Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

12-06-2019
239 դիտում
Աննա Հակոբյանը Արյունաբանական կենտրոնում ներկա է գտնվել «Լույսի կռունկներ» միջոցառմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և մասնակցել «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությանը: 

 Նախաձեռնության հեղինակները «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորող ճապոնացի ուսանողներն են, որոնք «Հիկարի» կենտրոնի աշխատակիցների և արյունաբանական կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ համատեղ  հազար օրիգամի կռունկ են պատրաստելու:

Միջոցառմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայը շեշտել է, որ իր երկրի համար կռունկներ նվիրելը շատ խորհրդանշական է և այն երջանկության խորհուրդն է կրում:

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել այս միջոցառմանը, որը նվիրված է բոլոր երեխաներին փայփայելուն և աշխարհն իրենց աչքերով տեսնելուն: Ինչպես դուք գիտեք Ճապոնիայում կռունկը բարության և գեղեցկության խորհրդանիշ է: Ճապոնացիները հավատում են, որ եթե մարդը պատրաստի 1000 կռունկ, նրա ցանկությունը կկատարվի»,- իր ելույթում ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ կռունկները կկատարեն նաև հայ մանուկների երազանքները:

«Նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, հաճելի և հուսադրող: Գնահատում և կարևորում ենք այս համագործակցությունը: Երեխաների համար շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ հավելելով,  որ կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում:

«Խորհրդանշական օր է, որը նվիրված է եղել ճապոնացի այն երեխաներին, որոնք Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում աղետից հետո հիվանդացել են լեյկեմիայով: Բուժման ընթացքում երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է սարքի, և այդ կռունկները պետք է ուղարկի տարբեր ծիրեր, և հազարերորդ  կռունկն ուղարկելուց հետո Աստված նրան պետք է առողջություն տար: Այս լեգենդի վրա է հիմնված այսօրվա հանդիպման առիթը: Կուզեմ, որ հայ երեխաները, ովքեր այս օրերի ընթացքում փորձեցին նմանվել իրենց ճապոնացի բախտակիցներին, Աստված նրանց բոլորին առողջություն տա»,- ասել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները: Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շրջել է նաև կենտրոնով, շփվել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ, նրանց նվիրել օրիգամիից պատրաստված կռունկ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: