամեն ինչ անել դրանք լուծելու համար, իսկ երբ գյուղի մերձակա անտառում հրդեհ էր բռնկվել, առաջինն նա էր տեղում և տղամարդկանց հավասար հանգցնում էր կրակը:

«Բաներ կան, որ իրոք կնոջ գործ չէ, բայց եթե սիրում է, էլ կին ու տղամարդ չկա»,- ասում են գյուղի տղամարդիկ:

Չնայած գյուղը կառավարելու դժվար գործին` Սրբուհի Հարությունյանի առավոտը սկսվում է բոլոր գյուղացի կանանց նման:

«Անասուն էլ եմ պահում, հող էլ եմ մշակում, փակոցն էլ եմ անում, ինչպես բոլոր կանայք,- ժպիտը դեմքին պատմում է Բազումի գյուղապետը,-ամենաշատը սիրում եմ տոլմա պատրաստել, ամուսինս շատ է հավանում»:

Ամեն առավոտ բոլոր կանանց նման նա արթնանալուն պես տան մաքրությամբ է զբաղվում, ճաշ եփում, ապա` շտապում աշխատանքի:

Նրա համար ամենաթանկ էակը միակ աղջիկն է, որն արդեն ամուսնացել ու գյուղապետ մայրիկին թոռնիկ է պարգևել:

«Թոռնիկս դեռ փոքր է»,- երանությամբ ժպտում է նա:

Նա ասում է, որ ընտանիքից դուրս ամեն օր բախվում է գյուղի բազմաթիվ խնդիրներին:

«Գյուղի բնակիչն այսօր ապրում է տնամերձ հողամասը մշակելով և Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հարազատ-բարեկամների ուղարկած փողով,- ասում է նա: - Տուն չկա, որ դրսում մարդ չունենա: Եթե դա էլ չլինի, գյուղում համատարած աղքատություն կտիրի: Հողն անբերրի լինելու պատճառով այստեղի գյուղացին հիմնականում այն չի մշակում. խոտհարքերի համար են օգտագործում»:

Այնուամենայնիվ, համայնքն իր կին ղեկավարի օգնությամբ հաղթահարել է մի շարք խնդիրներ. մասամբ լուծվել են գյուղի ճանապարհային, բարեկարգման, վերակառուցման խնդիրները, սակայն Բազումը այլ գյուղերի նման բազում խնդիրներ ունի:

«Մենք մի քանի ցավոտ հարց ունենք, որ ինքնուրույն չենք կարող լուծել. գյուղը խմելու ջրի խնդիր ունի, մշակույթի տուն ու սպորտդահլիճ չունի»,- ասում է գյուղապետը ու հույս հայտնում, որ մոտ ապագայում այդ հարցերն էլ կլուծվեն:

Նա ասում է, որ երկու տարի անց գյուղում կրկին ընտրություններ են անցկացվելու եւ որ պատրաստվում է կրկին անգամ իր թեկնածությունն առաջադրել:

«Եթե չընտրվեմ, չեմ տխրի, ամբողջ ազատ ժամանակս ընտանիքիս ու թոռնիկիս կնվիրեմ, ու միայն այն, որ այսօր կարող եմ մարդկանց օգնել, դա էլ ինձ համար մեծ բան է»,- ասում է գյուղապետը, որը չնայած իր աշխատանքին համոզված է, որ կարևոր է նաև կանացիությունն ու քնքշությունը պահպանելը:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am