Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը. «ՀԺ»

12-06-2019
244 դիտում
Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելն ու նրա աշխատանքը խոչընդոտելը. «ՀԺ»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Ըստ աղբյուրի, մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

«Նախագծով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)`պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով»,-գրում է «ՀԺ»-ն: Ավելին՝ սկզբնաղբյուրում: