Թրուիի հեքիաթը. երկնքից բազմաթիվ խնձորներ ընկան, բայց դրանք չընկան կանանց գլխին, ինչպես երբեմն պատահում է

11-12-2010
346 դիտում
Թրուիի հեքիաթը. երկնքից բազմաթիվ խնձորներ ընկան, բայց դրանք չընկան կանանց գլխին, ինչպես երբեմն պատահում է

Փոքր թվային խցիկը «բռնացրել» էր Ծոմակին ու Մարիային` քնից նոր արթնացած, Բանգլադեշի խուլ անկյունները` ողողված բազմագույն գիշերային լույսերով, Իջևանի չկառուցված ճոպանուղու մոդեռնիստական կմախքը, այլ պատկերներ Հայաստանից:

«Այստեղ շատ անգամ եմ զգացել. Հա´, սա նման է Բելգիային, միայն թե շատ ավելի խեղճ, բայց հետո ուրիշ բան կպատահեր, ու կհասկանայի. «WOW! սա շատ տարբեր է»: Օրինակ` մենք սովոր չենք անծանոթներից կամ նույնիսկ ծանոթներից ու ընկերներից եկող ագրեսիային»,- ասում է Թրուի Հանուլեն:

Դիզայներ, ճանապարհորդ և լուսանկարիչ Թրուի Հանուլեն (1960) Բելգիայից է և իր մոտոցիկլով «ներխուժել» է տասնյակ երկրներ ու քաղաքակրթություններ:

2009-ին նա Հայաստան եկավ առանց մոտոցիկլի, որովհետև բեռնված էր անձնական խնդիրներով, իսկ մինչ այդ «փախել» էր Չինաստան:

«Իրիկունները մենակ էի իմ կացարանում, Երևանի արվարձանում, որը քաղաքի հիմնական մասի նման, հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, գորշ ու աղքատիկ է: Թեև հազվադեպ էի ինձ մենակ զգում Չինաստանում եղած ժամանակի պես, որովհետև լավ ինտերնետ ունեի»,- հիշում է Թրուին:

Անհնար է Թրուիին մենակ պատկերացնել. շատ զգացմունքային է, անընդհատ շարժման մեջ, միշտ պատմելու բան ունի: Քիչ է ժպտում, միանգամից ծիծաղում է` ընկերական թփթփացնելով զրուցակցի ուսին:

Թրուին ճանապարհորդ է, կիսանոմադ: Ճամփորդելով` նա փորձում է իր մեջ հաղթահարել շքեղ Արևմուտքի այն «հարուստ» կնոջը, ով ամբարտավանություն ունի իր կյանքը որպես «այլ կյանքի» օրինակ ցուցադրելու Պակիստանի պես երկրների կանանց:

Տարբեր քաղաքակրթություններում, իր պարզ ներկայությամբ և կյանքի փորձով` նա կփորձի վկայել, որ կնոջ կարողությունները միայն խոհանոցային կամ դաստիարակչական բնույթի չեն:

Հայտնի է, որ Արևմուտքում ճանապարհելը մեծապես ընկալվում է որպես կենսակերպ ու «կյանքի դպրոց»: Դա «անվերջ նորի» ձեռքբերման եվրոպական ավանդույթն է:

Թրուիի համար ևս ճանապարհորդությունը երբեք արձակուրդ չէ: Նա ուզում է լինել իրական կյանքի պատմությունների հեքիաթասացը:

«Իմ համեստ, անձնական, գունավոր ու «առաջին ձեռքի» փորձառությունները նրա համար են, որ մարդիկ այլ կերպ մտածեն աշխարհի ու իրենց կյանքի մասին: Մարդիկ, ովքեր չեն կարող կամ չեն ուզում ժամանակ ու փող ծախսել ճամփորդելու համար ու տեղեկացված են միայն մեդիայի միջոցով: Իսկ դա էն մեդիան է, որն ավելի ու ավելի է առևտրայնանում, որը կենտրոնացած է սենսացիոնի ու արտակարգի (extreme) վրա»,- ասում է նա:

Թրուին Հայաստանում մնաց երկու ամիս և, հետևելով իր հիմնական նախասիրություններին` միասեռականություն, արվեստ, հետզհետե ծանոթացավ կին և մեծ մասամբ քուիր (queer) արվեստագետների գործունեությանը:

«Ես լեսբուհի եմ ու ակտիվ եմ եղել կանանց և քուիր կանանց խմբերում դեռ 80-ականների սկզբից»,- ասում է Թրուին:

«Քուիր» եզրը Արևմուտքում կիրառվում է սեռական փոքրամասնությունների և գենդերային ինքնությունների առնչությամբ, այն սկսել է շրջանառվել նաև Հայաստանում: Օրինակ` իրենց քուիր են բնորոշում Querring Yerevan բլոգի արվեստագետները:

«Արևմուտքի շատ քուիրների համար պայքարն արդեն անցած փուլ է,- ասում է Թրուին,- մենք կարող ենք ամուսնանալ օրենքով, երեխաներ որդեգրել ու մեծացնել, ու ոչ մեկն աչքերը չի չռի, եթե ասես, որ պաշտոնական բիզնես-ընթրիքին բերելու ես քո ընկերուհուն»:

Այսպես Թրուիի մտքով անցավ գրել Հայաստանի քուիրների մասին: Ժամանակի ընթացքում «Հայկական ռապսոդիա» հոդվածը վերածվեց մշակութային հետազոտության:

«Մտադիր չէի համալսարանական մակարդակի գործ անել: Նպատակս էր ներկայացնել երկիրը ու ցուցադրել, թե ինչ ընտիր արվեստ են անում Հայաստանի մի քանի քուիր արվեստագետները, ուշադրություն հրավիրել նրանց աշխատանքի վրա, հետաքրքրացնել մարդկանց»,- ասում է Թրուին:

Նա չի տխրում, որ այդ արվեստագետներից ոմանք «տնկում են իրենց քթերը» և քննադատում Թրուիի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները:

Անկախ ամեն ինչից` Թրուիի հետազոտությունը մի շատ յուրօրինակ Հայաստանի մասին է, անծանոթ նախևառաջ Հայաստանին:

Նա ցույց է տալիս մի այլ երկիր, որտեղ կանայք քաղաքականապես գիտակից են և առաջ են մղում ժամանակը:

Նոյեմբերի 17-ին Բելգիայի Գենտ քաղաքի L-day-ի (Lesbian day/week-լեսբիական օր/շաբաթ) շրջանակներում նա ներկայացրեց այդ հետազոտությունը` դասախոսություն-միջոցառում կազմակերպելով Հայաստանի և հայ քուիր կանանց/արվեստագետների մասին:

Միջոցառման ժամանակ մեծ ոգևորություն էր առաջացրել «Համբուրի´ր ինձ, ես լեսբիանահայ եմ» գրությամբ վերնաշապիկը, նաև երաժիշտ-արվեստագետ Ծոմակ Օգայի առցանց պերֆորմանսը:

L-day-ը նա համարում է մեծ ազգային միջոցառում: Այս տարի այնտեղ առաջին անգամ ցուցադրվում էին նաև կին արվեստագետների գործեր: Թրուին չորս լուսանկար էր տպել Հայաստանի քուիր արվեստագետների գործերից ու ցուցադրել օրվա ընթացքում:

«Կարծեմ` համակարգողներ չկային»,- տխրում է նա` գլխի չընկնելով, որ ինքն է այդ համակարգողը, քանի որ իր հետազոտության մեջ ներկայացնում է ութ արվեստագետների` Սոնա Աբգարյանին, Արփի Ադամյանին, Լուսինե Թալալյանին, Լուսինե Վայաչյանին, Սվետլանա Անտոնյանին, Մելինե Տեր-Մինասյանին, Շուշան Ավագյանին, Ծոմակ Օգային:

Թրուին Երևանում գտավ կանանց իրավունքների խնդրով ակտիվորեն զբաղվող մի խումբ արվեստագետների ու գնահատեց դա «ստաժավորի» դիրքերից:

Հաջորդ տարի նա Հայաստան կգա արդեն մոտոցիկլով` կտրելով 4416 կիլոմետր:

Քանի որ Թրուի-«հեքիաթասացը» ցանկանում է այցելել նաև Վրաստան և Ադրբեջան, հավանաբար նա կամբողջացնի տարածաշրջանի քուիր պատկերը:

Կարին Գրիգորյան

© Medialab.am